«Երբ ասում ենք, որ մենք դրական ենք գնահատում Բալասանյանի թեկնածությունը, բնականաբար, մենք կամ կառաջարկենք, կամ կպաշտպանենք Բալասանյանի թեկնածությունը: Խնդիրն այստեղ վերաբերում է նրան, թե ինչպիսի արձանագրումով ներկայանալ հանրությանը, որ ավելի օգտավետ լինի հենց Բալասանյանի համար», Ազատություն ռադիոկայանին ասել է ՀՀԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հանրապետական կուսակցության փոխնախագահի անկեղծությունը գնահատելի է: Իսկապես, ՀՀԿ-ի աջակցությունը մտածելու բան է, մարդուն չվնասելու համար: Եթե Հանրապետականը բացահայտ հայտարարի, որ աջակցում է Սամվել Բալասանյանին, ապա դա կարող է Բալասանյանին ընտրելու պատրաստ գյումրեցիներին հետ պահի այդ քայլից՝ ինչպես ընտրել մեկին, ում սատարում է ՀՀԿ-ն:
Այդ դեպքում, հարկ կլինի ընտրակաշառքով գնել այն ձայները, որ Բալասանյանը կարող էր ստանալ առանց ՀՀԿ-ի: Այսինքն, նրան Գյումրիի քաղաքապետ դարձնելու համար հարկ կլինի ավելի շատ փող ծախսել ընտրակաշառքի վրա, քանի որ այն մարդկանց, ովքեր պատրաստ էին առանց կաշառքի ընտրել Բալասանյանին, ՀՀԿ-ն իր սատարումով կարող է փաստորեն վանել նրանից: Բալասանյանն էլ կասի ՀՀԿ-ին՝ դե ոնց որ վանեցիք ձեր սատարումով, այդպես էլ տվեք այդ մասի ընտրակաշառքի փողը:
Հետեւաբար իրավացի է Գալուստ Սահակյանը, որ պետք է երկար խորհել Բալասանյանին սատարելու ձեւի մասին:
Բացի այդ, խորհելու այլ պատճառ էլ կա: Բանն այն է, որ մեկ էլ տեսար ՀՀԿ-ն իր սատարումով Բալասանյանից վանի ԲՀԿ-ին էլ, Կոնգրեսին էլ, Դաշնակցությանն էլ:
Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ական է, կուսակցությունը հայտարարել է նրան առաջադրելու որոշման մասին: Մեծ է հավանականությունը, որ Բալասանյանին նաեւ Հայ ազգային կոնգրեսը սատարի, նաեւ ՀՅԴ-ն, այսինքն Բարգավաճ Հայաստանի խորհրդարանական ընկերները: Երբ բացահայտ խառնվում է ՀՀԿ-ն, Բալասանյանը ինչ որ առումով դառնում է ակնհայտ իշխանական թեկնածու: Այդ դեպքում, նախ, Բարգավաճ Հայաստանում կարող են նրան կասկածել ՀՀԿ-ի հետ սեպարատ խաղի համար, այսինքն մտածել, որ Բալասանյանի թեկնածությունը ոչ միայն ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածության արդյունք է, այլ նաեւ Բալասանյան-ՀՀԿ առանձին գործարքի:
Այդ դեպքում չի բացառվում, որ ԲՀԿ-ն էլ որեւէ գործարքի գնա Վարդան Ղուկասյանի հետ, Բալասանյանին ու ՀՀԿ-ին դաս տալու համար:
Իսկ դրան էլ կարող են միանալ Կոնգրեսն ու ՀՅԴ-ն: Օրինակ, Կոնգրեսը կարող է ասել, որ Վարդան Ղուկասյանը Սերժ Սարգսյանի PR-ի զոհն է, իսկ ով Սերժ Սարգսյանի զոհն է՝ ինքնաբերաբար դառնում է Կոնգրեսի դաշնակիցը, քանի որ Կոնգրեսն արդեն մի քանի ամիս է քաղաքականությամբ է զբաղվում հենց այդ տրամաբանությամբ:
Թեեւ, ով գիտե, գուցե ՀՀԿ-ին հենց այդ էլ պետք է, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Կոնգրեսը Վարդան Ղուկասյանի կողքին կանգնեն՝ բացահայտ, կամ «տակից», թեկուզ եթե դրա համար ՀՀԿ-ն ստիպված կլինի ընտրակաշառքի փողն ավելացնել: Ի վերջո, ՀՀԿ-ում ինչն է շատ՝ փողը, իսկ քիչ է կամ գրեթե ընդհանրապես բացակայում է լեգիտիմությունը: Իսկ երբ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու Կոնգրեսը ինչ որ կերպ կանգնում են Ղուկասյանի «կողքին», ընդ որում թեկուզ ոչ ֆիզիկապես, այլ քաղաքական տրամաբանության առումով, դա ՀՀԿ լեգիտիմությունը բարձրացնում է առնվազն այդ եռյակի լեգիտիմության մակարդակի, եթե ոչ ավելի:

Մեկնաբանություն