Կառավարության շենքի դիմաց, հուլիսի 26-ին վիճաբանություն է տեղի ունեցել զոհված զինծառայողների ծնողների եւ ոստիկանության միջեւ: Զինծառայողների ծնողները, որ տարիներ շարունակ փորձում են իրենց որդիների մահվան հանգամանքներին հետամուտ լինել եւ ստանալ իրենց հուզող հարցերի ու հարցադրումների պատասխանը, բողոքի ցույցի ժամանակ ոտքի տակ են դրել Սերժ Սարգսյանի լուսանկարը:
Ոստիկանությունը լուսանկարը հանել է նրանց ոտքի տակից: Ոստիկանության գնդապետներից մեկն էլ հայտարարել է, թե թույլ չի տա, որ «իր նախագահի լուսանկարը ոտքի տակ տան»:
Հետաքրքիր է, եթե օրինակ լիներ ոչ թե նախագահի, այլ ասենք կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի լուսանկարը, ոստիկանության սպան նու՞յն կերպ թույլ չէր տա այդ լուսանկարը ոտքի տակ տալ: Կամ, եթե որեւէ բողոքի ակցիայի ժամանակ ոտքի տակ տրվի որեւէ շարքային քաղաքացու լուսանկար, ոստիկանությունը նու՞յն կերպ «կփրկի» լուսանկարը:
Ի՞նչ իրավական կարգավիճակ ունի Սերժ Սարգսյանի լուսանկարը Հայաստանում: Եվ ընդհանրապես, ի՞նչ իրավական կարգավիճակ ունեն պետական պաշտոնյաների լուսանկարները Հայաստանում: Դրանք անձեռնմխելի՞ են, թե կան օրենքով սահմանված նորմեր, որոնցով կարգավորվում է, թե որտեղ եւ ինչպես է հնարավոր օգտագործել այդ լուսանկարները:
Եթե չկա այդօրինակ որեւէ իրավական նորմ, որով կարող է առաջնորդվել ոստիկանությունը, ապա ինչ սկզբունքով է սահմանափակվում նախագահի կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, կամ էլ որեւէ այլ քաղաքացու լուսանկարի տնօրինումը քաղաքացու կամ քաղաքացիների խմբի կողմից, եթե այդ տնօրինումը իրենից չի ներկայացնում կամ ենթադրում որեւէ կեղծիք:
Ոստիկանությունը պետք է առաջնորդվի իրավական չափանիշներով եւ չափորոշիչներով: Ոստիկանությունը պետք է իրավունքի, օրենքի խախտումները կանխարգելի, ոչ թե կամայականորեն որոշի, թե ինչ է կարելի անել կամ չանել «իր նախագահի» լուսանկարի հետ:
Այդ լուսանկարը ոստիկանները կարող են փակցնել իրենց սրտին, աշխատասենյակների պատերին, ավտոմեքենաների վրա, որտեղ կամենում են: Իսկ քաղաքացիները կարող են պետական պաշտոնյաների լուսանկարները տնօրինել այնպես, ինչպես իրենք են ուզում, եթե չկա օրենքի որեւէ խախտում:
Եթե կա որեւէ բարոյական խնդիր, ապա այդ հարցն էլ պետք է լուծի ոչ թե ոստիկանությունը, այլ քաղաքացի Սերժ Սարգսյանը, ով կարող է դիմել դատարան եւ փոխհատուցում պահանջել զոհված զինծառայողների ծնողներից՝ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու եւ գործարար համբավը վնասելու համար, ինչպես ընդունված է Հայաստանի իշխող դասում այդպիսի դեպքերի համար:
Դատարանն էլ կորոշի՝ բավարարել քաղաքացի Սերժ Սարգսյանի հայցը ընդդեմ զոհված զինծառայողների ծնողների, թե մերժել՝ հիմքերի բացակայության պատճառով:
Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը ոստիկանության Կոլեգիայի նիստում ոստիկաններին հորդորում էր փոխել մտածողությունը, դա համարելով ամենակարեւորը: Ըստ երեւույթին, արժե, որ Սարգսյանն ինքը տվյալ պարագայում դրսեւորի նոր եւ լայն մտածողության օրինակ եւ ոստիկաններին հուշի, որ այստեղ հենց հնացած մտածողության խնդիր է, երբ ոստիկանը համարում է, որ իրավունք ունի կամայականորեն որոշել, թե քաղաքացին ինչ կարող է անել նախագահի լուսանկարի հետ:
Ի վերջո, տվյալ դեպքում կա մի ուշագրավ հանգամանք: Խոսքը մի լուսանկարի մասին է, որ արվել է նախագահի նստավայրի դիմաց, երբ Սերժ Սարգսյանը նախագահի նստավայրում ինչ որ արարողությունից հետո մոտեցել էր զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր հերթական բողոքի ակցիան նախագահի նստավայրի դիմաց էին անում: Սերժ Սարգսյանն այդ ծնողների հետ խոսել էր նախագահի նստավայրի ճաղապատ դարպասների այս կողմից, չհամարձակվելով, կամ չմտածելով, որ կարելի է մի քանի րոպեով բացել դարպասները, այդ սգավոր կանանց հետ առանց ճաղերի հաղորդակցվելու համար: Ի վերջո, ճաղերով գեղեցիկ էլ չէ, ու լուսանկարները՝ երբ նախագահը ճաղերի այս կողմից խոսում է այն կողմում կանգնած սգավոր կանանց հետ, թերեւս բավականին տգեղ տպավորություն են թողնում եւ մեղմ ասած քիչ են նպաստում լուսանկարի «գլխավոր հերոսի» պատվին ու արժանապատվությանը:
Չէ որ պատվաբեր եւ արժանապատիվ կլիներ հաղորդակցվել ճաղերից այս, ոչ թե այն կողմ:
Ընդ որում, զոհված զինվորների ծնողները նաեւ հենց այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները հիշելով է, որ նրա լուսանկարի հետ խիստ են վարվել, քանի որ այդ հանդիպումից հետո այդ տիկնանց մահացած որդիների գործերը փաստացի որեւէ էական տեղաշարժ չեն արձանագրել: Դա նույնպես Սերժ Սարգսյանի պատվի ու արժանապատվության հարցն է՝ նախագահի խոսքի արժեքի կտրվածքով:
Հետեւաբար, Սերժ Սարգսյանը գուցե ձեռնպահ մնա հայցով դատարան դիմելուց, առավել եւս, որ երկրում մեկնարկում է դատաիրավական բարեփոխումների նոր եւ անկրկնելի մի ծրագիր՝ ինչպես արդարադատության նախարարն է հավաստիացնում, ու մեկ էլ տեսար դատարանն այդ ծրագրով ոգեշնչված ինքնուրույնություն եւ օրինապահություն ցուցաբերի ու Սարգսյանի հայցը շուռ տա նրա կամ պետական կառավարման համակարգի դեմ:

Մեկնաբանություն