ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ին ասել է, որ ԲՀԿ-ն «պատեհ պահին» անպայման կասի, թե ինչպես է մասնակցելու 2013 թվականի նախագահի ընտրությանը՝ սեփական թեկնածուով, թե ոչ:
Եթե հիշում եք, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այդ մասին հարցերին սովորաբար պատասխանում էր «այդ մասին՝ հաջորդ դասին» նախադասությամբ: Հիմա ԲՀԿ-ն փաստացի ասում է “այդ մասին՝ պատեհ պահին”: Ըստ երեւույթին, ԲՀԿ համար դասն ավարտվել է, եւ մնացել է ընդամենը պահը: Ու եթե Բարգավաճ Հայաստանը “պատեհ պահին” է սպասում, պետք է ենթադրել, որ դասն այդքան էլ հաջող չի ավարտվել:
Բանն այն է, որ պատեհ պահը կարող է եւ մինչեւ 2013 թվական այդպես էլ չլինել, ու կարող է մի բավական տարօրինակ բան ստացվել՝ ԲՀԿ-ն ունենա սեփական թեկնածու, բայց չկարողանա հայտարարել այդ մասին, չունենալով պատեհ պահ:
Որն է պատեհ պահը Բարգավաճ Հայաստանի համար, ընդհանրապես, ինչ է պատեհ պահը քաղաքականության մեջ, եւ ինչ են մյուս պահերը: Այսինքն, արդյոք ԲՀԿ-ի համար ներկայում շատ անպատեհ պահեր են, այսինքն անհարմար, անհարկի: Այլ կերպ ասած, արդյոք Բարգավաճ Հայաստանի խոսնակն այդպիսով չի խոստովանում, որ կուսակցությունը ներկայում բավական դժվար կացության առաջ է:
Բանն այն է, որ ԲՀԿ-ին կարծես թե տրված է ընդդիմության կուրսը, բայց չի տրված սահմանը, թե մինչեւ ուր կարելի է գնալ այդ կուրսով: Ու այնպիսի տպավորություն է, որ Բարգավաճ Հայաստանն ինքն էլ չգիտե, թե ումով, ինչով եւ ինչպես է մասնակցելու նախագահի գալիք ընտրությանը: Ըստ ամենայնի, “պատեհ պահին” ոչ թե ԲՀԿ-ն կասի, այլ ԲՀԿ-ին կասեն, թե ինչպես պետք է մասնակցել 2013 թվականի ընտրությանը:
Հարցն այն է, թե ով պետք է ասի՝ Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը: Պարզ է մի բան, որ որոշողը ԲՀԿ-ն չէ, կամ Գագիկ Ծառուկյանը չէ, այլապես դասը չէր փոխվի պահի: Թեեւ հնարավոր է բավական հետաքրքրական մի տարբերակ, երբ դասն ասենք Սերժ Սարգսյանն է, իսկ պահը՝ Ռոբերտ Քոչարյանը:
Մի քանի ամիս առաջ Բարգավաճ Հայաստանը դասից էր խոսում, այսինքն սպասում էր, թե ինչ դաս կտա Սերժ Սարգսյանը: Ներկայում ԲՀԿ-ն դասը ստացել է, ու այլ բան չի մնում, քան սպասել պահին, ինչը թերեւս նշանակում է, որ Բարգավաճ Հայաստանը սպասում է, թե արդյոք իր քաղաքական ծրագրերը առաջ մղելու հերթական փորձի համար ինչ հարմար պահ կգտնի Ռոբերտ Քոչարյանը:
Չի բացառվում, որ իրավիճակը փոխվի, եւ ԲՀԿ-ն կրկին նստի դասի:

Մեկնաբանություն