Իշխող բարեգործության անատոմիան

    • Մեկնաբանություն - Երկուշաբթի, 30 Հուլիսի 2012, 10:50

Հեռուստատեսությամբ ռեպորտաժ էր ցուցադրվում այն մասին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը երեւանյան բակերում “Ուրախ ամառ” միջոցառումների շարք անցկացնում, հովանավորում ժամանցային ծրագրեր այդ միջոցառումների շրջանակում:

Ռեպորտաժի ընթացքում ցուցադրվում էր նաեւ, թե ինչպես է ժամանցային ծրագրի գունագեղ հերոսներից մեկը դիմում երեխաներին ու ասում, թե հիմա բոլորը միասին շնորհակալություն են հայտնում միջոցառման կազմակերպիչ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամին: Եվ երեխաները խմբով հայտնում են իրենց շնորհակալությունը:

Նրանցից շատերը երեւի թե Գագիկ Ծառուկյանի անունն էլ չեն լսել, բայց նրանց պարտադրում են հայտնել շնորհակալությունը: Իհարկե, որեւէ երեխա եթե չհայտնի, չծափահարի Գագիկ Ծառուկյան հիմնադրամին, որեւէ մեկը նրան չի պատժի: Բայց, միեւնույն է, դա պարտադրանք է, որովհետեւ եթե նախադպրոցական տարիքի երեխային բակային ներկայացում ես ցույց տալիս, իսկ հետո ասում “դե հիմա շնորհակալություն հայտնիր հովանավորին”, դա պարտադրանք է, որովհետեւ այդ երեխան ունակ չէ անձամբ որոշել՝ հայտնել, թե ոչ, կամ ունակ չէ ամբողջապես գիտակցել, թե ում է հայտնում այդ շնորհակալությունը, խոշոր հաշվով ինչի համար է հայտնում. Նրան զվարճանք են մատուցել, ու հիմա ասում են` հայտնիր շնորհակալություն, եւ նա այդ զվարճանքի “աֆեկտի” տակ կարող է ամեն ինչ հայտնել ու անել:

Պարտադի՞ր է արդյոք երեխաներին հայտնել կազմակերպիչ բարեգործի անունն ու շնորհակալություն կորզել նրա համար: Ի՞նչ կլինի, եթե երեխան միայն ուրախանա: Նա առանց այդ էլ ակամայից դարձել է բարեգործության քարոզի ակամա օբյեկտ, էլ ի՞նչ կարիք կա խորացնել այդ կարգավիճակը եւ նրան դարձնել քարոզի սուբյեկտ:

Հայաստանում արդեն տեւական ժամանակ է, որ իրականացվում են տարբեր կարգի բարեգործակլան ակցիաներ, գործում են բարեգործական հիմնադրամներ, բայց այդ տարիների ընթացքում երկրում այդպես էլ չձեւավորվեց բարեգործության մշակույթ: Արդեն ձեւավորվել է անգամ ստաժավոր եւ պրոֆեսիոնալ բարեգործների մի դաս, որոնք սակայն բարեգործության մշակույթ ձեւավորելու փոխարեն, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում գերիշխող մշակույթն են տարածում նաեւ բարեգործություն երեւույթի վրա, աղավաղելով նաեւ դա:

Ամեն ինչի կենտրոնում իրենք են, իրենց անձնական կամ խմբակային շահը, ոչ թե մարդը, ում ուղղված է բարեգործությունը կամ ծառայությունը:

Օրինակ, ոչ թե ռեպորտաժ են անում բարեգործության մասին, այլ բարեգործություն են անում ռեպորտաժի համար:

Ու դա ոչ միայն Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի դեպքում, այլ նաեւ բարեգործությամբ զբաղվող հիմնադրամների ու անհատների գերակշիռ մասի պարագայում:

Շատ լավ կլինի իհարկե, երբ Հայաստանում բարեգործության պատճառներն ու առիթները չլինեն, եւ մարդիկ կարողանան իրենց աշխատանքով ուրախանալ եւ ուրախացնել իրենց մանուկներին, բավարարել նրանց կարիքները:

Բայց, ըստ երեւույթին, Հայաստանում այդ պատճառները եւ առիթները դեռ երկար կպահպանվեն, որովհետեւ դա ձեռնտու է նաեւ բարեգործներից շատերին՝ նրանց քաղաքական իշխանությունը պահպանելու համար. բարեգործությունը նրանց համար քաղաքական իշխանությունը պահպանելու միջոցներից մեկն է, ընդ որում եզակի լեգիտիմ միջոցներից մեկը, եւ նրանք քաղաքական իշխանությունն ամեն կերպ կծառայեցնեն այդ միջոցի պատճառներն ու առիթները պահպանելու եւ երկարաձգելու համար:

Դրան զուգահեռ, նաեւ թերեւս երկար ժամանակ կխեղվի բարեգործության մշակույթը, որի բանաձեւն ամրագրված է աստվածաշնչյան “աջ ձեռքը թող չիմանա, թե ինչ է անում ձախը” հորդորով կամ սահմանումով: Բանն այն է, որ Հայաստանի պարագայում այդ սահմանումն արդիական չէ, կենսունակ չէ բարեգործների գերակշիռ մեծամասնության համար: Պատճառը հենց նույնն է՝ բարեգործությունն այդ հանրույթի համար քաղաքական եւ տնտեսական իշխանությունը պահելու միջոց է, հետեւաբար այն չի կարող լինել այլ որակի, քան այդ եղած իշխանությունն ինքնին:

  1. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  2. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  3. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  4. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  5. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  6. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  7. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  8. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  9. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  10. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013