Տարբեր առիթներով հնարավոր է լսել, որ Հայաստանի խոշոր գործարարները կամ օլիգարխները, ներկայիս իշխանական համակարգի զոհերն են եւ իրենք սիրով կաշխատեն օրինականության դաշտում, եթե կենտրոնական իշխանությունը չստիպի մնալ ստվերում:
Այդօրինակ կարծիքները իրականության հետ ունեն որոշակի, ոչ ամբողջական աղերս: Որոշակին այն է, որ ներկայիս օլիգարխիան իսկապես կհամաձայնի աշխատել օրենքի դաշտում, պարզապես նրանց պահում է այն, որ իրենցից “ընտրյալները” կարող են մնալ այդ դաշտից դուրս, եւ ստեղծվի անհավասար պայման:
Այլապես, օլիգարխիան ներկայում կուտակել է այնպիսի ռեսուրսներ՝ միլիարդների եւ ենթակառուցվածքների տեսքով, որ օրինական դաշտը նրան չի սպառնում ոչնչով: Նա ինքն է միայն իրեն սպառնում օրինականության դաշտում, հենց այդ՝ ամբողջապես չօրինականացվելու վտանգով:
Օլիգարխիան այնքան է կուտակել, թե կապիտալ, թե ենթակառուցվածքներ, որ այդ դիրքերի հետ մրցակցության մեջ մտնելու համար կպահանջվեն միլիարդներ: Ո՞վ կբերի դրանք Հայաստան, ո՞վ ունի Հայաստանում դրանցից, օլիգարխներից բացի:
Հետեւաբար, Հայաստանում խնդիրը օլիգարխներին օրինական դաշտ բերելը չէ: Դա խնդրի ըստ էության ֆորմալ լուծում է, որն իրավիճակի հանգուցալուծում չէ: Դրանով ընդամենը լեգիտիմանալու է օլիգարխիական տնտեսա-քաղաքական համակարգը, իսկ դրա արդյունավետությունը խոշոր հաշվով մնալու է նույնը:
Հայաստանում խնդիրը օլիգարխիական համակարգի դիրքերի եւ ռեսուրսների վերաբաշխումն է: Այդ վերաբաշխումն անխուսափելի է, եթե կա երկրում մթնոլորտի ստեղծագործականության, արտադրողականության, արդյունավետության պոտենցիալը փոխելու ցանկություն:
Օլիգարխիան Հայաստանի համախառն ռեսուրսների առյուծի բաժինը կուտակել է իր ձեռքին, եւ այդ բաժինն օբյեկտիվորեն չի կարող ունենալ հանրային եւ պետական բարձր արդյունավետություն, հատկապես Հայաստանի տնտեսության փոքր ծավալների պարագայում:
Այդ բաժինը արդյունավետ վերարտադրելու համար պետք է օլիգարխիկ համակարգի ձեռքից “ապակենտրոնացվի” եւ վերադարձվի փոքր ու միջին ձեռնարկատիրության դաշտ, իսկ այդ ամենը պետք է կանոնակարգվի պետական հստակ հակամոնոպոլ եւ հակաօլիգոպոլ քաղաքականությամբ: Այսինքն, հակամոնոպոլ եւ հակաօլիգոպոլ քաղաքականության առանցքը ներկայում պետք է լինի նախ եւ առաջ ռեսուրսների ապակենտրոնացման կոշտ քաղաքականությունը, հետո նոր միայն կանխարգելվի նոր մոնոպոլիաների եւ օլիգոպոլիաների ստեղծումը:
Այստեղ է խնդրի առանցքը, եւ դրա պատճառով է, որ օլիգարխիկ համակարգը, չնայած իր մեկնարկային հսկայական եւ անհասանելի առավելությանը, չի ցանկանում գա օրինականության դաշտ: Խնդիրն այն չէ, որ նրան դա թույլ չի տալիս օլիգարխիայի հետ անքակտելիորեն սերտաճած քաղաքական իշխանությունը: Գուցե թույլ չի տալիս, բայց թերեւս նույն նկատառումով եւ մտահոգությամբ, ու այստեղ շահերը երկուստեք համընկնում են եւ այդ տրամաբանությամբ էլ ստանում լուծում՝ թեկուզ ժամանակավոր:
Խնդիրը հենց ռեսուրսների ապակենտրոնացման գործընթացն է, որ Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է: Իսկ օլիգարխիկ համակարգն իր ռեսուրսների արդյունավետ պաշտպանություն կարող է իրականացնել անօրինական դաշտում մնալով, քանի որ գալով օրինականության հարթակ, այդ համակարգը զգալիորեն դադարում է կենսունակ լինել իր քաղաքական եւ սոցիալական շահերի պաշտպանության տեսանկյունից:
Շատերն այստեղ “ապակենտրոնացում” հասկացության տակ կարող են դիտարկել ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ, կուլակաթափություն:
Բայց, Հայաստանի օլիգարխիկ համակարգի շատ ներկայացուցիչների սեփականության մի զգալի մաս հենց ինքնին հանդիսանում է ոտնձգություն ուրիշի սեփականության հանդեպ՝ իրեղեն ապացույց, եւ հետեւաբար այստեղ ոչ թե սեփականության իրավունքի ոտնահարման, կուլակաթափության, այլ այլոց իրավունքի վերականգնման խնդիր է:

Մեկնաբանություն