ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կուսակցությունը չի կարող միանալ Հարսնաքարի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու հարցով Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը: Ու թեեւ Կոնգրեսը հայտարարել է, թե այդ նախաձեռնությունը սկսել է նաեւ ԲՀԿ-ի հետ խորհրդակցության արդյունքում, Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք տեղյակ են պահել Կոնգրեսին, որ 44 ստորագրություն ապահովելն անիրական է:
Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն ունի 37 պատգամավոր, իսկ Կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ Ժառանգությունը միասին՝ 17 պատգամավոր: Առանց ԲՀԿ-ի առնվազն 27 պատգամավորի, անհնար է անհրաժեշտ 44 ստորագրությունը հավաքել եւ հրավիրել արտահերթ նիստ: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասը Հայաստանում չեն: Ընդ որում հետաքրքրական է, որ մյուս պատգամավորներն էլ՝ ովքեր Հայաստանում են, ստորագրության միանալու սեփական որոշում պետք է կայացնեն, այսինքն չկա կուսակցական ընդհանուր որոշում արտահերթ նիստին միանալու մասով:
Սա զարմանալի չէ: Զարմանալին այն է, որ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը փորձում է ներկայացնել այնպես, որ ԲՀԿ-ն միանում է արտահերթի նախաձեռնությանը, կամ միացած է: Մինչդեռ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն այդ նախաձեռնությունից խուսափում է, բերելով տեխնիկական պատճառաբանություններ: Նույնիսկ պետք էլ չէ բացառել, որ ԲՀԿ-ն Հայաստանում ունի 27 պատգամավոր, որոնցով կարող էր ապահովել 44 ստորագրություն արտակոալիցիոն ուժերի համար: Կամ պետք չէ բացառել, որ ԲՀԿ պատգամավորներին հատուկ հրահանգ է իջեցված, որ շտապ մեկնեն արձակուրդ, որպեսզի կուսակցությունը ունենա տեխնիկական պատճառաբանությունների հնարավորություն:
Խնդիրն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպիսի օլիգարխ է, ինչպիսին Հարսնաքարի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը: Իսկ օլիգարխները կարող են միմյանց դեմ դուրս գալ անգամ մահացու ճակատամարտի՝ հանուն բիզնեսի, փողի, իշխանության, բայց նրանք երբեք իրար դեմ դուրս չեն գա հանուն հասարակության եւ պետության շահի, որովհետեւ խոշոր հաշվով տարիներ շարունակ նրանք համատեղ են գործել այդ շահի դեմ:
Եվ այդ նույն համակարգում նրանք տարիներ շարունակ գործել են նույն մեթոդոլոգիայով, ու Հարսնաքարի միջադեպն անկասկած առաջինը չէ: Ավելին, հասարակությունը թերեւս տեղյակ է օլիգարխիկ համակարգի թույլ տված բազմապիսի միջադեպերի ընդամենը մի որոշ մասին, առավել եւս, որ մի քանի տարի առաջ երկրում ինֆորմացիոն ենթակառուցվածքները շատ ավելի նվազ էին զարգացած, քան այժմ, եւ շատ բան դուրս էր մնում հանրային ուշադրությունից եւ չէր ենթարկվում գեներացիայի:
Բայց ներօլիգարխիական տեղեկատվական ենթակառուցվածքները մշտապես աշխատել են շատ հստակ, եւ նրանք միմյանց մասին անկասկած շատ ավելին գիտեն, քան հասարակությունը: Ահա այդ պարագայում առավել եւս միամտություն է պատկերացնել, որ որեւէ օլիգարխ մյուսի դեմ կարող է համակարգային բնույթի որեւէ քայլ կատարել: Չէ որ նրանք միեւնույն համակարգի մեջ են, եւ Ռուբեն Հայրապետյանը կարող է Գագիկ Ծառուկյանի դիմաց դնել այնպիսի հարցադրումներ, որոնց տակից ԲՀԿ առաջնորդը դուրս չի գա նույնիսկ Կոնգրեսի հարգարժան խոսնակ Արման Մուսինյանի օգնությամբ, որովհետեւ հազիվ թե Ռուբեն Հայրապետյանը հավատա Մուսինյանին՝ թե Ծառուկյանն օլիգարխ չէ:
Հետեւաբար, ամենեւին անոմալ չէ, որ Բարգավաճ Հայաստանը խուսափում է արտահերթ նիստի եւ ժամանակավոր հանձնաժողովի հեռանկարից: ԲՀԿ-ի ինչին է պետք այդ ամենը: Այդ ամենն իհարկե գուցե պետք չէ նաեւ Կոնգրեսին, պարզապես քաղաքացիական հասարակությունը պահանջը դրել է շատ հստակ՝ պահանջում ենք արտահերթ նստաշրջան: Իսկ Կոնգրեսը տվյալ պարագայում չուներ այդ պահանջին չարձագանքելու որեւէ հիմնավոր բացատրություն, քանի որ հայտարարել է, թե տեսեք ինչեր ենք անելու խորհրդարանում:
Այդ իմաստով էլ, Բարգավաճ Հայաստանը տվյալ պարագայում ոչ միայն Ռուբեն Հայրապետյանին է պահում, այլ նաեւ Հայ ազգային կոնգրեսին՝ փրկում Կոնգրեսի դեմքը, որովհետեւ Կոնգրեսը նախաձեռնում է արտահերթ նիստ, իսկ տապալման պատասխանատվությունն ընկնում է ԲՀԿ-ի վրա:
Իհարկե, դրանից հետո շատերի մոտ հարց կարող է առաջանալ, թե այդ ամենով հանդերձ ինչպես է Կոնգրեսը իշխանության դեմ իր այսպես ասած ժողովրդական պայքարում հույս կապում ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելու հետ: Բայց այդ ամենի չափազանց հիմնավոր բացատրությունն էլ Կոնգրեսը տվել է՝ իր խմբակցության ղեկավարի շուրթերով. “Ընդդիմանալու տարբեր աստիճաններ կան, կարելի է ընդդիմանալ արմատապես, կարելի է ընդդիմանալ չափավոր, բայց եթե դու մաս չես կազմում կառավարությանը, ուրեմն ընդդիմություն ես: Ես չեմ կարծում, որ ամեն մի քվեարկություն պիտի դարձնենք լակմուսի թերթ: Դա շատ անարդյունավետ, անիմաստ մոտեցում է»:
Անիմաստ է ավելացնել որեւէ բան:

Մեկնաբանություն