Ճակատագրական սխալի առաջ

    • Մեկնաբանություն - Երեքշաբթի, 03 Հուլիսի 2012, 12:13

Վաղը Ազգային Ժողովի մոտ բողոքի ակցիա է լինելու, Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջով: Ազգային Ժողովում վաղը ելույթ է ունենալու Եվրոպայի Խորհրդի նախագահը, եւ նիստը լինելու է այդ առիթով:

ԱԺ մեծամասնությունը, ի դեպ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ դարձած ՀՀԿ-ն, արդեն իսկ ցույց է տվել, որ կանգնած է Ռուբեն Հայրապետյանին հանրային պահանջներից պաշտպանելու դիրքերում: Նրան ՀՀԿ խոսնակի մակարդակով հայտարարել են բարոյական ու պարկեշտ մարդ, եւ այդպիսով ակնարկել հասարակությանը, որ Ռուբեն Հայրապետյանն անձեռնմխելի է:

Իհարկե, դեռ կա ՀՀԿ խոսնակից ավելի բարձր՝ ՀՀԿ նախագահի մակարդակը: Այստեղ առայժմ համեմատական լռություն է, թեեւ խոսուն փաստ էր այն, որ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի հետ մեկնել էր Կիեւ Եվրո 2012-ի եզրափակիչը դիտելու: Սերժ Սարգսյանը կարող էր չգնալ, կամ կարող էր գոնե Հայրապետյանի հետ չգնալ: Գնալով նրա հետ, Սարգսյանը փաստացի լռելյայն աջակցություն է հայտնում Ռուբեն Հայրապետյանին, կամ այլ կերպ ասած՝ պաշտպանում է նրա “բարոյականության եւ պարկեշտության” թեզը:

Բայց, իրադարձությունները, հասարակական ընդվզումը զարգանում է ակակնկալ արագությամբ եւ միասնականությամբ, ինչը անշուշտ Սերժ Սարգսյանին կարող է ստիպել վերանայել սեփական դիրքորոշումը, առավել եւս, որ այն դեռ չի արտահայտվել անձնապես՝ լռության միջոցով Սարգսյանն իրեն թողել է անհրաժեշտ մանեւրի տեղ:

Շատերը համոզված են, որ Սերժ Սարգսյանը չի կարող Հայրապետյանին չպաշտպանել, քանի որ նա Սարգսյանի իշխանության հենասյուն հանդիսացող օլիգարխներից մեկն է, որի միջոցով Սարգսյանը պահում է իշխանությունը, վերարտադրում այն:

Բայց ներկայում իրավիճակը թերեւս փոքր ինչ այլ է դառնում, եւ Սարգսյանը ոչ թե չի հանձնի Հայրապետյանին, որովհետեւ նա իր իշխանության հենասյուներից մեկն է, այլ որովհետեւ ներկայում Սերժ Սարգսյանն է կարծես թե ստանում այդ հենասյուներից մեկի վրա լիակատար իշխանություն ունենալու հնարավորություն:

Ռուբեն Հայրապետյանի միակ պաշտպանը ներկայում դառնում է Սերժ Սարգսյանը: Հայրապետյանի ճակատագիրը փաստորեն կախվում է Սերժ Սարգսյանի կամքից, հետեւաբար Հայրապետյանը հայտնվում է Սարգսյանի լիակատար իշխանության ներքո:

Ընդ որում, Հայրապետյանին ներկայում չի կարող պաշտպանել նույնիսկ օլիգարխիական հանրույթը: Ոչ միայն այն պատճառով, որ այդ հանրույթում ինքնին կան շահերի լուրջ բախում՝ տնտեսա-քաղաքական եւ նաեւ անձնական շարժառիթներով: Բանն այն է, որ երբ օլիգարխիան փորձի Ռուբեն Հայրապետյանին պաշտպանել եւ Սերժ Սարգսյանին թույլ չտա լիակատար իշխանության տակ վերցնել իրենցից մեկին՝ ում չի բացառվում, որ հետո այդ իշխանության ազդեցությամբ օգտագործի իրենց իսկ դեմ, Սարգսյանը կարող է պարզապես սեղանին դնել իրականությունն ու ասել, որ Հայրապետյանն իրենց բոլորին է դրել հարվածի տակ, եւ ինքը բոլորի համար է գործում:

Ամբողջ հարցն այն է, թե Սարգսյանն ինչպես, կամ ու՞մ դեմ կիրացնի Ռուբեն Հայրապետյանի վրա ունեցած իշխանությունը:

Այդ իշխանությունը կարող է նաեւ իրացվել հասարակության դեմ, բայց դա տվյալ պարագայում կլինի թերեւս ամենամեծ եւ ճակատագրական սխալներից մեկը, որ Սերժ Սարգսյանը գործած կլինի իր նախագահական կարիերայի ընթացքում:

Ավելին, Սերժ Սարգսյանը կարծես թե բացառիկ հնարավորություն ունի այդ իշխանությունն օգտագործել հասարակության համար, որովհետեւ ներկայում ոչ պակաս մեծ եւ ճակատագրական սխալ կլինի որեւէ դեպքում հասարակական կարծիքին ու տրամադրությանը համահունչ չգործելը, առավել եւս, որ այդ համատեքստում ներկայում ներառվում է նաեւ բանակի սպայակազմի տրամադրության պարագան, որն արդեն իսկ ունեցել է արմատական զարգացման ուրվագծեր:

Ընդ որում, այստեղ իհարկե խնդիրը Սերժ Սարգսյանի հասարակամետությունը չէ: Ավելին, նա գուցե շատ ափսոսում է, ցավում, որ յուրային օլիգարխը հայտնվեց ծանր կացության մեջ եւ իրեն էլ դրեց նույն վիճակում: Բայց, հենց իր իսկ վիճակից ելնելով Սերժ Սարգսյանը ներկայում պետք է մտածի հասարակությանը համահունչ լինելու մասին, այլապես հակառակ պարագայում ժամանակի ընթացքում կարող է հայտնվել յուրային օլիգարխից ավելի ծանր վիճակում:

Ամենաընթերցվածը