Սամվել Բալասանյանին Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրելու ԲՀԿ որոշումից հետո առաջին հարցն այն է, թե ով է լինելու նրա հիմնական մրցակիցը հանրապետության երկրորդ քաղաքում: Կամ ավելի շուտ՝ արդյոք առաջադրվելու է գործող նախագահ Վարդան Ղուկասյանը: Մամուլը տեւական ժամանակ գրում էր, որ Բալասանյանի թեկնածությանը կողմ է նաեւ Սերժ Սարգսյանը, ով չի սատարելու ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին: Մամուլի տեղեկությունների հավաստիությունը ակամայից հաստատեց նաեւ Վարդան Ղուկասյանը, ում մամուլի քարտուղարը հանդես եկավ հայտարարությամբ, թե Ղուկասյանն իր քայլերը չի պայմանավորում կուսակցական որոշումներով, եւ ՀՀԿ-ի որոշումից չի կախված նրա առաջադրման հարցը:
Սամվել Բալասանյանին առաջադրելու մասին ԲՀԿ որոշումից առաջ տեղեկություն տարածվեց, որ Բալասանյանը եղել է նախագահի նստավայրում եւ թերեւս ստացել Սերժ Սարգսյանի հավանությունը: Այդ տեղեկությունը չհերքեց թե ԲՀԿ-ն, թե նախագահի նստավայրը:
Այժմ հարցն այն է, թե արդյոք Վարդան Ղուկասյանը, անկախ ՀՀԿ որոշումից, կառաջադրի իր թեկնածությունը: Եվ ինտրիգային է նաեւ այն, թե արդյոք ՀՀԿ-ն կհայտարարի ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու մասին, եթե Սերժ Սարգսյանը Բալասանյանի թեկնածությանը տվել է հավանություն:
Արժե թերեւս հիշել, որ օրերս Ղուկասյանը մոտ 1 ժամ տեւողությամբ հանդիպում էր ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հետաքրքրական է, որ Ղուկասյանին ընդունելը բաժին է հասել Հովիկ Աբրահամյանին, իսկ Բալասանյանին ընդունել է Սերժ Սարգսյանը: Ըստ երեւույթին, այդպիսով էլ Սարգսյանը հրաժեշտ է տվել Վարդան Ղուկասյանին, ինչը “փոխանցել” է Աբրահամյանը:
Բայց, Ղուկասյանը արդեն հայտարարել է, որ կուսակցական հրաժեշտները իր համար “ոչինչ” են: Այդ հայտարարությունների իրական արժեքը կերեւա այն բանից, թե արդյո՞ք Ղուկասյանն ինքը կառաջադրվի Բալասանյանի դեմ:
Դա էլ կախված է այն բանից, թե արդյոք ՀՀԿ-ն ի՞նչ ազդեցություն ունի Ղուկասյանի վրա, եւ որքան էլ տարօրինակ չթվա՝ Ղուկասյա՞նն ինչ ազդեցություն ունի ՀՀԿ-ի վրա:
Բանն այն է, որ Վարդան Ղուկասյանի “քաղաքական” կենսագրության մեջ կա երկու հետաքրքրական դրվագ՝ մեկը շատ թարմ, մյուսը մի քանի տարվա վաղեմության, եւ երկուսն էլ նախընտրական. մեկը 2007 թվականին նրա դեմ կատարված մահափորձն է, մյուսը 2012 թվականին խորհրդարանի ընտրության շեմին նրա ապագա փեսացուի սպանությունը:
Ընդ որում, երկու դեպքում էլ Ղուկասյանն արել է այդ ամենի քաղաքական դրդապատճառների մասին ակնարկներ կամ հայտարարություններ:
Արդյոք Ղուկասյանն այդ կապակցությամբ կունենա հայտարարելու ինչ որ բաներ, որոնք անդուր կլինեն ՀՀԿ-ի համար: Բայց այստեղ իհարկե իրավիճակը փոքր ինչ նուրբ է, որովհետեւ ինչ որ առումով դժվար է ՀՀԿ ասելով հասկանալ մեկ միավոր, մեկ ամբողջություն: Ներկայիս ՀՀԿ-ն շատ խառն է, այնտեղ կան մի քանի բեւեռներ, եւ դժվար է ասել, թե ասենք Ղուկասյանի որեւէ հայտարարություն ո՞ր բեւեռին կվնասի կամ անդուր կլինի, եւ ո՞ր մեկին կարող է ավելի շատ օգնել:
Այդուհանդերձ, եթե ՀՀԿ-ն Վարդան Ղուկասյանի առաջադրմանը խոչընդոտելը ավելորդ խնդիր համարի՝ փորձելով զերծ մնալ ավելորդ աղմուկից, ապա հավանական է, որ նրան թույլ տան ինքնուրույն առաջադրվել, միեւնույն ժամանակ կուլիսային աջակցության երաշխիքներ տալով Բալասանյանին, իսկ հրապարակային մակարդակով հայտարարելով, որ այսպես ասած կենտրոնական իշխանության մակարդակով կուսակցությունը չի միջամտում ՏԻՄ ընտրությանը:
Ի դեպ, ՀՀԿ-ն այդպես հայտարարեց նաեւ Իջեւանի քաղաքապետի ընտրությանը, ուր ՀՀԿ թեկնածուն պարտվեց ԲՀԿ թեկնածուին, իսկ Հանրապետականը հայտարարեց, որ կուսակցական կենտրոնական գրասենյակը որեւէ կերպ չի միջամտել ՏԻՄ այդ ընտրությանը:
Այդ տարբերակը ՀՀԿ համար շահեկան է, քանի որ ով էլ հաղթի, ստացվում է, որ ՀՀԿ-ն գոնե չի պարտվում՝ առնվազն հրապարակային մակարդակում, ինչպես պարտվեց խորհրդարանի ընտրությանը. Գյումրիում ԲՀԿ-ն գրեթե լիովին գերազանցեց ՀՀԿ-ին: Ի դեպ, նաեւ հենց դրանից հետո սկսեցին խոսակցությունները, որ Սերժ Սարգսյանը հրաժեշտ է տալու Վարդան Ղուկասյանին:
Բայց, այդ ամենն ավելի շատ առիթ էր, քան պատճառ: Բանն այն է, որ Ղուկասյանը ոչ միայն Գյումրիի, այլ ընդհանրապես հայաստանյան մասշտաբով բավական լուրջ բեռ էր դարձել Սերժ Սարգսյանի ուսին, եւ այդ “օդիոզ” քրեաօլիգարխիկ կերպարից ազատվելը Սերժ Սարգսյանի համար դարձել էր քարոզչական հրամայական:
Ղուկասյանից ազատվելուն նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ իշխանական համակարգում ներկայում խառնվել է նախկին հիերարխիան, կայանում է նոր հիերարխիկ համակարգ, խախտված է ուժերի հավասարակշռությունն ու հոգեբանությունը, որտեղ Ղուկասյանն ու նմանները զգալիորեն հայտնվում են եզրին շատ մոտ, ու նրանց խաղից դուրս բերելու համար բավարար է լինում անգամ թեթեւ հպումը:
Իհարկե մեկ այլ խնդիր է այն, թե արդյոք հետո Սերժ Սարգսյանը որքանով է կենսունակ լինում նրանց վերադարձը արգելափակելու հարցում, քանի որ ներկայում կան այդ առումով Սարգսյանի անկենսունակության օրինակներ: Բայց, տվյալ դեպքում, քանի որ Հայաստանում ներկայում կայացվում են ավելի շատ իրավիճակային որոշումներ, խնդիրը տվյալ պահին անհրաժեշտ քայլն է՝ այսինքն հեռացումը, ինչն էլ Սարգսյանը փորձում է լուծել այս իրավիճակում:
Հրապարակավ չաջակցելով որեւէ մեկին, ՀՀԿ-ն կամ իշխանությունն ընդամենը կզսպեն Վարդան Ղուկասյանի այսպես ասած ուժային պոտենցիալը: Իսկ առանց դրա, ԲՀԿ թեկնածուի հաղթանակը կլինի շատ հավանական, ինչի վկայությունը հենց խորհրդարանի ընտրության արդյունքն է: Ելնելով անաղմուկ ընտրության անհրաժեշտությունից, ՀՀԿ-ն Գյումրիում զսպեց Վարդան Ղուկասյանի “փոշին”, ինչը ԲՀԿ-ին հնարավորություն տվեց “մաքուր” հաղթանակ տանել զուտ ֆինանսական եւ խարիզմատիկ ռեսուրսների պայքարում:
Մեկ այլ հարց է նաեւ, թե ինչու է ՀՀԿ-ն Վարդան Ղուկասյանին ոչ թե ՀՀԿ-ականով, այլ ԲՀԿ-ականով փոխում: ՀՀԿ-ն Գյումրիում օբյեկտիվորեն չունի մի թեկնածու, որը կկարողանար լրջորեն մրցակցել ԲՀԿ-ի հետ: Իհարկե, շատ մեծ ցանկության դեպքում գուցե հնարավոր էր անցկացնել որեւէ մեկին, բայց դա անհարկի սրելու էր իրավիճակը նախագահի ընտրությունից առաջ: Իսկ ՀՀԿ-ի համար այդ ընտրությունից առաջ առանց այդ էլ չափազանց սուր սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական հարցեր կան, ու եւս մեկն ավելացնելը կլիներ անմտություն:
Առավել եւս, որ, ինչպես խորհրդարանի ընտրությունը ցույց տվեց, Գյումրին դե ֆակտո ԲՀԿ-ինն է, հետեւաբար այն դե յուրե ամեն գնով ՀՀԿ-ին պահելու համար Սերժ Սարգսյանը հաստատ ավելի թանկ կվճարեր, քան դե ֆակտո առկա իրավիճակը ամրագրելով դե յուրե:
Ընդհանրապես, շատ լավ կլիներ իհարկե, որ թե Սերժ Սարգսյանը, թե Հայաստանի իշխանական ու քաղաքական դասից ցանկացած մարդ գիտակցեր պարզը, որ թե գյուղի, թե քաղաքի, թե ընդհանրապես պետության մակարդակով միշտ էլ առավել թանկ է լինելու դե ֆակտո իրավիճակին հակառակ դե յուրե ամրագրումը, քան այդ իրավիճակների թեկուզ անցանկալի տարբերակի ներդաշնակումը:

Մեկնաբանություն