Հայկական մամուլում տեղեկություններ եղան, որ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը փորձում են հարաբերություններ կառուցել, կամ ինչ ինչ պայմանավորվածությունների գալ նախագահի առաջիկա ընտրությունից առաջ: Սերժ Սարգսյանի համար դա կլինի երկրորդ ժամկետը, այսինքն՝ այդ ընթացքում նա պետք է պատրաստվի իշխանությունը փոխանցելու: Իհարկե, եթե մինչ այդ չառաջանան ֆորս-մաժորային իրավիճակներ: Թեեւ, հայաստանյան ներկայիս իրականության մեջ ֆորս-մաժորը կարող է ընդամենը նշանակել այդ գործընթացի արագացում, քանի որ ներկայում հիմնական խաղացողները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են:
Ինչպես 2007-ին, 2012-ի խորհրդարանի ընտրությունից հետո էլ ՀՀԿ-ի «բացարձակ հաղթանակը» չլուծեց իշխանության խնդիրը Հայաստանում: ՀՀԿ-ն վերցրեց խորհրդարանի մեծամասնությունը եւ կազմեց կառավարություն, սակայն նրա իշխանությունն իրականում վիրտուալ է, անբովանդակ: Երկու «բացարձակ հաղթանակները», իրականում՝ իշխանության ուզուրպացիան «հայտնի շրջանակների» կողմից, ՀՀԿ-ին զրկել են հողից եւ որեւէ լեգիտիմությունից:
Այս իրավիճակն, իր հերթին, առավել խորացավ Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման եւ նրանց կողմից հայկական ակտուալ խնդիրների հստակ ձեւակերպման ու պահանջատիրության ֆոնին:
Փորձագետները եւ վերլուծաբանները թերեւս այս հանգամանքը նկատի ունեին, երբ տեսակետ էին հայտնում, որ Սերժ Սարգսյանը «մնալու» համար պետք է ձերբազատվի ՀՀԿ-ից, քանի որ նման կուսակցության հետ, որը վաղուց վերածվել է քրեա-օլիգարխիայի ցուցանակի, անհնար է լինելու կառուցել սեփական իշխանությունը: Այս 4 տարիները ցույց տվեցին, որ հենց դա էլ տեղի ունեցավ: Սերժ Սարգսյանը կամ չկարողացավ, կամ չցանկացավ գնալ նման քայլի, թեեւ նախքան ընտրությունը նա բազմիցս հայտարարում էր նոր որակի խորհրդարանի, դրանում օլիգարխիկ հատվածի ներկայությունը նվազագույնի հասցնելու մասին: Կա տեսակետ, ընդ որում՝ բավական հիմնավոր, որ պատճառներից մեկն էլ ընտրությունից առաջ ԲՀԿ-ի եւ Հայ ազգային կոնգրեսի պահվածքն էր, որը կրկին «վերակենդանացրեց» այդ շրջանակներին:
Միով բանիվ, ինչպես եւ սպասվում էր, Հանրապետականը չհավատաց Սերժ Սարգսյանին, որ փոխի ու փոխվի: Նախագահական երկրորդ ժամկետը հակասահմանադրական երկրներում, մասնավորապես Հայաստանում իսկական «գլխացավանք» է գործող նախագահների համար, որոնք պետք է վստահելի իրավահաջորդ գտնեն եւ փորձեն լուծել իրենց ապագայի խնդիրը: Տվյալ պարագայում, Սերժ Սարգսյանը գտնվում է բավական բարդ իրավիճակում՝ ո՞ւմ հետ գնալ ընտրությունների, ում միջոցով լուծել ՀՀԿ-ի հարցը եւ ում փոխանցել իշխանությունը:
Տարբերակներից մեկը ԲՀԿ-ն է: Նախքան խորհրդարանի ընտրությունը, Իջեւանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ-ն փաստացի չմիջամտեց, եւ ԲՀԿ թեկնածուն հաղթեց, նաեւ Կոնգրեսի, ՀՅԴ-ի եւ Ժառանգության աջակցության պայմաններում: «Իջեւանյան մոդելի» այս մեխանիզմը կարծես թե գործի է դրվել Գյումրիում, որտեղ ՀՀԿ-ն ըստ էության աջակցելու է ԲՀԿ թեկնածուին: Դատելով առկա տեղեկատվությունից, նույնը տեղի է ունենալու Հայաստանի այլ խոշոր բնակավայրերի պարագայում, որտեղ աշնանը սպասվում են համայնքների ղեկավարների ընտրություններ: Դուրս գալով կենտրոնական վիրտուալ իշխանությունից, ԲՀԿ-ն այդպիսով փաստացի քայլ առ քայլ կվերցնի իրական իշխանությունը՝ քաղաքները, գյուղերը, «շրջապատելով» Երեւանը:
Հայ ազգային Կոնգրեսը «ճիշտ հաշվարկված եւ հեռատես քաղաքականության» արդյունքում վաղուց դարձել է ԲՀԿ «դռնապանը», որի գործառույթն այս կուսակցությանը «փողոցում» լեգիտիմացնելն է եւ նրան քաղաքացիական պահանջներից պաշտպանելը: Սակայն Կոնգրեսն ինքն արդեն վաղուց կորցրել է լեգիտիմությունը «փողոցում» եւ քաղաքացիական շրջանակներում, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների դեմ նրա ագրեսիվ հարձակումներն ավելի ու ավելի մարգինալ են դարձնում այս կուսակցությանը:
Քաղաքական համակարգի համար իսկական «գլխացավանք» է օր օրի թափ հավաքող քաղաքացիական հասարակությունը, որը վերջին շրջանում շոշափելի արդյունքներ է գրանցում, նախեւառաջ՝ իր առջեւ հստակ խնդիրներ դնելով եւ դրանք լուծելով: Նման բան Հայաստանում բացակայել է կուսակցությունների պրակտիկայում: Ի տարբերություն վերջիններիս, որոնք երկու տասնամյակ փաստացի գործել են հասարակության թիկունքում, հակաօրինական պայմանավորվածությունների ու գործարքների մեթոդներով, քաղաքացիական հասարակությունը չի ձգտում իշխանության, ինչն էլ հենց նրա ուժն է:
Այդ ուժն է ապագայում փոխելու Հայաստանի քաղաքական համակարգը եւ լուծելու իշխանության ձեւավորման հարցը, այդ իրավունքը վերադարձնելով ժողովրդին: Պատահական չէ, որ Հայաստանում քաղաքական համակարգի առանցքային հարցերից մեկը հենց քաղաքացիական նախաձեռնությունները չեզոքացնելու փորձն է: Այս հարցում շահագրգիռ են ինչպես իշխանությունը, այնպես էլ ԲՀԿ-ն ու Կոնգրեսը:
Ինչպե՞ս լուծել այս հարցը: Ինչպես նշվեց, Կոնգրեսն արդեն չի կարողանում կատարել ներկայիս իր հիմնական «գործառույթը». մնացել են հատուկենտ անձինք, որ ցանցերում եւ լրատվամիջոցներում շարունակում են քաղաքացիական հատվածի վարկաբեկման արշավը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այն ունի իր յուրահատուկ էլեկտորատը եւ ընտրությունների ու քաղաքացիական հատվածում հեղինակություն ունենալու մասով խնդիր չունի, սակայն քաղաքական հեռանկարի մասով նկատում է վտանգը: Այդ պատճառով, քաղաքացիական հատվածի դեմ նույնպես կենտրոնացրել է քարոզչական բավական մեծ ուժեր:
Սերժ Սարգսյանն, իր հերթին, ոստիկանության կոլեգիայի վերջին նիստին մասնակցելով, փաստացի այդ կառույցին «շնորհեց» գործելու բավական մեծ ազատություն, քարտ բլանշ, որի ուղղություններից մեկը լինելու է հենց քաղաքացիական նախաձեռնությունների չեզոքացումը:
Կարելի է ասել, որ Հայաստանի ներքաղաքական ապագա զարգացումներն ընթանալու են մի կողմից քաղաքական համակարգի ինքնապահպանման փորձերի, մյուս կողմից՝ քաղաքացիական արժեհամակարգի հաստատման ուղղությամբ: Հայաստանի քաղաքական համակարգը ժամանակավրեպ է ու նոր իրողություններին անհամարժեք, եւ նրա ինքնապահպանման փորձերն ավելի են խորացնելու ներքաղաքական ու ներհամակարգային ճգնաժամը: Դրա նշաններն արդեն առկա են ներկայում, երբ այդ համակարգը կրկին փորձում է համաձայնությունների գալ հասարակության թիկունքում:

Մեկնաբանություն