Դրական ազդակներ «Ազդակից»
Հուլիսի կեսերին «Ազդակ» օրաթերթի հրավերով այցելեցի Լիբանան և մոտ մեկ շաբաթ հնարավորություն ունեցա շփվելու լիբանանահայության ամենատարբեր շրջանակների հետ։ Հատուկ եմ ընդգծում այս վերջին հանգամանքը, քանի որ էն գլխից ակնկալում էի, որ այդպես էլ կլինի, և ես առիթ կունենամ հանդիպելու ոչ միայն ՀՅԴ-կան և ՀՅԴ-ամետ շրջանակների հետ։ Ինչ խոսք, ՀՅԴ-ն ամենաազդեցիկ գործոնն է լիբանանահայության կյանքում և Սփյուռքում ընդհանրապես, հատկապես՝ հայապահպանման գործում, բայց Սփյուռքն իր էությամբ, այդուհանդերձ, բազմատարր է։ «Ազդակի» խմբագրությունից ակնկալում էի նման վերաբերմունք այն պատճառով, որ քաջածանոթ եմ թերթի ու նրա խմբագիր Շահան Գանտահարյանի վարած քաղաքականությանը՝ չմեկուսանալ, ընդլայնել լսարանը և համագործակցության եզրեր փնտրել լիբանանահայության բոլոր շրջանակների հետ, ավելին՝ այդպիսին լինել նաև Հայաստանում և ամբողջ Սփյուռքում։ Այսօր արդեն, կարծում եմ, կարելի է փաստել, որ թերթը դարձել է համահայկական տեղեկատվական դաշտի ամենաառանցքային դերակատարներից մեկը։
Ինչ որ է, Բեյրութից բերած իմ հիմնական եզրահանգումը, իմ բերած մեսիջն այն էր, որ Լիբանանում սկսվել է մի նոր գործընթաց՝ տարանջատումից դեպի փոխշահավետ հայանպաստ համագործակցություն։
Բազմազանություն և առանցք
Աշխարհասփյուռ հայության մասին խոսելիս հաճախ է շեշտվում այն հանգամանքը, որ մենք շատ տարբեր ու բազմազան ենք՝ տարանջատված կրոնական և քաղաքական հայացքներով։ Գումարած դրան՝ լեզվի հանգամանքը։ Սակայն իրականում մեզնից է կախված՝ մեր բազմազանությունը մեր թերությու՞նն է, թե առավելությունը։ Նայած թե հարցին ինչպես ես մոտենում և ինչ նպատակներով ու մղումներով։ Բազմազանության մասին խոսողներից ոմանք դա որպես թերություն են ընկալում՝ հընթացս պնդելով միասնականության անհրաժեշտության մասին։ Սակայն միասնականությունը շատերի ընկալմամբ բոլորին մի տանիքի տակ հավաքել է նշանակում, ինչը շատուշատ վտանգավոր միտում է։ Միակամ ու միասնական լինելու մասին իշխանությունների կողմից մերթընդմերթ հնչող հայտարարությունների իմաստը երբեմն կարելի է ընկալել որպես կոչ՝ «միասնաբար ծառայեք մեզ»։
Իսկ ինչի՞ շուրջ միասնական լինենք։ Նախ պիտի քննարկման դրվեն հայության ճակատագրին առնչվող գաղափարները, միասին ընտրենք ամենաիրատեսականն ու հայանպաստը և ապա միայն միասնական լծվենք դրա իրականացմանը։ Առանց սրա բոլորին մի տանիքի տակ հավաքելն ուղղակի ինքնամեկուսացում ու ինքնաչեզոքացում է։
Համոզված եմ՝ մեզ տարանջատում է ոչ թե մեր լեզուն, այլ մեր մտքերը։ Մեզ տարանջատում են ոչ թե մեր կրոնական ու քաղաքական հայացքները, այլ հայության առջև ծառացած խնդիրների մեր տարբեր տեսլականները և ընդհանուր տեսլականի բացակայությունը։ Ուրեմն՝ կերտենք մեր ընդհանուր տեսլականը և հստակեցնենք մեր բոլորիս տեղն ու դերը դրա իրականացման գործում, գործ, որում բոլորս էլ մեր առանձին անելիքն ունենք և որում մեր բազմազանությունն ուղղակի ամենաարդյունավետ գործիքն է։ Ուստի ամենևին էլ կարիք չկա բոլորին մի տանիքի տակ ժողովելու, և ոչ մի ուժ (քաղաքական, կրոնական և այլն) չպիտի իրենով ամփոփի համայն հայությունը։
Միով բանիվ՝ խոսքն այն առանցքի մասին է, որ կարող է իմաստավորել մեր բազմազանությունը և այն դարձնել մեր հաղթաթուղթը։ Բանաձև կամ մոդել հնարելու կարիք չկա, այն վաղուց է տվել Ներսես Շնորհալին՝ գլխավորում՝ միասնություն, երկրորդայինում՝ բազմակարծություն և ամեն ինչում՝ սեր։
Նախևառաջ՝ քննարկման համահայկական հարթակ
Մեր բազմազանությունն ավելի արդյունավետ դարձնող առանցքն ինքնըստինքյան չի հայտնվի, դրա համար առաջին հերթին պիտի լուծել հայությանը հուզող խնդիրները եռամիասնաբար քննարկելու արդյունավետ հարթակների ստեղծման հարցը։ Քանիցս խոսվել է համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծման անհրաժեշտության մասին, եղել են համապատասխան հավաքներ, սակայն, ըստ իս, դրանք անհաջողության են մատնվել դարձյալ «մի տանիքի» հոգեբանությամբ հարցին մոտենալու պատճառով։ Ըստ երևույթին, հսկայածավալ ու համապարփակ նախաձեռնություններով դժվար թե հաջողվի արդյունավետ մոդել գտնել։ Հավանաբար, առանձին ամենատարբեր հարթակների ձևավորման հիման վրա հնարավոր կլինի դրանք դիտարկել համահայկական տեղեկատվական դաշտի համատեքստում, ուստի հարկ է խրախուսել նշյալ դաշտում բանավիճային հարթակի ստեղծման ամեն մի խելամիտ նախաձեռնություն։
Իսկ որ նման հարթակները կարևոր են՝ անվիճելի է։ Ինչպես ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից մեկն է ասում՝ «պարզվեց, որ թշնամու վրա միասնաբար կրակելն ավելի հեշտ է, քան հայրենիքի ճակատագիրը միասին քննարկելը»։ Մինչդեռ ներհայկական երկխոսությունն ամենակարևորն է, և նման երկխոսության հաջող փորձով ամրապնդված միայն կարող ենք գնալ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական և այլ երկխոսությունների։ Իսկ ներհայկական երկխոսություն չկա թե համահայկական կտրվածքով և թե եռամիասնության առանձին օղակներում։ Սրա վառ ապացույցը հայ-թուրքական մերձեցման ոչ վաղեմի փորձն էր, երբ ՀՀ իշխանությունը գնաց այդ երկխոսության՝ առանց հաշվի առնելու Սփյուռքի և սեփական հանրության կարծիքը։
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովները նմանատիպ մի հարթակ են՝ մեկ կոնկրետ խնդրի քննարկման համար։ Ուրախալի է, որ լիբանանյան հանձնաժողովում ընդգրկվել են տեղի բոլոր հիմնական դերակատարները՝ երեք ավանդական կուսակցությունները, երեք կրոնական ուղղությունները և բարեգործականը։ Մնում է, որ այս հաջողվող մոդելն աշխատի ամենուր։
Սակայն, ինչպես կաթողիկե հայոց Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքն է ասում՝ «մենք դա կարող ենք անել ոչ միայն անցյալի վերքերը բուժելու, այլ նաև մեր ապագային միտված հարցերում»։
Սփյուռքը կարող է, իրավունք ունի և պարտավոր է
Լիբանան տարած իմ հիմնական գաղափարը կամ մեսիջը հետևյալն էր՝ Սփյուռքը կարող է, իրավունք ունի և պարտավոր է պահանջատեր լինել նաև հայրենիքի հանդեպ։
Ոչ ոք կասկածի տակ չի դնում այն ահռելի օգնությունը, որ Սփյուռքը ցուցաբերել է երկու հայկական պետականություններին՝ ֆինանսական, մարդկային, բարոյահոգեբանական և այլն։ Բայց նաև գաղտնիք չէ, որ գնալով նվազում է սփյուռքահայության խանդավառությունը հայրենիքի հանդեպ ու դրանով պայմանավորված՝ նրա առարկայական մասնակցությունը երկու հայկական պետականությունների զարգացման գործին։ Եվ սրա հիմնական մեղավորները, իմ խորին համոզմամբ, երկու հայկական պետությունների իշխանություններն են, որոնք շարունակում են սփյուռքը դիտել որպես ֆինանսական աղբյուր եւ այդ իսկ պատճառով ցայսօր չեն մշակել զարգացման համահայկական մոդել ու չեն կարողացել այդ գործում ներգրավել համայն հայությանը։ Ավելին՝ չեն կարողացել պատշաճ վստահություն ստեղծել իրենց նկատմամբ։
Սակայն, ըստ իս, մեղքի իր բաժինն ունի նաեւ սփյուռքահայությունը, որն իր հերթին ցայսօր չի մշակել հայկական պետականություններին աջակցելու հստակ ռազմավարություն ու մեխանիզմներ եւ շարունակում է խարխափել զանազան բարդույթների ու կարծրատիպերի մեջ։ Սփյուռքահայերը եզակի բացառությամբ գերադասում են որեւէ գումար նվիրաբերել ու գլուխներն ազատել դրանց արդյունավետ օգտագործումը վերահսկելու ու երկրի կյանքին գործուն մասնակցելու գլխացավանքից։
Սփյուռքահայությունն, ըստ իս, պիտի մի պարզ ճշմարտություն հասկանա։ Այն, որ իր տրամադրած գումարները եւ իր աջակցությունը կարող են իմաստավորվել միայն այն դեպքում, եթե Հայաստանում ու Արցախում կայանա իրապես ժողովրդավարական երկիր ու քաղաքացիական հասարակություն, ուր կապահովվի հասարակության վերահսկողությունը իշխանությունների գործունեության նկատմամբ եւ ուր իշխանությունները պատասխանատու կլինեն իրենց յուրաքանչյուր քայլի համար։ Այլապես Հայաստանն ու Արցախը կնմանվեն դանայան տակառի, որը երբեք չի լցվի։
Հայրենիքի հանդեպ Սփյուռքի պահանջատիրության մասին առիթ եմ ունեցել խոսելու ամենատարբեր մարդկանց հետ։ Ու ամենուր կարծես թե կա փոխըմբռնում։ Ամենալավն ասել է Մեծի Տան Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը՝ «մենք իրավունք ունենք տեսնել մեր երազած հայրենիքի պատկերը»։
Այո, սփյուռքը կարող է, իրավունք ունի և պարտավորի մասնակցել հայրենիքի կայացմանն ու զարգացմանը, ամենատարբեր մասնակցություն ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Ոչ թե օգնել, այլ մասնակցել՝ ունենալով իր հստակ իրավունքներն ու պարտականությունները։
Դրամահավաքի փոխարեն՝ գաղափարահավաք
Ցավոք սրտի, երբ Արցախում խոսում են եռամիասնության մասին՝ նկատի ունեն հետևյալը՝ եռամիասնություն՝ հանուն Արցախի։ Հայաստանում՝ եռամիասնություն՝ հանուն Հայաստանի։ Իսկ եռամիասնություն՝ հանուն Սփյուռքի՞։ Որևիցե մեկը մտածու՞մ է այս մասին։ Իսկ Արցախն ու Հայաստանը տալու ոչինչ չունե՞ն Սփյուռքին։ Չէ՞ որ եռամիասնությունը միակողմանի երթևեկության փողոց չէ։
Բայց սա մեդալի մի երեսն է միայն։ Մյուս երեսն էլ բարվոք չէ։ Իսկ ի՞նչ ենք ակնկալում Սփյուռքից։ Փողից բացի ուրիշ բան ակնկալու՞մ ենք։ Գոնե հասկանու՞մ ենք, թե դրանով որքան ենք վիրավորում մեր սփյուռքահայ եղբայրներին ու քույրերին։
Համահայկական համաժողովներից մեկի ժամանակ, երբ խոսվում էր անելիքների մասին և հրատապ խնդիրներ էին բարձրացվում, ՀՀ նախկին նախագահներից մեկն ասել էր՝ ներդրում, ներդրում և նորից ներդրում։ Ի պատասխան հնչել է՝ վստահություն, վստահություն և նորից վստահություն։
Բայց մեկ այլ հարց էլ կա՝ ի՞նչ ենք հասկանում ներդրում ասելով, միայն փո՞ղ։ Ուրիշ ներդրում մեր մտքով չի՞ անցնում։ Մեր իշխանավորներից մեկին ժամանակին մի հարց էի տվել՝ դուք կուզեիք, որ Տարոն Աճեմօղլուն (բնականաբար՝ նախևառաջ տեղեկացրի, որ նա համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ է, որին վաղուց է ուզում իր ճանկը գցել Թուրքիան) ձեզ հարյուր դոլար տա՞ր, թե՞ երեք խորհուրդ տնտեսությունը զարգացնելու համար։ Բնականաբար, զրուցակցիս համար հարյուր դոլարն ավելի ընկալելի էր։ Շատ ավելի դժվարընկալելի էր այն, որ մեծ տնտեսագետի տված երեք խորհրդով մեր տնտեսությունը կարող է հարյուր միլիոն դոլարի շահ ունենալ։
Ինչ որ է, ՀՀ և ԼՂՀ իշխանությունները պիտի հասկանան, որ Սփյուռքը մի հսկայական ու բազմազան գանձ է և առաջին հերթին՝ ոչ նյութական, այլ մտավոր։ Մեր հայկական համայնքները գործում են ամենատարբեր երկրներում, ամենատարբեր համակարգերի ու ռեժիմների պայմաններում գործունեության կենսունակ փորձառություն ունեն, ինչը մեզ օդի պես անհրաժեշտ է ու կոնկրետ ցանկացած գումարից շատուշատ ավելի թանկ։ Մենք նրանց միջոցով ինքներս կարող ենք միջնորդ լինել ամբողջ աշխարհում ամենատարբեր հարցեր լուծելու գործում և դրանով իսկ բարձրացնել մեր կշիռն ու վարկն աշխարհում։
Վերջապես, մենք հարյուրավոր լուսավոր գլուխներ ունենք, որոնց մտքերն ու գաղափարները պահանջված չեն։ Այնպես որ, մի տարի էլ եկեք մեր դանայան տակառը չվերցնենք ու դրամահավաքի գնանք, այլ գաղափարահավաք անցկացնենք և եռամիասնաբար քննարկենք մեր հայրենիքի ճակատագիրը։
«Արմավիան» ընդդեմ եռամիասնության
Հայկական երկու պետականությունները պիտի համահայկական խնդիրներին օպերատիվ կերպով արձագանքելու և Սփյուռքի այս կամ այն օջախին հուզող խնդիրներին լուծում տալու կամ նպաստելու կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ունենան։ Որ այդպիսին չունենք՝ վկայում է սիրիահայերի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը, որն ուղղակի ամոթ է։ Չկային ոչ միայն նախապատրաստված միջոցներ, այլև, մեծ հաշվով, դրանք անելու ցանկություն էլ չկար։
Սակայն սա էքստրեմալ պայմաններում էր, մինչդեռ ամենօրյա խնդիրներ ու հոգսեր կան Սփյուռքում, որոնց նկատմամբ հայրենիքը պարզապես չի կարող ու չպիտի անտարբեր լինի։ Բարձրագոչ խոսքեր ենք ասում եռամիասնության, հայրենիքը ճանաչելու մասին, «Արի տուն» ծրագիր ենք հռչակում ու մեր սփյուռքահայ եղբայրներին ու քույրերին տալիս... «Արմավիայի» ձեռքը։
Երևան-Բեյրութ-Երևան չվերթն այնքան թանկ է, որ մարդկանց ուղղակի շոկի մեջ է գցում։ Այն էլ՝ շաբաթը ընդամենը մի անգամ։ Շատերը գերադասում են Դուբայով երթուղին, որովհետև այն անհամեմատ էժան է, բայց անհամեմատ ծանր, քանի որ երկու անգամ երկարացնում է ճանապարհը։ Տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս կարող է երկու անգամ երկար ճանապարհն անհամեմատ էժան լինել։
Պատասխանը մեկն է՝ «Արմավիան» մենաշնորհ ունի և ինչ ուզում է՝ անում է։ Բայց ինչպե՞ս կարելի է գերշահույթ հետապնդել սեփական ժողովրդի տառապանքների վրա։ Ու չէ՞ որ «Արմավիան» ազգային փոխադրողի կարգավիճակ ունի, և պետությունն էլ կարող է իր պայմանները թելադրել։
Իսկ այն, ինչ արեց այդ ավիաընկերությունը սիրիհայերի նկատմամբ՝ ուղղակի ամոթ է։ Սիրիական տագնապի ժամանակ դադարեցրեց չվերթերը, ապա մ ի շարք բողոքներից հետո վերականգնեց այն, բայց շատ ավելի թանկ, այն էլ՝ ոչ պարբերական ձևով, այն էլ որոշակի պայմաններով՝ չվաճառելով միակողմանի ավիատոմս։
Իսկ ու՞ր էր պետությունը։
Մարտահրավերներ և հնարավորություններ
Համահայկական խնդիրների մասին խոսելիս մարդիկ սովորաբար զարմանում են պետության անտարբերությունից։ Իրականում զարմանալի ոչինչ չկա մեր այսօրվա իրողությունների պարագայում։ Դառը իրականությունը հետևյալն է։ Նոր ժամանակները նոր մարտահրավերներ են հայ ժողովրդի գլխին բերել, բայց նաև նոր հնարավորություններ են բացել նրա առջև։ Այս պարագայում իշխանությունը «աշխատանքի բաժանման» մի շատ վտանգավոր ու աներևակայելի տարբերակ է նախընտրել՝ հնարավորությունները վերցրել է իրեն, իսկ մարտահրավերները թողել ժողովրդին։ Դրության ողբերգազավեշտն այն է, որ մարտահրավերներին դիմակայելու բոլոր լծակները հենց իշխանության ձեռքում են մնացել։
Թե Հայաստանում և թե Արցախում իշխանությունը դարձել է պետություն՝ պետության մեջ։ Մի իսկական պետություն՝ իր առանձին բյուջեով, իր առանձին դեսպանատներով, իր առանձին լրատվամիջոցներով և այլն։ Պետության մեջ գտնվող պետության ու հանրության շահերն իրար ոչ միայն համահունչ չեն, այլև հակասում են, կա շահերի բախում։ Հենց հանրության շահերն են ավելի մոտ համահայկական շահերին։ Ահա թե ինչու նույն՝ սիրիական տագնապի պայմաններում իշխանությունները սկզբում ոչինչ չէին ձեռնարկում և միայն հանրության մամլիչ ուժի տակ ստիպված եղան ինչ-որ բան ձեռնարկել։
Առակս զի՞նչ ցուցանե։ Մինչև չունենանք քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկիր՝ համահայկական հնչողության հարցերը չեն լուծվի։ Ահա թե ինչու քաղաքացիական շարժումները չպիտի վրիպեն Սփյուռքի ուշադրությունից։
Սփյուռք և Արցախ
Սփյուռքում վերջին տարիներին եթե Հայաստանի նկատմամբ հաջողվում է հաղթահարել կարծրատիպերը և անաչառ պատկերացում կազմել նրա մասին՝ դրանից բխող հետևանքներով, ապա Արցախի նկատմամբ վերաբերմունքում քիչ բան է փոխվել։ Սփյուռքը կարծես կամա թե ակամա խնայում է Արցախը ու լուրջ վերապահումներով է մոտենում նրա զարգացման չափանիշներին, չընկալելով, որ դրանով ամենևին էլ չի նպաստում նրա իրական զարգացմանը։
Արցախի մասին մի չգրված օրենքով հետևյալ վերաբերմունքն է ձևավորվել՝ կամ լավը, կամ ոչինչ։ Սակայն այսպես վերաբերվում են անցավորներին, մահացածներին, իսկ Արցախը մումիա կամ տոտեմ չէ, այլ բաբախող սիրտ, կենդանի օրգանիզմ՝ իր ուժեղ ու թույլ կողմերով, իր իմունիտետով ու իր արատներով։
Ամեն ինչ կախված է նրանից, թե որպես ինչ ենք դիտարկում Արցախը՝ որպես անառողջ երեխա՞, թե որպես առողջ ու զարգացող օրգանիզմ։ Արցախի նկատմամբ մեղմ չափանիշներ կիրառելով ու հիվանդ երեխայի պես խնամելով նրան հասկանու՞մ ենք գոնե, թե ինչ վնաս ենք տալիս մի նորանկախ երկրի, որը միջազգային ճանաչման խնդիր ունի, իսկ ճանաչման չափանիշները ոչ մի առնչություն չունեն Արցախի նկատմամբ հայության չափանիշների հետ։ Այնպես որ, շատ ավելի խելամիտ կլինի ամենայն խստությամբ ու պահանջկոտությամբ վերաբերվել նաև Արցախի զարգացմանը։
Արցախը հաջողության կարող է հասնել միայն մի պարագայում՝ եթե նորանկախ երկրի արցախյան փորձը հաջող պրոեկտ լինի, իսկ այս գործում անելիք ունենք բոլորս։ Օդի պես անհրաժեշտ է, որ Սփյուռքն աշխատի ոչ միայն իշխանությունների հետ, այլև քաղաքացիական հասարակության հետ ու նպաստի երկրորդ բևեռի ձևավորմանն Արցախում, որպեսզի ձևավորվեն փոխզսպման ու հավասարակշռման գործուն մեխանիզմներ, կայանա անկախ մամուլի ինստիտուտը։
ԼՂՀ չճանաչվածության պարագան բացասաբար է անդրադառնում քաղաքացիական հասարակության կայացման վրա։ Իշխանությունն առանձնապես շահագրգռված չէ դրանով, իսկ միջազգային կազմակերպությունների համար չճանաչվածության պարագան տաբուի է վերածվել։ Սակայն եթե նույնիսկ այս պայմաններում գտնվում են քաղաքացիական հասարակության ձևավորման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում համագործակցող միջազգային կազմակերպություններ, ապա մեր Սփյուռքի համար այս ոլորտը էն գլխից մեռած է։ Սփյուռքը նախապատվությունը տալիս է միայնումիայն բարեգործական ու սոցիալական ծրագրերին և համագործակցում է միայնումիայն իշխանությունների հետ։ Սփյուռքն առայժմ հասու չի լինում այն պարզ ճշմարտությանը, որ միայն ազատ ու արժանապատիվ կյանքով ապրող մարդիկ կարող են շենացնել հայրենիքը։
Եկեղեցին անջատվել է պետությունից, բայց ոչ մարդկանց հոգսերից
Երբ խոսք է գնում եկեղեցու սոցիալական առաքելության մասին, մեր եկեղեցականներն ասում են, որ իրենց առաքելությունը հոգու փրկությունն է։ Մինչդեռ եկեղեցին անջատվել է պետությունից, բայց ոչ մարդկանց առօրյայից ու նրանց հոգսերից։ Իմ կարճ խելքով՝ երբ ասում ենք՝ մի քանի հոգի, կամ հինգ հոգի և այլն, ապա նկատի ունենք ոչ թե թևածող մարդկային հոգիները, այլ կոնկրետ մարդկանց՝ հոգով ու մարմնով։ Այնպես որ, եկեղեցին չի կարող, պարզամտորեն ասած, իր տեսադաշտից դուրս թողնել մարդու մարմինը, նրա հոգսերն ու մտորումները։ Եկեղեցին չպիտի ինքնամեկուսանա հանրային խնդիրներից։
Այս թեմայով պատիվ ունեցա զրուցելու Արամ Ա կաթողիկոսի հետ։ Նա, հղում անելով Սուրբ գրքին, գտնում է, որ չի կարող մարմնի տաճարի անտեսման վրա կառուցել հոգու տաճարը, և որ հոգին ու մարմինը միասնական են, ըստ այդմ էլ եկեղեցու գործառույթներն են բազմաբնույթ։
Ինքը՝ Վեհափառը, նաև հանրային կարկառուն դեմք է, վեհ ու փառավոր մի անձնավորություն, ում մասին զրույցների կարող ես ականջալուր լինել ամենուր։ Նա մարդկացն առօրյայի ու մտորումների բաղկացուցիչ մասն է, բարոյական հեղինակություն հանրությունում։
Հանրություն-եկեղեցի հարաբերությունների նման մոդելը, կարծում եմ, նախընտրելի պիտի լինի։
Սփյուռքի գանձերը, կամ՝ տեսնեմ Բուրճ Համուտն ու... նոր ապրեմ
Սփյուռքը բազմաթիվ գանձեր ունի և ինքն էլ մի յուրօրինակ գանձ է համայն հայության համար։ Հասկացողի ու իմացողի համար, իհարկե։ Այցելելով Հայ կաթողիկէ Զմառ վանքային համալիրը ու տեսնելով այնտեղի գանձերը՝ թանգարանն ու ձեռագրատունը, հասկացա որ որպես մտավորական ես պարտավոր էի գոնե տեղյակ լինել այս մասին և համոթ ինձ խոստովանեցի անտեղյակությունս։ Բայց երբ պատկերացնում ես, որ այդ գանձերին անտեղյակ է մեր մտավորականության մեծ մասը՝ ողբերգազավեշտն ավելի է ընդգծվում։ Էլ ավելի է ընդգծվում, երբ իմանում ես, որ այդ գանձերը հավուր պատշաճի ուսումնասիրված չեն, ավելին՝ պահպանման խնդիր ունեն, խնդիր, որ չգիտես ինչու հայ հանրային մտքի օրակարգում չկա։
Բայց Սփյուռքի գանձերը շատ են ու տարատեսակ։ Մի յուրատեսակ գանձ է Բուրճ Համուտը՝ մի իսկական փոքրիկ Հայաստան՝ պետությանը հատուկ ատրիբուտների մի զգալ մասի առկայությամբ։ Մեկ այլ Հայաստան է Լիբանանում գտնվող միակ հայկական գյուցը Սիրիայի սահմանին՝ Այնճարը, ուր մուսալեռցիների ժառանգներն են ապրում։ Քսաներորդ դարասկզբի հայավեր արհավիրքի ժամանակ իրենց խիզախությունն ի ցույց դրած և դրանով իսկ փրկված այնճարցիները նույնպիսի խիզախությամբ արարում են խաղաղ ու կիսախաղաղ պայմաններում։ Ու ստեղծել են մի իսկական դրախտավայր։ Այս գանձի մեջ մեկ այլ գանձ էլ կա՝ դրախտավայրում առկա ինքնակազմակերպման փորձն ու մոդելը։
Այսքան գանձ ունի միայն լիբանանահայությունը, իսկ երբ պատկերացնում ես, թե ինչքան գանձեր ունի Սփյուռքն ընդհանրապես, ապա հասկանում ես, որ սա մի անզուգական ներուժ է, որ կարող է սարեր շուռ տալ։
ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Մեր աչքի առաջ փոխվում է աշխարհը, և մենք քաջ հասկանում ենք, որ փոփոխությունները մեզ չեն շրջանցելու, առավել ևս, որ մեր երկու հայկական պետականությունները մի տարածաշրջանում են, ուր բախվում են աշխարհիս ուժեղների շահերը, այսինքն՝ արտաքին միջամտության վտանգը կա։ Այս պայմաններում մենք կարող ենք և պարտավոր ենք փոխվել ու աշխարհի համար ավելի ընկալելի դառնալ՝ դրանով իսկ ապահովելով մեր անվտանգությունն ու ազատ ու ստեղծագործ աշխատանքով զբաղվելու մեր հնարավորությունը։ Դա կարող ենք և պարտավոր ենք անել ներհայկական ռեսուրսով՝ մեր հայկական «դրսի» աջակցությամբ՝ կանխելով իրական դրսի միջամտությումնը։ Դա կարող ենք անել եռամիասնաբար։
Հայությունն այսօր կրկին պատրաստ է արհավիրքի ու պատերազմի պայմաններում թիկունք կանգնել երկու հայկական պետականություններին։ Այս առումով միանգամայն խորհրդանշական էր Այնճարում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղացիներից մեկի ասածը՝ «եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի՝ այնճարցիներս ձեր կողքին չենք լինելու... ձեր առջևում ենք լինելու»։
Բայց մենք այդպիսին պիտի լինենք նաև խաղաղ ժամանակներում, մենք կարող ենք և պարտավոր ենք այդպիսին լինել նաև արարելիս։
Սփյուռքի հետ իմ վերջին շփումները բերել են երկու եզրահանգման՝
- Սփյուռքն ապրում է հայրենիքով առավել, քան երբևէ
- Սփյուռքն այսօր պատրաստ է հրաժարվելու կարծրատիպերից և լուրջ ու կառուցողական զրույցի բռնվելու հայրենիքի ճակատագրի շուրջ։
Իսկ սա նաշանակում է, որ համազգային երկխոսության համար բարենպաստ հողն արդեն իսկ առկա է։
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Ստեփանակերտ-Երևան-Դուբայ-Բեյրութ-Դուբայ-Երևան-Ստեփանակերտ

Մեկնաբանություն