Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ հստակ դիրքորոշում է հայտնում Եվրասիական միության հեռանկարի վերաբերյալ: Ազատ դեմոկրատները համարում են, որ Եվրասիական միությունը կլինի Հայաստանի ազատականության եւ ինքնուրույնության խոչընդոտ:
Հայաստանի քաղաքական դաշտում քիչ են հստակ մոտեցումները Եվրասիական միության հեռանկարի վերաբերյալ: Կուսակցություններն այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ չեն արել: Կարելի է ենթադրել, որ միությանը Հայաստանի անդամակցելուն դեմ կլինի Ժառանգություն կուսակցությունը՝ Ազատ դեմոկրատների գործընկերը: Այդուհանդերձ, Ժառանգության պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել:
Հստակ դիրքորոշում արտահայտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հունիսին, երբ Մոսկվա էր այցելել Սերժ Սարգսյանը, ռուսական մամուլում այցին զուգահեռ լույս տեսավ Տիգրան Սարգսյանի հոդվածը, որտեղ նա նշում է, որ Հայաստանի համար տնտեսապես եւ զարգացման հեռանկարի առումով առավել շահեկան է Եվրամիությունը, քանի որ Եվրասիական միության հետ ընդհանուր սահման գոյություն չունի:
Այդուհանդերձ, չնայած ՀՀԿ-ական վարչապետի այդ հայտարարությանը, Հանրապետական կուսակցությունը կարծես թե որոշակի խաղի մեջ է Եվրասիական միության գաղափարը առաջ մղող Ռուսաստանի հետ եւ Եդինայա Ռոսիա կուսակցության հետ ինչ որ խորհրդակցություններ ու քննարկումներ է պատրաստում կազմակերպել Երեւանում:
Եվրասիական միության ջատագով է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Ընդ որում, կուսակցությունը միության գաղափարի օգտին է արտահայտվել թե կուսակցական ֆորմատով, թե նաեւ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության ֆորմատով: Ընդ որում, այդ միությունը հանձն է առել Հայաստանում Եվրասիական միության գաղափարը տարածելու գործը:
Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ն դեռեւս չի արտահայտվել հենց անդամակցելու օգտին: ԲՀԿ-ն կողմ է գաղափարին եւ դրա գեներացմանը, իսկ հայտարարություն, թե պետք է անպայման անդամակցել, չի եղել:
Հայ ազգային կոնգրեսը Եվրասիական միության գաղափարի վերաբերյալ առայժմ լռում է:
Կարծես թե լռում է նաեւ Դաշնակցությունը:
Այլ քաղաքական ուժեր էլ, որ «պաշտոնապես» չեն մտնում այսպես ասած հիմնական հնգյակի մեջ, կարծես թե դեռ չեն հայտնել իրենց հստակ դիրքորոշումները:
Պատկերն անկասկած բավական լղոզված է, ինչն իհարկե Հայաստանի քաղաքական դաշտին վերաբերող գրեթե բոլոր հարցերին է բնորոշ:
Լղոզվածության հիմնական արդարացումն այն է, որ Եվրասիական միությունը դեռ գաղափար է, հետեւաբար չարժե մինչեւ մանրամասն քննարկելը ինչ որ դատողություններ անել դրան միանալ-չմիանալու վերաբերյալ:
Բայց, օրինակ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը պարզ շարադրել է չմիանալու վերաբերյալ իր փաստարկները, իհարկե հայեցակարգային առումով: Դրա տակ անշուշտ կան նաեւ կոնկրետ մանրամասներ, որ կարող են բացվել անհրաժեշտության պարագայում:
Միանալու կամ գաղափարը ողջունելու առումով փաստարկներ առայժմ չկան, եւ գաղափարը ողջունվում է այն պարզ տրամաբանությամբ, որ ցանկացած բան կարելի է ողջունել, եթե այն չի պարունակում պատերազմի, բռնության եւ ռասիզմի կոչ:
Մինչդեռ խոսքը չափազանց լուրջ աշխարհաքաղաքական մրցակցության մասին է, այլապես պաշտոնական Մոսկվան այն չէր հռչակի իր արտաքին քաղաքականության սիրտը: Փաստացի, եթե այն չստացվի, ուրեմն Մոսկվայի արտաքին քաղաքականության սիրտն ըստ էության կդադարի բաբախել: Այսինքն, Եվրասիական միությունը Մոսկվայի համար կյանքի ու մահվան հարց է, ինչը նշանակում է, որ միության անդամները ոչ թե լինելու են սեփական սիրտն ունեցող օրգանիզմներ, այլ մոսկովյան սիրտը սնուցող օրգաններ:
Հետեւաբար, պարզ է, թե ինչ լրջագույն խնդրի հետ գործ ունի Հայաստանը, եւ այդ պայմաններում անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ հստակեցնել դիրքորոշումներն ու փաստարկային բազան: Թեեւ իհարկե տարբերակ է սպասել, թե օրինակ Հայաստանի քաղաքական ասարեզում ինչ կառաջարկի Ռուսաստանը գաղափարի հանդեպ լոյալության դիմաց:

Մեկնաբանություն