Հուլիսի 19-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային: Կաթողիկոսը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ առաքելություն:
Հետո, Կաթողիկոս Գարեգին Բ-ն անդրադարձել է արգենտինահայ համայնքին, Արգենտինայի կյանքում համայնքի ներգրավվածությանը, ու ասել, որ համայնքը Սփյուռքի լավագույնս կազմակերպված եւ հզոր համայնքներից է:
Այս օրերին, չափազանց ծանր կացության մեջ է հայտնվել հայկական մեկ այլ համայնք` Սիրիայի հայ համայնքը: Սիրիայում պատերազմ է կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ, ու այնտեղ ամեն օր տասնյակ մարդիկ են մահանում: Այդ երկրում ապրող տասնյակ հազարավոր հայերի կյանքը գտնվում է իրական վտանգի տակ:
Եվ ներկայում, թերեւս ավելի հետաքրքիր կլիներ իմանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարծիքը ոչ թե արգենտինահայ համայնքի, այլ Սիրիայի հայ համայնքի վիճակի, համայնքի խնդրի մասին, առավել եւս, որ հանրությունը ներկայում սրությամբ քննարկում է սիրիահայերին օժանդակելու հարցը, այդ հարցում պետության գործողությունների համարժեքությունն ու արդյունավետությունը:
Կամ, վատ չէր լինի թերեւս, որ Արգենտինայի դեսպանի հետ հանդիպման համատեքստում արգենտինահայ համայնքի մասին խոսելուց բացի, Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայության հոգեւոր առաջնորդը գտներ նաեւ Սիրիայի հայ համայնքի խնդրին անդրադառնալու որեւէ հարմար համատեքստ: Չէ որ եթե Կաթողիկոսը չխոսի անգամ գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին կամ չանի որեւէ առաջարկ, ապա գոնե նրա բանավոր խոսքը կարող է բավական մեծ հոգեբանական աջակցություն եւ զորակցություն լինել սիրիահայությանը՝ թե արդեն Սիրիայից Հայաստան տեղափոխված եւ այստեղ կյանքի հետագա ընթացքի անորոշության մեջ հայտնված, թե Սիրիայում մնացող եւ կյանքի հանդեպ վտանգներն ամեն օր զգացող հայերին:
Երբ որեւէ ընդդիմախոս բարձրացնում է Հայ առաքելական եկեղեցու գործունեության արդյունավետության խնդիրը, անմիջապես հնչող հակադարձումներից է նաեւ այն, թե եկեղեցին հանդիսանում է սփյուռքում հայապահպանության ամենակարեւոր մեխանիզմներից մեկը:
Ներկայում ուղղակիորեն դրված է Սիրիայի հայ համայնքի պահպանության հարցը, ու այդ հարցում յուրաքանչյուր մեխանիզմ դառնում է գերկարեւոր: Ինչպե՞ս է աշխատում եկեղեցի մեխանիզմն այդ հարցում: Թե ինչպես է աշխատում պետություն մեխանիզմը, տեսնում ենք. ամիսներ շարունակ Սիրիայում լարվում է իրավիճակը, հնչում են ահազանգեր, իսկ պետությունը հարցը փակ նիստում քննարկում է միայն հուլիսի 19-ին:
Իսկ ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ շրջանակով է այդ հարցին անդրադարձել եկեղեցի մեխանիզմը: Կամ փորձե՞լ է եկեղեցի մեխանիզմը պետություն-մեխանիզմին դիմել ինչ որ բան անելու համար, պետությանը տեղից շարժելու համար:
Հետաքրքրական է, որ հուլիսի 19-ին կառավարությունը հերթական որոշումն է կայացրել, որով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի քաղաքացիների որոշ սեփականություն հանրային գերակա շահի անվան տակ օտարվել է Հայ առաքելական եկեղեցուն:
Պետություն-եկեղեցի հարաբերության այդ օրակարգը խորհրդանշական է, ու թերեւս տալիս է շատ հարցերի պատասխաններ:
Թեեւ իհարկե հարցերին հզոր պատասխան կլիներ այն, որ այդ նոր ստացած հողերում եկեղեցին կացարան կառուցեր Հայաստանում անվտանգություն որոնող սիրիահայերի համար, օգնելով նրանց հաստատվել հայրենիքում:

Մեկնաբանություն