Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն օրերս հայտարարել էր, թե Հայաստանում արդեն վաղուց “հայկական գարուն” է եւ Հայաստանը փոխվում է, ու չի կարող չփոխվել: Դեսպանն այդ մասին խոսել էր “արաբական գարնան” մասին լրագրողական հարցադրումներին ի պատասխան. թե արդյոք Հայաստանում էլ կարող է լինել այդօրինակ զարգացում:
“Արաբական գարունը” գրեթե միաբերան վերագրվում էր Արեւմուտքին: Արեւմուտքի լիդերները բաց տեքստով հայտարարություններ էին անում այդ գործընթացների վերաբերյալ, խորհուրդներ կամ հորդորներ հղում արաբական երկրների առաջորդներին: Որոշ երկրներում Արեւմուտքը նույնիսկ անմիջականորեն միջամտում էր իրադարձությունների զարգացմանը, օրինակ Լիբիան, կամ այդպիսի օրինակ կարող է լինել Սիրիան:
Արդյոք ինչ մասնակցություն ունի Արեւմուտքը “հայկական գարնանը”, որի մասին խոսում է Ֆրանսիայի դեսպանը:
Այն, որ վերջին երկու-երեք տարիներին Արեւմուտքը զգալիորեն աշխուժացրել է իր ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում, ակնհայտ է: Եվ այստեղ իհարկե իշխանության համար չկա “համաշխարհային դավադրության” տեսությունը գործի գցելու հիմք, քանի որ Արեւմուտքն աշխուժացել է նաեւ իշխանության հետ աշխատանքի ուղղությամբ:
ԱՄՆ հայտարարում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունն աննախադեպ է, իսկ Սերժ Սարգսյանի առաջնորդությունն էլ՝ կարեւոր: Եվրամիությունը Սերժ Սարգսյանի հետ հաճախակի հանդիպումներ է կազմակերպում, իշխող ՀՀԿ-ին ընդունում են ԵԺԿ շարքերը, Արեւելյան գործընկերության ծրագրով Հայաստանի ֆինանսավորումն ավելացնում են 15 միլիոն եվրոյով՝ թեեւ իհարկե միեւնույն ժամանակ հետաձգում դոնորների համաժողովն ու հայտարարում՝ “առավոտյան բարեփոխումը, կեսօրին՝ փողը”: Ֆրանսիան բավական ինտենսիվացրել է Հայաստանի հետ հարաբերությունը, ինչի վկայությունը նախորդ տարվա աշնանը նախագահ Սարկոզիի այցն էր Հայաստան եւ մի քանի կարեւոր հայտարարությունները: Իհարկե, Սարկոզին հրաժեշտ տվեց պաշտոնին, սակայն Ֆրանսիան թերեւս այն պետությունը չէ, որ նախագահների փոփոխությամբ կտրուկ վերանայումներ լինեն քաղաքական ռազմավարության առումով:
Միեւնույն ժամանակ, նկատելի է, որ Հայաստանում ձեւավորվում է նաեւ հստակ եւ անթաքույց արեւմտամետ քաղաքական ուժերի յուրօրինակ “ակումբ”, իհարկե պայմանական իմաստով: Այդ ուժերը չեն խուսափում հստակ հայտարարել արեւմտյան արժեքների եւ քաղաքակրթության կողմնակից եւ հետեւորդ լինելու, ինչպես նաեւ Հայաստանում դեռեւս իշխող խորհրդառուսական մթնոլորտի ապակառուցողական ազդեցությունը չեզոքացնելու անհրաժեշտության մասին:
Արեւմուտքն ակնհայտորեն աշխուժացրել է նաեւ շփումները ոչ կառավարական սեկտորի հետ, եւ նույնիսկ նկատելի է որոշակի մարտավարական եւ ռազմավարական վերանայումների գործընթաց:
Այդ վերանայումն իսկապես կարեւոր է, քանի որ մինչ այժմ հսկայական միջոցներ կենտրոնացնելով այդ սեկտորում՝ քաղաքացիական, իրավական գիտակցության, ժողովրդավարական արժեքների տարածման նպատակով, Արեւմուտքը Հայաստանում որքան նպաստել է որոշակիորեն ազատ եւ լայն մտածող հանրույթի ձեւավորման գործընթացին, նույնքան էլ փաստացի ձեւավորել այսպես ասած ոչ կառավարական բյուրոկրատական մի համակարգ, որը միեւնույն ժամանակ տարբեր թելերով կապվել է կառավարական բյուրոկրատիայի հետ:
Այդ կապը մի կողմից անհրաժեշտ է՝ կառավարության վրա հանրային սեկտորի ազդեցության իմաստով, մյուս կողմից վտանգավոր, որովհետեւ մեղմ ասած դժվար է ասել, թե որ ուղղությամբ է կապն աշխատում՝ հանրային սեկտո՞րն է դրա շնորհիվ ավելի շատ ազդում իշխանության վրա, թե՞ իշխանությունը հանրային սեկտորի:
“Հայկական գարունը” թերեւս պետք է ենթադրի էական փոփոխություններ ոչ միայն իշխանության, այլ նաեւ հենց ոչ կառավարական սեկտորում՝ կառուցվածքից մինչեւ բովանդակություն: Ի վերջո, թերեւս գաղտնիք չէ, որ կոռուպցիան Հայաստանում առնչություններ ունի նաեւ այդ սեկտորում ներկայացված շատ սուբյեկտների հետ:
Հանրային սեկտորը պետք է ոչ թե սերտաճի իշխող համակարգի հետ, այլ կանգնի նրա դիմաց եւ ներկայացնի ամենախիստ պահանջներ: Հակառակ պարագայում, իշխանությունը կարողանալու է դեռ շատ երկար լող տալ արեւմտյան եւ խորհրդառուսական համակարգերի միջեւ եւ ձգել իրական ռեֆորմները:
Ի տարբերություն “արաբական գարունների”, “հայկական գարունը” թերեւս պետք է տարբերվի իր ոչ միայն ձեւով, այլ նաեւ բովանդակությամբ: Եվ այստեղ թերեւս շեշտը պետք է դրված լինի հանրային սեկտորում եղանակի էական փոփոխության վրա՝ մտածողության, պատկերացումների, աշխարհընկալման, իրավական, հասարակական եւ քաղաքացիական մշակույթի ձեւավորման առումով:
Այդ տեսանկյունից, փոփոխություններն իսկապես նշմարվում են, նույնիսկ շոշափելի են, պարզապես դեռեւս անբավարար: Բայց էականը գուցե այն է, որ փոփոխությունը լինի անշրջելի: Հետնահանջի տարբերակները բացառող մեխանիզմի առկայության պայմաններում, առաջընթացի տեմպի ու ծավալի անբավարարությունը կարող է արդեն չլինել լուրջ եւ էական բացթողում:
Բայց, այդ ամենով հանդերձ, արդյոք Արեւմուտքն է սկսել հայկական գարունը: Հազիվ թե: Արեւմուտքը կարող է ընդամենն արձագանքել “գարնանը”:
Իսկ “գարունը” սկսել է Հայաստանի քաղաքացին, շատ մանր քայլերով՝ երբ երկրում սկսեցին ձեւավորվել առաջին երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունները, հետո երիտասարդական քաղաքական նախաձեռնությունները: Հետո այդ ամենն արտահայտվեց ու ընդլայնվեց 2008 թվականի շարժումով, այժմ արտահայտվում է թե նոր ձեւավորված, թե այդ շարժումից առանձնացված հասարակական-քաղաքացիական բջիջներով, թե շարժումից մնացած կուսակցության բազմաթիվ նվիրյալներով, թե այլ քաղաքական կուսակցություններով եւ անհատներով:
Ներկայում այդ հանրույթի մեջ կան բազմաթիվ բանավեճեր, նույնիսկ վեճեր, անգամ անձնական կռիվներ եւ հարցերի պարզաբանում: Բայց դրանք երեւի “գարնանը” բնորոշ “սրացումներ” են, որոնք կանցնեն ժամանակի հետ: Իհարկե, այդ ժամանակը գնալու է հասարակության հաշվից, բայց արդեն ոչ դեպի իշխող համակարգի հաշիվը:
Ժամանակը նստելու է արդեն պետության հաշվին, այնտեղ կուտակելով, թեկուզ դանդաղ, բայց բավական նշանակալի քաղաքացիական պոտենցիալ:

Մեկնաբանություն