Ամենալավ գործարարներ, ամենավատ տնտեսություն

  • Մեկնաբանություն - 28 Հունիսի 2012, 13:31

Հայ գործարարները լավագույնն են: Սա իմ կարծիքն է, որը ձևավորվել է Հայաստանում երկար տարիներ գործարարությամբ զբաղվելու և հարյուրավոր հայ և այլազգի գործարարների հետ շփումների ընթացքում:

Հայկական Ծրագրեր ընկերությունը արդեն 25 տարի զբաղվում է հաշվապահական և բանկային համակարգեր մշակելով և ներդնելով: Մենք առնչվել ենք հայաստանի բոլոր ոլորտների ձեռնարկությունների հետ: Մենք 3000-ից ավել Պատվիրատու ունենք, այդ թվում, Հայաստանում գործող գրեթե բոլոր արտասահմանյան ձեռնարկությունները:

Մեր գործն այնպիսին է որ լավ ծանոթանումենք մեր Պատվիրատուների գործերին: Մենք տեսնում ենք ձեռնարկության ղեկավարների գործելակերպը, նրանց կայացրած որոշումները, նրանց վերաբերմունքը իրենց աշխատակիցներին, իրենց գործընկերներին:

Ու այս տարիների ընթացքում կամաց-կամաց եկա այն եզրակացության, որ հայգործարարներն ուղղակի լավագույնն են: Բայց այս մասին, ես չէի համարձակվում խոսել, վախենալով, որ չի ընկալվի,քանի դեռ չէր հրապակվել ԱՄՆ դեսպանի հետևյալ միտքը:

“Աշխարհով մեկ ցրված հայերը ամենաձեռներեց խավն են բոլոր այն երկրներում, որտեղ նրանք հաստատվել են, այդ թվում` ԱՄՆ-ում”: Այդ մասին, հունիսի 14-ին, հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանի խոսքով` “ոչ մի մշակութային խոչընդոտ չկա, որ հայերը բիզնես ոլորտում նաեւ Հայաստանում հաջողության հասնեն”:

Սրա հետ մեկտեղ, մենք բոլորս գիտենք, որ մեր տնտեսության վիճակը շատ վատն է: Իսկ ըստ Forbes-ի դասակարգման, աշխարհում ամենավատերից մեկը:

Արտառոց վիճակ է, երբ ունենալով աշխարհի լավագույն գործարարները, Հայաստանն ունի ամենավատ տնտեսություններից մեկը:

Վերջերս կարդում էի Սոնի ընկերության հիմնադիր Ակիո Մորիտայի “Պատրաստված է Ճապոնիայում” գիրքը: Սոնի ընկերության չափազանց հետաքրքիր պատմությունն է, ստեղծման օրից սկսած: Գիրքը վերջացնելուն մոտ զգացի, որ ինչ որ շատ անսովոր բան կար շարադրվածում: Ու հասկացա, թե ինչն էր անսովորը: Հեղինակը գործնականում չէր խոսում կառավարության մասին: Մի երկու տեղ միայն, երբ պետք էր ինչ որ հարց լուծել ընկերության և Ճապոնիայի համար: Նրանք հանդիպում և արագորեն լուծում էին խնդիրը:

Ու ես մտածեցի, թե ինչ կասեին հայ գործարարները իշխանությունների մասին, եթե գրեին իրենց պատմությունը: Նրանք կբաժանվեին երկու խմբի:

Առաջին, փոքրաթիվ խումբը` “օլիգարխները”, կգրեին, թե ինչպես են իշխանությունների հետ միասին բաժան-բաժան արել հանրային ունեցվածքը, խուսափել հարկերից:

Երկրորդ խմբի “հասարակ”գործարարները կպատմեին, թե ինչպես են,մի կերպգոյատևել, իշխանությունների հավերժ հետապնդումների պայմաններում:Մեր գործարարներն իրենց թանկ ժամանակի,էներգիայի, հույզերի մեծ մասը վատնում են իշխանությունների հետ պայքարում:

Մեր տնտեսությունն ամենավատը կլինի, քանի դեռ իշխանությունները չեն հասկացել, որ զարգացումը և բարեկեցությունը ստեղծվում ենձեռնարկությունների աշխատանքով:

Ներողություն եմ խնդրում, որ հաջորդ միտքս հաղորդում եմ Հայկական Ծրագրեր ընկերության օրինակի վրա:

Մեր ընկերությունը 25 տարեկան է: Մեզ մոտ աշխատում են ԵՊՀ, ՀայՍլավոնական, Տնտեսագիտական համալսարանների լավագույն շրջանավարտները: Ունենք գիտությունների վեց թեկնածու, մեկ դոկտոր, տասներեք ասպիրանտ: Մենք շատ մեծ ժամանակ ենք հատկացնում ղեկավարման, մշակման և սպասարկման տեխնոլոգիաներ ուսումնասիրելուն և ներդնելուն: Մանրամասն նկարագրելը երկար կլինի: Մեզ մոտ բոլորը համախոհներ են և մենք կուռ թիմով ձգտում ենք լավագույն ընկերությունն ստեղծել: Այսքանից հետո, մենք ընդամենը 120 աշխատակիցներով մի ընկերություն ենք և առջևում նոր, հսկայական խնդիրներ ու դժվարություններ ենք տեսնում:

Այսպես է ուրիշ շատ ձեռնարկություններում:

Մենք պատկերացնում ենք, որ պետության խնդիրները մի քանի կարգով ավելի բարդ են, քան ձեռնարկությունների խնդիրները: Շատ-շատ ավելի բարդ: Դրան հակառակ, իշխանությունների համախմբվածությունը, պրոֆեսիոնալ ու մարդկային մակարդակը շատ ավելի ցածր է:

Կառավարման այբուբենն ասում է, որ մարդը, կազմակերպությունը, պետությունը հաղթում է իր առավելությունների շնորհիվ և պարտվում է իր թուլությունների պատճառով: Ուրեմն պետք է աշխատել, որ թուլությունները չարտահայտվեն և շեշտը դնել առավելությունների վրա:

Այս պարագայում, իշխանությունների մարտավարությունը պետք է լինի հետևյալը`

1. Նվազագույնը միջամտել տնտեսությանը:

2. Մրցակցային պայմաններ ստեղծել բոլոր ոլորտների համար:

3. Ամենամեծ պատասխանատվությամբ վերաբերվել կրթությանը:

Ամենաընթերցվածը