Վարդան Ղուկասյանի դիմադրության շարժման առաջացրած աղմուկի մեջ կարծես թե որոշակիորեն ստվերվեց շաբաթներ առաջ Գյումրիում մեկնարկած քաղաքացիական նախաձեռնությանը՝ “Քաղաքը մերն է”:
Երբ նախաձեռնությունը սկսեց իր գործունեությունը, Սերժ Սարգսյանը Վարդան Ղուկասյանին դեռ չէր փոխել Սամվել Բալասանյանով:
Ներկայում, քաղաքացիական նախաձեռնության համար իրավիճակը կարծես թե բավական փոփոխություն է կրում, եւ մասնավորապես քաղաքապետի ընտրության առումով ստեղծվում է նոր իրավիճակ: Արդեն հարց է, թե արդյոք Վարդան Ղուկասյանը կդնի իր թեկնածությունը, իսկ դնելու դեպքում էլ պարզ է, որ նրանից բացի թեկնածու է լինելու նաեւ Սամվել Բալասանյանը:
Փաստացի, առաջանում է մի վիճակ, երբ քաղաքացիական նախաձեռնությունը Գյումրիի քաղաքապետի ընտրությանը կամ պետք է դառնա արդեն երրորդ կողմը, կամ որոշի սատարել հնարավոր երկու կողմերից մեկին, կամ էլ մրցակցի արդեն ոչ թե Վարդան Ղուկասյանի, այլ Սամվել Բալասանյանի հետ:
Բնական է, որ բոլոր դեպքերում էլ կարճաժամկետ առումով իրավիճակը որոշակիորեն այլ է:
Այլ տարբերակ էլ կա իհարկե՝ անտեսել քաղաքապետի ընտրությունը, համարելով, որ դա իշխանական խաղ է եւ գյումրեցիների կամքի եւ քվեի հետ կապ չի ունենալու, եւ շարունակել պարզապես քաղաքացիականության ընդլայնման գործը Գյումրիում առանց քաղաքապետի ընտրության արդյունքին ուշադրություն դարձնելու:
Ո՞ր տարբերակը կընտրի “Քաղաքը մերն” է քաղաքացիական նախաձեռնությունը:
Այս կամ այն տարբերակի ընտրության դեպքում էլ, կարեւոր է նախաձեռնության գործունեությունն ինքնին: Եվ այդ գործունեությունը չպետք է մնա Գյումրիի քաղաքապետի պաշտոնի շուրջ ներիշխանական հարաբերությունների պարզաբանման աղմկոտ գործընթացի ստվերում:
Ի վերջո, Գյումրիում հիմնարար առումով իրավիճակ փոխելու համար կամ պետք է իշխանության հստակ կամքը, կամ քաղաքացիական ինքնագիտակցության լայն տարածումը:
Իշխանության հստակ կամքի առումով մեղմ ասած կան կասկածներ: Բանն այն է, որ Ղուկասյանին Բալասանյանով փոխարինելը քիչ բան չէ Գյումրիի համար, բայց շատ էլ չէ, առավել եւս Ղուկասյանի ներկայիս “հակահեղափոխականության” պոռթկման պարագայում:
Գյումրիի խնդիրները շատ ավելի խորն են, քան Վարդան Ղուկասյանը: Ղուկասյանը այդ խնդիրների պատճառ է զգալի մասով, բայց խոշոր հաշվով նաեւ հետեւանք, որովհետեւ պետք է թերեւս ընդունել, որ տարիներ շարունակ նա Գյումրիում ունեցել է հասարակական որոշակի աջակցություն:
Քաղաքում հիմնարար փոփոխությունների համար, իշխանությունը թերեւս ստիպված կլինի նույնիսկ ուժային միջամտություն կատարել, Գյումրին քրեական ցանցից հիմնովին ձերբազատելու համար: Բայց առայժմ այդօրինակ քայլեր իշխանությունը չի կատարում:
Մյուս տարբերակը, քաղաքում հիմնարար փոփոխությունների համար, քաղաքացիականության գործընթացն է, որ սկսել է “Քաղաքը մերն” է նախաձեռնությունը: Եվ հատկապես ներկայիս վիճակում այն դառնում է առավել կարեւոր, քանի որ այդ գործընթացը կարող է լինել այն “պարեկը”, որը կվերահսկի քաղաքական ինտրիգների ակտիվ շարժը եւ կստիպի, որ ինտրիգի կողմերն իրենց անձնական կամ խմբային շահերն անպայմանորեն կառուցեն քաղաքացիների շահերին առնվազն հնարավորինս ներդաշնակ:
Նոր իրավիճակում կարծես թե դա է դառնում “Քաղաքը մերն” է քաղաքացիական նախաձեռնության կարեւոր առաքելությունը: Իսկ թե այդ առաքելության իրացման ինչ ֆորմատ կընտրվի քաղաքապետի ընտրության գործընթացում, դա արդեն խոշոր հաշվով տեխնիկական խնդիր է:

Մեկնաբանություն