Հարսնաքարում ոստիկանության եւ Ռուբեն Հայրապետյանի գործողությունները փորձ է արվում ներկայացնել իբրեւ պատասխան մասնավոր սեփականության դեմ ոտնձգությունների:
“Առավել ևս անթույլատրելի է սեփական հայացքների պաշտպանությունն այլ անձանց կամ նրանց պատկանող գույքի հանդեպ հարկադրական գործողություններ կատարելու եղանակներով: Ոստիկանությունը պետք է ապահովի ոչ միայն խաղաղ հավաքին մասնակցող առանձին անհատների անվտանգությունը, այլև պաշտպանի մասնավոր սեփականությունը ցանկացած ոչ իրավաչափ ոտնձգությունից”, նույնիսկ ասում է մարդու իրավունքի Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հայտարարության մեջ, որտեղ իհարկե նաեւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին է խոսում:
Բայց, “մասնավոր սեփականության պաշտպանության” խնդիրը թերեւս առավել հետաքրքրական է, որովհետեւ կարծես թե իշխանության համար այն դառնում է մի փրկօղակ, երբ խնդիրներ են լինում քաղաքացիական իրավունքի իրացման, քաղաքացիական պահանջների հետ կապված:
Օրինակ, կար մի ժամանակ, երբ իշխանության համար “հանրային գերակա շահն” էր “սրբազան” եւ քաղաքացիների մասնավոր սեփականությունը բուլդոզերի տակ էին տալիս հանուն այդ հանրային գերակա շահի անվան տակ կառուցղով այլ մասնավոր սեփականության:
Հիմա երեւի թե բոլոր անցանկալի կամ ոչ յուրային “մասնավորությունները” “հանրայնացվել” են եւ իշխանությունն արդեն “մասնավոր սեփականությունն” է հռչակել սրբազան մի կատեգորիա: “Մասնավոր սեփականության պաշտպանությանն” էր հղում անում Տարոն Մարգարյանը, երբ փորձում էր հիմնավորել Մաշտոցի պուրակում բուտիկներ տեղադրելու անօրինական որոշումը:
Հիմա էլ Ռուբեն Հայրապետյանի “մասնավոր սեփականությունն” են պաշտպանում ոստիկանները եւ օմբուդսմենը, թեեւ վերջինս ի տարբերություն ոստիկանների, նաեւ քաղաքացիներին է փորձում պաշտպանել:
Ի դեպ, նույն ոստիկանները նաեւ Մաշտոցի բուտիկներն էին պաշտպանում: Իսկ ահա երբ մարդկանց դուրս էին շպրտում Հյուսիսային պողոտայի կամ Գլխավոր պողոտայի կառուցապատման համար, ոստիկանությունը դուրս շպրտողների, ոչ թե շպրտվողների կողքին էր:
Ընդ որում, մարդկանց “մասնավոր սեփականության” իրավունքը այդ ամանակաշրջանում ոտնահարվում էր հանուն “սպեկուլյատիվ կապիտալի”: Բանն այն է, որ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էր շաբաթներ առաջ Lragir.am- ի հարցին պատասխանելիս ասել, որ այդ տարիների կապիտալ շինարարության մեջ բավական մեծ էր սպեկուլյատիվ կապիտալը: Կասկած չկա, որ այն կար նաեւ Հյուսիսային պողոտայում եւ Գլխավոր պողոտայում:
Հիմա արդեն իշխանությունը “հանրային գերակա շահի” իշխանությունից վերածվում է “մասնավոր սեփականության պաշտպանության” իշխանության:
Թե որ իշխանությունը պետք է պաշտպանի մարդու ամենամասնավոր ամենասեփականությունը՝ կյանքը, պարզ չէ: Պարզ չէ, որովհետեւ երբ արտոնյալ խավի որեւէ ներկայացուցիչ որեւէ տեղ որեւէ քաղաքացու է բռնության ենթարկում՝ ծեծում, իսկ երբեմն էլ նաեւ սպանում, ոստիկանություն որպես կանոն չկա, չկա տվյալ պահին տվյալ տեղում քաղաքացու պաշտպանությունն իրականացնող իշխանական կառույց:
Բայց երբ քաղաքացիները սկսում են բողոքել այդ ամենի դեմ, անօրինականությունների դեմ սկսում են բողոքի ակցիաներ կիրականացնել, հանկարծ հայտնվում է ոստիկանությունն ու սկսում է պաշտպանել “մասնավոր սեփականությունը”:
Ընդ որում, ամենահետաքրքրականն այն է, որ գտնվում են մարդիկ, ովքեր այդ ամենը տեղավորում են իրավական դիսկուրսի շրջանակում եւ սկսում են դատողություններ անել հենց այդ պրիզմայով: Ու թվում է, թե այստեղ ամեն ինչ անհերքելի է եւ այլ պրիզման պարզապես անտեղի է եւ խոցելի:
Իրականում սակայն, հարց է առաջանում, թե ո՞ր իրավունքի մասին է խոսքը:
Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը հիմնովին ներկայացնել քաղաքացիներին, թե ո՞ր իրավունքի շրջանակում է պետք դիտարկել գործընթացը:
Ո՞ր իրավունքն է, որ Հայաստանում գործել եւ գործում է լիարժեք, հանդիսանալով լեգիտիմ այն հարթությունը, որտեղ ազատությունն ու հավասարությունը գործում են ներդաշնակ:
“Պետակա՞ն” իրավունքը: Բայց չէ որ Հայաստանում ամենաշատը ոտնահարվում է հենց այդ իրավունքը: Հետո ինչ, կասեն, չէ որ հենց դրա համար պետք է լինի քաղաքացիների պայքարը՝ պետական իրավունքի վերականգնման համար, ու չի կարելի այդ պայքարը առաջ տանել անիրավությամբ:
Մինչդեռ, հանուն նաեւ պետական իրավունքի ապագա գերակայության, պետք է թերեւս գիտակցվի այն պարզ իրողությունը, որ Հայաստանում չի կարող լինել ըստ էության անիրավություն, քանի որ երկրում միայն անիրավությունն է հասցված իրավունքի մակարդակի՝ կան անիրավության իրավունք ունեցողներ, եւ կան անիրավության իրավունք չունեցողներ:
Եվ այս պայմաններում, երկրում այս մթնոլորտի պետական մակարդակով լեգիտիմացման պայմաններում “պետական իրավունքի” շրջանակը դառնում է ոչ թե պաշտպանիչ զրահ, այլ ձեռնաշթղթա, որ անիրավության իրավունք ունեցողները հագցնում են “անիրավության իրավունք” չունեցողների ձեռքերին՝ “պետական իրավունքի” անվան տակ:

Մեկնաբանություն