Վերջին շրջանում կրկին աշխուժացել է Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիայի հնարավոր վաճառքի մասին խոսակցությունը, որի շրջանակում շոշափվում է նաեւ գործարար Հարություն Փամբուկյանի անունը, ով, ըստ մամուլի տեղեկության, մտադիր է գնել Արմավիան: Այդ տեղեկության մեջ նշվում է, որ Փամբուկյանն ավելի շատ մտադիր է Արմավիան գնել Ռուսաստանի գործարարների համար:
Նա ունի այդպիսի միջնորդության փորձ: Հայաստանի բաշխիչ ցանցերը Փամբուկյանը ձեռք բերեց իր բոլորին անհայտ Միդլենդ Ռեսուրսիզ ընկերությամբ, իսկ հետո դրանք վաճառեց հայտնի ՌԱՕ ԵԷՍ-ին:
Ներկայում գուցե նույն բանը փորձ է արվում անել ազգային Ավիափոխադրող Արմավիայի պարագայում:
Արմավիան ներկայում բավական բարդ իրավիճակում է, ինչի մասին վկայում են ձեռնարկության տարաբնույթ պարտքերն ու աշխատանքի պարբերական խափանումները:
Միեւնույն ժամանակ, տվյալ պարագայում երեւի թե հարաբերական է խոսել այն մասին, թե ռուսները փորձում են գնել Արմավիան: Դրա ներկայիս սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ինքը այսպես ասած “ռուսական վեկտորի” բիզնեսմեն է եւ հենց Արմավիայի հարցում բավական սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ:
Օրինակ, Արմավիան է հանդիսանում ռուսական արտադրության Սուխոյ քաղաքացիական օդանավերի Superjet մակնիշի առաջին գնորդը, այն դեպքում, երբ մինչ այժմ բավական խնդրահարույց է այդ օդանավերի տեխնիկական բնութագիրը:
Այնպես որ, երեւի թե կարելի է ասել, որ ռուսները Հարութ Փամբուկյանի միջոցով ոչ թե փորձում են ձեռք բերել Արմավիան, այլ ավելի շուտ փորձում են պահել այն: Բանն այն է, որ Հայաստանի ազգային ավիափոխադրողի ֆինանսական բարդ իրավիճակն ու կառավարման արդյունավետության ակնհայտ հարցերը, առաջ բերելով վաճառքի նպատակահարմարության հարցը, փաստացի կարող են առաջ բերել նաեւ ընկերությունն այսպես ասած “արեւմտյան վեկտորի” մեջ տեղավորելու հեռանկար, քանի որ “ռուսական վեկտորում” Արմավիան ակնհայտորեն չի կարողանում դառնալ այն ավիափոխադրողը, ինչը անհրաժեշտ է առավելապես օդային դարպասի, ինչպես նաեւ զգալիորեն զբոսաշրջության տնտեսական էֆեկտի հույսին մնացած Հայաստանի Հանրապետությանը:
Ռուսաստանը Փամբուկյանին թերեւս մեջ է գցում, որպեսզի Արմավիան հանկարծ չգնի որեւէ արեւմտյան ներդրող:
Այլ կերպ ասած, Արմավիայում եթե փոխվի էլ սեփականատերը, ոլորտում խոշոր հաշվով կարող է եւ ոչինչ չփոխվել, եթե պահպանվի մինչ այժմ եղած տնտեսա-քաղաքական վեկտորը:
Մինչդեռ, ազգային ավիափոխադրումների ոլորտում փոփոխությունները Հայաստանի համար դարձել են կենսական հրամայական: Օրինակ, կարող է լուծման արդյունավետ տարբերակ լինել այն, որ Արմավիան ձեռք բերի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ով նաեւ Երեւանի Զվարթնոց օդանավակայանի կառավարման իրավունքն է ձեռք բերել: Էռնեկյանի ներդրումները էապես փոխեցին օդանավակայանը, եւ եթե պահպանվում է ազգային ավիափոխադրողի մենաշնորհը, ապա կառավարման տեսանկյունից միգուցե արդյունավետ կլինի, որ ընկերության եւ օդանավակայանի կառավարիչը լինի նույնը:
Բայց, իհարկե ամենից նպատակահարմարը թերեւս կլինի այն, որ ոլորտը ապամոնոպոլացվի, եւ Հայաստանում ավիաբիզնեսի ոլորտում ձեւավորվի մրցակցություն, ինչը կարող է նպաստել թե ընկերությունների արդյունավետ կառավարմանը, թե ոլորտի իրական զարգացմանը եւ համաշխարհային մակարդակում մրցունակությանը:

Մեկնաբանություն