Վարդան Օսկանյանի այսպես ասած «գործի» վերաբերյալ ԱԱԾ պարզաբանումը հետաքրքրական որոշակի տարրեր է պարունակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախ հետաքրքրական է, որ գործի առիթը Վարդան Օսկանյանի հիմնադրամի եւ ԱՄՆ-ում գրանցված ընկերությունների փոխհարաբերության, այլ կերպ ասած՝ Սիվիլիթասի եւ ամերիկյան կապիտալի փոխհարաբերությունն է:
Ահա այդ համատեքստում մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ թեեւ քրգործը հարուցվել է 2012 թվականի մայիսի 25-ին, ի դեպ, կոալիցիա չմտնելու մասին ԲՀԿ հայտարարության հաջորդ օրը, այդուհանդերձ այն հանրային սեփականություն դարձավ օրեր անց՝ հունիսի 11-ին: Այստեղ հետաքրքրական հարց կարող է առաջանալ, թե արդյոք դրա հետ կապ ուներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցն ու հաճոյախոսությունը Սերժ Սարգսյանի հասցեին՝ «հիանալի առաջնորդ»:
Այդ դրվագով, մեկ այլ ուշագրավ հանգամանք էր այն, որ Հիլարի Քլինթոնի այցի օրը ԱՄՆ դեսպանատանը կայացած մրցանակաբաշխությանը, երբ մրցանակներ էին հանձնվել Հայաստանում մարդու իրավունքի եւ ազատության համար պայքարող քաղաքացիական սեկտորի ակտիվիստներին, ԱՄՆ դեսպանատուն էր այցելել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Մամուլում տեղեկություն հրապարակվեց նաեւ, որ Ծառուկյանը ձգտել է առանձին հանդիպում ունենալ Հիլարի Քլինթոնի հետ, սակայն չի ստացվել:
Հետաքրքրական է, որ Գագիկ Ծառուկյանն ընդհանրապես մասնակցել է այդօրինակ միջոցառմանը: Բայց, թերեւս պակաս հետաքրքրական չէ, որ Ծառուկյանի հետ չի եղել Վարդան Օսկանյանը: Բանն այն է, որ Վարդան Օսկանյանն անդամակցելով ԲՀԿ-ին, դարձել է այդ կուսակցության այսպես ասած քաղաքական դեմքը: Օրինակ, թերեւս ամենեւին պատահական չէ, որ Հայաստան ժամանող արտասահմանյան դիվանագիտական պատվիրակությունները առանձին հանդիպում են ունենում Օսկանյանի հետ:
Այդ իմաստով, կարծես թե իսկապես ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանը ԱՄՆ դեսպանատուն գնացել էր, իսկ Վարդան Օսկանյանը՝ ոչ:
Ահա այս ֆոնին բավական հետաքրքրական է, որ Քլինթոնի այցից մի քանի օր անց մայիսի 25-ին հարուցված քրգործը դառնում է հանրային սեփականություն: Եվ այստեղ թերեւս հարց է առաջանում, թե ով է առկա գործի բուն ինֆորմացիայի իրական «սեփականատերը» եւ ինչու է այն հանրային սեփականություն դառնում ԱՄՆ պետքարտուղարի հայաստանյան այցից հետո:
Թեեւ, այստեղ գուցե ամենեւին պետք չէ ուշադրությունից բաց փողնել այն, որ այցի եւ ինֆորմացիայի հանրայնացման միջեւ ընկած մի քանի օրերի ընթացքում բավական լարվեց նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի շուրջ առկա ինֆորմացիոն մթնոլորտը:
Ի դեպ, գուցե պակաս հետաքրքրական հանգամանք չէ նաեւ այն, որ գործի «հանրայնացումը» նախօրդեց Ռուսաստանի օրվան, որի առիթով Սերժ Սարգսյանը թե Երեւանում ՌԴ դեսպանատուն այցելեց, թե նաեւ շնորհավորեց Պուտինին ու Մեդվեդեւին: Հատկապես վերջինի պարագան ուշագրավ է, քանի որ այստեղ կա սուբորդինացիայի հարց եւ փոքր ինչ տարօրինակ է, երբ մի պետության ղեկավարը շնորհավորում է մեկ այլ պետության վարչապետի: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը տվյալ պարագայում ունի Ռուսաստանի առաջ սովորականից շատ ջանալու խնդիր:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք է այն, որ հենց նույն օրը տեղեկություն հրապարակվեց Տիգրան Սարգսյանին նշանակվելու կապակցությամբ Մեդվեդեւի շնորհավորանքը, որը փաստորեն եղավ Սարգսյանի նշանակումից 10 անց:
Լուսանկարը՝ hetq.am-ի

Մեկնաբանություն