Ռազմավարություն, ծրագիր, առաջնորդ
Միությունը բազմազանության մեջ, համագործակցության նվազագույն պլատֆորմի ստեղծումը և քաղաքացիական ընտրությունների կազմակերպումն այն երեք հիմքերն են, որոնց շուրջ ընդդիմությունը կարող է համախմբվել։
Վերջապես Հայաստանում ընդդիմությունը դարձավ իրական հասկացություն։ 22 տարի պահանջվեց այս արդյունքին հասնելու համար։ Քաղաքական և սոցիալական այս առաջընթացին նպաստեցին վերջին օրենսդրական ընտրությունները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կառավարական կոալիցիայից դուրս գալու հանգամանքը։ Եվ եթե քաղաքական դաշտի այս մոդեռնիզացիան միայն գոհունակություն կարող է առաջացնել, 2013 թ․ փետրվարի նախագահական ընտրությունները լրջագույն մարտահրավեր են ընդդիմադիր կուսակցությունների համար։
Կառուցողական մերձեցման հիմքերն արդեն դրված են․ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակն այքան է լրջացել, որ ընդդիմադիր դաշտի բաղկացուցիչներից յուրաքանչյուրը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և Ժառանգությունը, խելացիորեն մի կողմ են դրել տարաձայնությունները՝ հանուն իրատեսության և փոխզիջման։ Սա քաջալերիչ առաջին քայլն է, ելնելով այն հանգամանքից, թե ինչքան դժվար է պատկերացնել լիբերալիզմի և սոցիալ-դեմոկրատիայի, շուկայի և պետության, ռուսամետ և արևմտամետ կողմնորոշումների մերձեցումը։ Փաստորեն, բարոյական պատասխանատվության գիտակցումը, տվյալ դեպքում, գերիշխում է փոխադարձ մեղադրանքների էթիկային։ Այնուամենայնիվ, միասնականության այս հաղթարշավն իր հաջող ավարտին հասցնելու համար ընդդիմությունը կանգնած է հետևյալ երեք մարտահրավերները հաղթահարելու խնդրի առաջ․ ռազմավարություն՝ ի՞նչ ճանապարհով հասնել այլընտրանքի, ծրագիր՝ միավորվել հանուն ի՞նչ անելու, առաջնորդ՝ ո՞վ պետք է դառնա Հայաստանի ապագա դեմքը։
Քննարկենք նախ և առաջ ռազմավարության մարտահրավերը։ Միասնություն բազմազանության մեջ գաղափարից դուրս հնարավոր չէ հաջողության հասնել։ Նախ և առաջ Ազգային ժողովում, իսկ այնուհետև ընդդիմադիր 4 կուսակցությունների շտաբներում պետք է ստեղծել այսպես կոչված «Բազմակի բլոկներ»՝ որպես որոշումների ընդունման կենտրոն։ «Բլոկ»՝ միջկուսակցական համերաշխությունն ու մերձեցումն ապահովելու, և «բազմակի»՝ ընդդիմության բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրին անկախ գործելու հնարավորություն տալու համար։ Լսել միմյանց այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, լինել եզակի այնտեղ, որտեղ հնարավոր է․ ահա թե որ ոսկե կանոնով պետք է առաջնորդվի ընդդիմությունը։ Ռազմավարության մյուս կարևոր կետերից է զարգացման ուղու ընտրության հարցը՝ որպես հեռակա նպատակ։ Այստեղ ևս, հնարավոր չէ հաջողության հասնել եվրոպական կողմնորոշումից դուրս։ Եվրոպան կայունության, ժողովրդավարացման և Հայաստանի դաշնակիցներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ներդաշնակության հաստատման երաշխիք է։ Այն ի վիճակի է համախմբել ընդդիմությունը՝ հանուն եվրոպական արժեքների և մտածողության, որոնք համատեղելի են Մոսկվայի և Վաշինգտոնի հետ։
Ինչ վերաբերում է ընդդիմության ծրագրին, երկրում ստեղծված իրավիճակը ցուց է տալիս, որ կառավարման կիսանախագահական ձևն այլևս չի համապատասխանում երկրի սոցիալ-քաղաքական իրականությանը։ Հայաստանն այլևս պատերազմական իրավիճակում չէ, իսկ բանակն ամենայն մանրակրկտությամբ և հերոսաբար հսկում է երկրի անվտանգությունը։ Բայց ժողովրդավարությունից, իշխանության ապակենտրոնացումից և քաղաքական հաստատությունների միջև դրա բաշխումից լավ անվտանգություն չկա։ Մեկ պաշտոնի շուրջ իշխանության անհատականացման ժամանակներն արդեն անցել են։ Իր պատմությամբ, աշխարհագրությամբ և ազգային շահերով Հայաստանն ինքն իր առաջ պարտավոր է լինել հաստատութենապես այնքան խելացի և ռազմավարության տեսանկյունից այնքան ճկուն, որ իշխանությունների բաժանումը վերածվի մաքսիմալ կայունության և համերաշխության գրավականի։ Դրա համար Հայաստանի նորացումը պետք է կատարվի սոցիալական նոր դաշինքի ձևով։
Պետության և հասարակության փոխադարձ վստահությունը պետք է լինի ապագա Հայաստանի հիմնաքարը։ Անհատին իր գործունեության կենտրոնում դնելուց բացի վերոհիշյալ «Բազմակի բլոկը» պետք է ձեռնարկի սահմանադրական (երկպալատ օրենսդիր մարմնի ստեղծում՝ ԱԺ-ով և Սենատով), տնտեսական (կաշառակերության դեմ արդյունավետ, ռեալ պայքար և տնտեսական թափանցիկության պաշտպանություն) և սոցիալական (աշխատավարձերի և քաղաքացու իրավունքների վերարժեվորում) բարեփոխումներ։ Հասարակության և տնտեսության մեջ այս անցումային կորպուսի ստեղծումից հետո «Բազմակի բլոկը» կարող է վերածվել «Արդարություն և ազատություն դաշինքի»։
Եվ վերջապես, վերջին մարտահրավերը առաջնորդի ընտրությունն է։ Առաջնորդության խնդիրը «Արդարություն և ազատություն դաշինքի» կայացման վերջին էտապն է և բխում է առաջին երկուսից։ Եթե ռազմավարության և ծրագրի շուրջ համաձայնություն կայացվի, ապա առաջնորդի ընտրության հարցը կարելի է մասամբ լուծված համարել։ Պետք է այս հարցում առաջանալ երկու էտապով։ Նախ և առաջ քաղաքացիական ընտրությունների միջոցով ազատ, հավաստի և թափանցիկ քվեարկությամբ ընդդիմության տարբեր առաջնորդներից մեկը կարող է ընտրվել և իր դիրքերն ամրապնդել որպես այլընտրանքային ղեկավար։
Եթե չհաջողվի կոնսենսուսի հասնել, «Արդարություն և ազատություն դաշինքը» այլընտրանքի անհապաղ թելադրանքով նախագահական ընտրությունների պետք է ներակայանա հինգ հոգու շուրջ համախմբված թիմով՝ այդպիսով ցույց տալով նաև բազմազանության մեջ իր միասնությունը, իր ուժն ու պրոֆեսիոնալիզմը։ Սկզբունքը հետևյալն է․ նախագահի թեկնածուն կպատկանի մի կուսակցության կամ կլինի անկուսակցական, ապագա վարչապետը կպատկանի մեկ այլ, պաշտպանության, արտաքին հարաբերությունների և ներքին գործերի ապագա նարարները՝ուրիշ կուսակցությունների։ Ընտրարշավը, այդպիսով, որպես միասնական պլատֆորմի և ռազմավարության արդյունք, կկազմակերպվի այս հինգ հոգու շուրջ։
Հայաստանի ապագան գրվում է այսօր։ Ընդդիմությունն է, որ պետք է կիսվի գաղափարներով, թափահարի արդարության սուրը, հենվի աշխատանքի իրավունքի վրա և հպարտությամբ կրի արդար, ազատ և վստահելի Հայաստանի դրոշը… Առա՛ջ դեպի Նոր Հանրապետություն։
Կայծ Մինասյան, քաղաքագետ, Paris'i քաղաքագիտության հիմնարկ

Մեկնաբանություն