Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները կարծես թե կամաց-կամաց ակտիվանում են, թերեւս երկարատեւ ու ծանր լռությունից հետո գտնելով այն առանցքը, որի վրա պետք է կառուցեն իրենց խոսքը: Այդ առանցքը «քաղաքական շահարկումներն» են: Այսինքն, Հանրապետականները սկսել են խոսել այն մասին, որ Վահե Ավետյանի սպանության առիթով տեղի են ունենում «քաղաքական շահարկումներ», եւ շատերը փորձում են այդ ողբերգության վրա քաղաքական միավոր հավաքել ՀՀԿ դեմ:
Այս պարզունակ հայտնագործությունը տեւական ջանք է պահանջել ՀՀԿ-ից, դատելով այն բանից, որ կուսակցությունը երկար ժամանակ լռում էր: Չի բացառվում նաեւ, որ սպասում էին Սերժ Սարգսյանի վերադարձին Ուկրաինայից, որպեսզի նրա հավանությանն արժանացնեն պատասխան հնարքի այդ տարբերակը:
Իրականում, անշուշտ չի բացառվում, որ կան մարդիկ, ովքեր փորձում են տեղի ունեցածն օգտագործել քաղաքական միավորների համար: Ընդ որում, այդ համատեքստում չի էլ բացառվում, որ կան այդպիսի ՀՀԿ-ական մարդիկ էլ, որոնք գուցե ոչ անմիջականորեն, բայց միջնորդավորված տարբերակներով փորձում են օգտագործել տեղի ունեցածը ՀՀԿ ներսում իրենց մրցակիցների հետ հաշիվ մաքրելու համար:
Ընդհանրապես, ցանկացած երեւույթի պարագայում, լինի երջանկություն թե ողբերգություն, անխուսափելի են տարատեսակ եւ տարամետ շահարկումները: Իհարկե, կան ուժեր եւ մարդիկ, որոնք ներկայում դատապարտում են տեղի ունեցածը, բայց լռել են, լռում են եւ թերեւս կլռեն նախկինում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք կամենում են իրողությունն օգտագործել անձնական կամ կուսակցական նպատակներով: Եվ բնական է, որ այդ ամենում հանրային թիրախի կարգավիճակում հայտնված ուժի համար շահեկան է հենց այդ հանգամանքը բերել առաջին պլան, նենգափոխել խնդիրն ու պաշտպանվել դրանով, թեկուզ մի քիչ:
ՀՀԿ-ն ներկայում զբաղված է, կամ սկսում է զբաղվել դրանով, չգտնելով առավել առաջադեմ տարբերակի ուժ կամ հնարամտություն: Այդ կուսակցությունը, հատկապես իր առաջին դեմքերի մակարդակով, արդեն մոտ չորս տարի է, որ հասարակությանը կարգին ձանձրացրել է ինքնափոխվելու պատրաստակամության մասին հավաստիացումներով: Դրա առաջին եւ վառ օրինակ կարող էր լինել այն, որ ՀՀԿ-ն ուժ գտներ ինքն առաջինը դատապարտել տեղի ունեցածը, ինքն առաջինը ընդուներ, որ այդ հանցավոր ողբերգությունն ունի ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյաքաղաքական պատասխանատվության ասպեկտ, ներողություն խնդրեր Վահե Ավետյանի հարազատներից եւ հասարակությունից, ստանձներ այդ պատասխանատվությունը, հանրության առաջ ստանձներ նաեւ այդ ասպեկտին հետամուտ լինելու եւ կոնկրետ քննարկում ծավալելու, այդ միջոցով համակարգային լուծում գտնելու պատրաստակամությունը:
Բայց, ՀՀԿ-ն չգտավ այդ ամենի ուժը, չգտավ այդ ամենի խիղճը: ՀՀԿ-ն ցույց տվեց, որ ունակ չէ ավելիին: Եվ եթե որեւէ մեկը քաղաքական նկատառումներով խոսում էր ՀՀԿ-ի դեմ, ապա ՀՀԿ-ն էլ լռում էր «քաղաքական նկատառումներով», սպասելով, մինչեւ կկուտակվի «քաղաքական նկատառումներով» խոսքի այնպիսի պաշար, որի վրա հնարավոր կլինի կառուցել պատասխանը՝ նենգափոխելով գլխավոր խնդիրը՝ Վահե Ավետյանի կյանքի դեմ կատարված ոտնձգությունը, դրա համակարգային բնույթը եւ այդ ամենի դեմ հասարակական ընդվզումը: Եվ այստեղ կողմերը հավասար վիճակում են, հետեւաբար ՀՀԿ-ն չի կարող դժգոհել իր հանդեպ եղած մի բանից, որին նաեւ ինքն է տուրք տվել, տվյալ պարագայում հասարակության եւ պետության հանդեպ:

Մեկնաբանություն