Սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությանը Սերժ Սարգսյանն ու Բարգավաճ Հայաստանը կարծես թե պայմանավորվել են Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ: Հետաքրքիր է, թե ինչ կանի Հայ ազգային կոնգրեսը, որ վերջին շրջանում ինտենսիվ փորձում է Բարգավաճ Հայաստանի հետ գործակցության տպավորություն թողնել, պարբերական ռեվերանսներ անելով այդ կուսակցության ուղղությամբ:
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Կոնգրեսը ՏԻՄ ընտրություններում կարող է նաեւ սատարել ԲՀԿ թեկնածուներին:
Գյումրին ՏԻՄ ընտրությունների ամենակարեւոր օղակներից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը, նկատի ունենալով հանրապետության երկրորդ քաղաք լինելու հանգամանքն ու քրեական կլանների կառավարման ներքո գտնվելու հանգամանքը:
ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փաստորեն պայմանավորվել են միջանկյալ մի տարբերակի վրա, երբ քաղաքապետի թեկնածու է առաջադրվում մարդ, ով քրեական չէ, բայց միեւնույն ժամանակ նաեւ դժվար է նոր որակի եւ մտածողության քաղաքական գործիչ կամ կառավարիչ համարելը: Սամվել Բալասանյանն է, ու դրանով թերեւս ամեն ինչ ասված է: Բայց միեւնույն ժամանակ շատ շրջանակների համար այն շատ ավելի հարմար թեկնածուական տարբերակ է, քան Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, ինչպես Գյումրիում անվանում են նրան:
Ի՞նչ է անելու Կոնգրեսը: Միանալու՞ է ՀՀԿ-ԲՀԿ համաձայնությանը: Այդ համաձայնության մասին կարող է պաշտոնապես հայտարարվել, կարող է նաեւ չլինել պաշտոնական ոչինչ ու ՀՀԿ-ն չհայտարարի, որ սատարում է Բալասանյանին: Բայց երեւի թե “եփած հավի” համար էլ պարզ է, որ Վարդանիկին Բալասանյանով հեռացնելու տարբերակը իշխանական համակարգի ներքին կոնսենսուս է: Հետեւաբար Հայ ազգային կոնգրեսը կամ միանում է այդ կոնսենսուսին, կամ ՏԻՄ ամենակարեւոր օղակում դեմ է գնում Բարգավաճ Հայաստանին:
Իհարկե տարբերակ է նաեւ լռությունը: Պարզապես այդ դեպքում առնվազն զարմանալի կլինի, որ ՏԻՄ ընտրությանն ակտիվորեն պատրաստվելու մասին հայտարարող քաղաքական ուժը լռում է այդ ընտրության ամենակարեւոր կետում:
Չի բացառվում, որ Կոնգրեսը ունենա անելու եւս մի բան: Եթե քաղաքապետի ընտրությանը թեկնածու առաջադրի “Գյումրին մերն” է քաղաքացիական նորաստեղծ նախաձեռնությունը, ապա Կոնգրեսը կարող է Գյումրիի քաղաքապետի ընտրությանն աջակցել այդ թեկնածուին, ով ներկայացնում է քաղաքացիականության դաշտը:
Այդ դեպքում Կոնգրեսն ու ԲՀԿ-ն կհայտնվեն բարիկադների տարբեր կողմերում: Բայց, ըստ ամենայնի, դա չի խանգարի Կոնգրեսին հետեւողականորեն շարունակել ընտրված կուրսն ու հայտարարել, որ իսկապես օրինակելի, մրցակցային ընտրության պարագայում հաղթեց ԲՀԿ թեկնածուն, ինչի առիթով ջերմորեն կշնորհավորեն նրան:

Մեկնաբանություն