Նոր «պարտիզանություն» իշխանության մեջ

    • Մեկնաբանություն - Երկուշաբթի, 02 Հուլիսի 2012, 12:38

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ, իշխանությունն արժանացրել է հետաքրքրական պատասխանի: Վարդան Օսկանյանին Facebook-ի իր էջում պատասխանել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ինչ խոսք, այդ պատասխանը չի կարելի համարել պաշտոնական, քանի որ Սարգսյանը այն տեղադրել է սոցիալական ցանցի իր անձնական էջում, ոչ թե տարածել իշխանության անունից: Բայց, մյուս կողմից, Վիգեն Սարգսյանը թերեւս շատ լավ է պատկերացնում, որ անկախ ամեն ինչից դա ասոցացվելու է հենց իշխանության պատասխանի հետ:

Նա փորձում է հակադարձել Օսկանյանի գնահատականներին, նշել, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքը ամենեւին էլ վատ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, ու միեւնույն ժամանակ Վիգեն Սարգսյանը կարծես թե ամրագրում է այդ ամենի առանցքը՝ Վարդան Օսկանյանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործակցության առաջարկ է անում Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ընդ որում, Վիգեն Սարգսյանը նաեւ հիշեցնում է, որ Վարդան Օսկանյանը Տեր-Պետրոսյանի կարգավորման տարբերակը որակել է “պարտվողական”:

Վիգեն Սարգսյանի պարագան բավական ուշագրավ է: Նա նախագահի նստավայրում է դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից: Սարգսյանը Քոչարյանի օգնականներից էր: Նա իր կարգավիճակը պահեց նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում: Ավելին, երբ Կարեն Կարապետյանը հեռացվեց աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, Վիգեն Սարգսյանն ինչ որ առումով անակնկալ նշանակվեց աշխատակազմի ղեկավար: Բանն այն է, որ դրանից որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցները մի անանուն նամակ էին ստացել, որտեղ խոսվում էր այն մասին, որ Վիգեն Սարգսյանին մեղադրում էին ԱՄՆ օգտին աշխատելու համար: Ուշագրավ է նաեւ, որ խորհրդարանի ընտրության օրերին մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Վիգեն Սարգսյանի դիրքերը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում բավական թուլացել են, քանի որ Սերժ Սարգսյանը նրան կասկածում է երկակի խաղ խաղալու համար՝ այսինքն մի կողմից իր, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի օգտին խաղալու համար:

Եվ ահա, Վիգեն Սարգսյանը որոշում է պատասխանել Վարդան Օսկանյանին, ով ներկայում համարվում է Ռոբերտ Քոչարյանի շրջանակի մարդ, որի միջոցով Քոչարյանը փորձում է որոշակի քաղաքական ծրագրեր առաջ մղել: Արդյոք Սարգսյանը փորձում է ցրել Սերժ Սարգսյանի կասկածներն ու ցույց տալ, որ խաղում է նրա, ոչ թե Քոչարյանի օգտին, եւ նույնիսկ բացահայտում Օսկանյան-Տեր-Պետրոսյան հնարավոր գործակցությունը, ինչը գրեթե հավասարազոր է Տեր-Պետրոսյան-Քոչարյան գործակցության:

Մյուս կողմից, միգուցե Վիգեն Սարգսյանի պատասխանն Օսկանյանին ուներ այլ նպատակ, ինչպես ընդունված է դիտարկել որոշ լրատվական եւ փորձագիտական շրջանակներում՝ պարտիզանական նպատակ, երբ Վիգեն Սարգսյանը փորձում է Սերժ Սարգսյանին հավատարմություն եւ նվիրվածություն ցուցաբերել, որպեսզի մնա նրա շրջապատում եւ շարունակի այն երկակի խաղը, որի մասին գրում էին լրատվամիջոցները: Ի վերջո, կա նախադեպ, երբ շատերը հենց այդօրինակ մարտավարությամբ երկակի խաղի կամ “պարտիզանության” էին մղում Գագիկ Ծառուկյանին:

Բայց, այդ ամենի մեջ էականն իհարկե ոչ թե այս կամ այն գործչի նախաձեռնության շարժառիթներն են, որքան Հայաստանի համար գերկարեւոր խնդրի վերաբերյալ նախկին ու ներկա պաշտոնյաների “երկխոսության” մակարդակը եւ բովանդակությունը:

Ստատուս-քվոյի նոր հիմքը հոդվածում անդրադարձել էի Ղարաբաղի հարցում պետական եւ հասարակական ադեկվատության, իմունային կենսունակ համակարգի ձեւավորման հարցում նախկին պաշտոնյաների էական դերակատարության խնդրին: Ներկաների ու նախկինների համար Ղարաբաղի հարցը փաստացի հանդիսանում է ընդամենը քաղաքական կոնյուկտուրայից բխող այս կամ այն նպատակի սպասարկման միջոց:

Դրա մասին է վկայում այն, որ այդ “երկխոսությունը”՝ նախկինների եւ ներկաների միջեւ, բաց չէ, բովանդակային առումով լիովին անկեղծ չէ: Պատահական չէ, որ այդ “երկխոսության” ընթացքում կողմերը միաժամանակ նաեւ մեկ Արեւմուտքին են ռեվերանսներ անում, մեկ Ռուսաստանին: Դա վկայում է, որ ընթանում է ոչ թե պետական եւ հասարակական կենսունակ իմունային համակարգի ձեւավորման, այլ ընդամենը փոխադարձ հաշիվների պարզաբանման մի գործընթաց, որը վկայում է Հայաստանի ընդհանուր պետական ոչ ադեկվատության մասին:

Սա իսկապես լուրջ խնդիր է, որի հետեւանքով է թերեւս ձեւավորվել իրավիճակը, երբ պատերազմի հաղթանակը խաղաղության ռեսուրս դառնալու փոխարեն վերածել են բեռի եւ ներքաղաքական ալիբիի:

Եվ այդ ամենից բացի, միեւնույն ժամանակ, նկատ ունենալով այն, որ Վիգեն Սարգսյանը համարվում է Հայաստանի իշխանության այսպես ասած արեւմտյան կամ ավելի շուտ ամերիկյան վեկտորի ընդգծված գործիչներից մեկը, նրա ի պատասխան անդրադարձը կարող է ունենալ ուշագրավ այլ կողմ, ենթատեքստ: Այն կարող է հանդիսանալ ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ ասենք Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ ԱՄՆ պատասխանը Վարդան Օսկանյանին, առավել եւս, որ Օսկանյանն իր անդրադարձում բավական շոշափում է վերջին զարգացումներում Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հանգամանքը:

  1. Կճոյանի սանիկը պետության անվտանգության ծիրում
    Հայաստանի իշխանության եւ նրա սանիկների ազնիվ խոսքին հավատալը արդեն ոչ միայն դյուրահավատության նշան է, այլ պարզապես հիմարության:
    11:46 19/06/2013
  2. Պատերազմը սկսել է. Որտեղից է այն կառավարվում
    Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվների աղմկոտ բացահայտումներից հետո խորհրդարանն անցել է «փոխել վարչապետին» գործողության երկրորդ մասին:
    11:27 19/06/2013
  3. Իշխանական համակարգը քայքայվում է բնական ճանապարհով
    Բոլորը շտապում են մեղադրել միմյանց գողության մեջ, որպեսզի չմեղադրվեն, կանիբալիզմի դեպքեր են տեղի ունենում:
    09:43 19/06/2013
  4. Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով
    Դժվար է ասել, թե ինչն է Ռուսաստանին մղում դառնալ Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարը
    09:28 19/06/2013
  5. Ինչպես են Հովիկ Աբրահամյանին գցել թակարդը
    Երեւի թե կասկած չկա, որ կառավարության այդ թակարդում հայտնվել են ուրիշ «մկներ» էլ, որոնք հանդիսանում են խոշոր հողատերեր
    17:33 18/06/2013
  6. Տիգրան Սարգսյանը կդիմանա՞ մինչեւ նոյեմբեր
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում:
    14:48 18/06/2013
  7. Ռուսական տանկերը կկրակեն Ղարաբաղի ուղղությամբ
    Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:
    11:04 18/06/2013
  8. Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը
    Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը:
    10:42 18/06/2013
  9. Պուտինն «ինչ-որ հեռացող, հոգեւոր…» բան է առաջարկում
    Պուտինը ոչ այնքան որոշակի, սակայն բավական ամբողջական ընտրություն է ներկայացրել, որի առաջ կանգնել են Հայաստանն ու նրա նման երկրները:
    09:27 18/06/2013
  10. Ամուլսարը եւ իշխանության լեգիտիմության հարցը
    Հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ չէ, ու եթե այս մակարդակում այն սկսի ինտեգրվել բիզնես-քաղաքական խոշոր շահարկումների մեջ, թափանցիկության հույս ընդհանրապես կարող է չլինել:
    17:11 17/06/2013