ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն ասում է, որ ցանկալի է, որպեսզի հայ համայնքը մնա Սիրիայում: Նա Ազատություն ռադիոկայանին է այդպես ասել: Ըստ նրա, չպետք է թույլ տալ, որ հայ համայնքը քանդվի: Սիրիահայ համայնքի պահպանման անհրաժեշտության մասին օրեր առաջ նաեւ Հրանտ Մարգարյանն էր խոսել՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, այցելելով Սիրիա:
Ինչ խոսք, որեւէ երկրում հայ համայնքի առկայությունը կարեւոր է: Ազդեցիկ հայ համայնքը կարող է նպաստել Հայաստանի արդյունավետ արտաքին քաղաքականությանը, Հայաստանի շահի սպասարկմանը:
Միեւնույն ժամանակ, խնդիրները պետք է դիտարկել կոնկրետ, ընդ որում ոչ միայն իրավիճակի, այլ երկարաժամկետ շահի կտրվածքով:
Այդ տեսանկյունից, ինչ հաշվարկներ կան սիրիական իրավիճակի հետ կապված, երբ խոսվում է հայկական համայնքի պահպանման անհրաժեշտության մասին: Իսկ գուցե իրավիճակի խորը վերլուծությունը հանգեցնի նրան, որ հայերը Սիրիայում որպես կազմակերպված, հոծ համայնք անելիք չունեն եւ անհրաժեշտ է հեռանալ, մինչ արդեն անմիջականորեն հայությունը կդառնա որեւէ կողմի սպառնալիք:
Օրինակ, երբ ՀՅԴ-ն հայտարարում է հայ համայնքի պահպանման մասին, կամ երբ Սփյուռքի նախարարության պաշտոնյան հայտարարում է, թե Սիրիա լրացուցիչ օդանավեր ուղարկելու անհրաժեշտություն չկա, կամ երբ իշխանական քարոզչությունը փորձում է համոզել հայտնի չէ թե ում՝ թե Սիրիայում հայ համայնքին սպառնացող վտանգ չկա, ի՞նչ վերլուծություններ կան այդ ամենի հիմքում, ի՞նչ ժամկետային կտրվածքի դիտարկումներ են արվել, ի՞նչ գնահատականներ կան՝ թե ինչպես է Սիրիայում փոխվելու իրավիճակը, ի՞նչ ստատուս-քվո է հաստատվելու, ի՞նչ միտումներ կան հայության հանդեպ տրամադրությունների, ընդհանրապես սիրիական իրավիճակի վերահսկելիության առումով:
Իսկ եթե Սիրիայի իրավիճակը նմանվի Իրաքին, երբ բուն ռազմական գործողություններից հետո կլինեն արդեն լոկալ ահաբեկչական գործողություններ տարբեր խմբավորումների միջեւ, երբ չի լինի լայնածավալ պատերազմ, բայց ամեն օր կլինեն նորանոր զոհեր: Ինչպիսին կլինի հայկական համայնքի վիճակն այդ պարագայում: Եվ ընդհանրապես, բացի սեփական ունեցվածքը կյանքի ռիսկով պահպանելուց, ուրիշ ինչ խնդիր կլուծի հայկական համայնքը այդ Սիրիայում:
Կա՞ն արդյոք դիտարկումներ ու վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ այդ մասով: Ի՞նչ է լինելու Ասադի հեռանալուց հետո: Իսկ կարո՞ղ է չհեռանալ Ասադը: Ո՞վ է այժմ հավատում դրան: Իսկ ինչի գնով նա կարող է մնալ, եթե ինչ որ ձեւով որոշվի: Ինչպես է վերաբերում հայությանը Ասադի դեմ զինված ընդդիմությունը, եթե հայկական համայնքը մշտապես դիտարկվել է որպես Սիրիայի դեռեւս գործող վարչակարգի սոցիալական եւ անգամ որոշակիորեն էթնիկ հենարաններից մեկը:
Ընդհանրապես, արաբական աշխարհում կարծես թե վարվում է կառավարելի քաոսի քաղաքականություն: Վերլուծությունների եւ գնահատականների զգալի մասի համաձայն, խնդիրը Իրանն է, եւ Արեւմուտքը կամաց-կամաց հերթով գալիս է մինչեւ Իրան:
Բայց այդ դեպքում հարց է առաջանում, ինչ կապ ուներ Իրանի հետ ասենք Թունիսը: Իհարկե կարելի է կապ գտնել նաեւ Բարբադոսի ու Իրանի միջեւ, բայց արդյոք շատ պարզունակ չէ ամեն ինչ կապել Իրանի հետ: Իրանի խնդիր իհարկե կա, բայց թերեւս ավելի հավանական է, որ Իրանի խնդիրն է տեղավորվում արաբական աշխարհի առավել լայն գործընթացի կոնտեքստի մեջ, քան հակառակը:
Ըստ ամենայնի, այդ գործընթացով լուծվում է արաբական աշխարհի ռեսուրսների սպառման կարեւոր խնդիր, երբ ոչ միայն կանխարգելվում է դրանց հնարավոր կենտրոնացումը եւ աշխարհաքաղաքական բավական լուրջ բեւեռի ձեւավորումն ու լուրջ խնդրի առաջացումը արեւմտյան քաղաքակրթության համար, այլ սպառվում են այդ կենտրոնացման վտանգը առաջացրած ռեսուրսները, մսխվում են այդ ռեսուրսները:
Արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներն ըստ երեւույթին կարելի է դիտարկել նաեւ որպես արեւմտյան քաղաքակրթական տիրույթում առաջացած համակարգային ճգնաժամի համատեքստում ձեռնարկված միջոցառում, այսպես ասած հակաճգնաժամային միջոցառում: Խոսքն իհարկե միայն զենքի վաճառքի եւ այդպիսով տնտեսական խթանիչի առաջացման մասին չէ:
Խոսքն այն մասին է, որ համակարգային, նույնիսկ քաղաքակրթական ճգնաժամի մեջ հայտնված Արեւմուտքը, գիտակցելով, որ ճգնաժամի խորքային հաղթահարման համար կպահանջվի բավական երկար ժամանակ եւ հնարավոր են նաեւ լուրջ ցնցումներ, ըստ ամենայնի փորձ է անում կառավարելի քաոս առաջացնել արաբական-մահմեդական աշխարհում, որպեսզի այդ հատվածում առկա ռեսուրսները չօգտվեն արեւմտյան ճգնաժամից եւ չփորձեն լրացուցիչ խնդիրներ առաջադրել առանց այդ էլ չափազանց բարդ համակարգային վերափոխումների անհրաժեշտության առաջ կանգնած Արեւմուտքին:
Այդ իրավիճակում, արդյոք հայկական համայնքները անելիք ունեն այդ կառավարելի քաոսի պայմաններում, եւ արդյոք նրանց որեւէ այլ հեռանկար սպասում է, որեւէ կողմի համար թնդանոթի “միս” դառնալուց բացի: Ունե՞ն արդյոք հայկական համայնքի պահպանման դիրքերից հանդես եկող ուժերը առկա իրավիճակի եւ հեռանկարների քիչ թե շատ որոշակի սցենարային պատասխաններ, որ խոսում են հայկական համայնքի պահպանման անհրաժեշտության մասին:

Մեկնաբանություն