Մինչ Ճապոնիա եւ Վիետնամ մեկնելը, Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Տիգրան Սարգսյանին: Մինչ այդ, ԲՀԿ նորագիր անդամ Վարդան Օսկանյանը հայտարարում էր, որ խորհրդարանի ընտրությանն իրականում վարչապետ է ընտրվում: Ըստ մտահղացման, ԲՀԿ-ն խորհրդարանի ընտրությանն ապահովում էր ծանրակշիռ ներկայություն եւ ՀՅԴ ու Կոնգրեսի հետ միասին Սերժ Սարգսյանին պարտադրում վարչապետի թեկնածու:
Կարելի է հիշել այն ժամանակահատվածը, երբ խորհրդարանի ընտրությունից հետո բավական երկար անորոշ իրավիճակ էր: Խոսակցություններ էին գնում ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնել-չմտնելու, կոալիցիոն կառավարության կազմի վերաբերյալ: Սակայն, ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել կոալիցիա, եւ հայտարարեց, որ ՀՀԿ-ն չի համաձայնել իրենց հանձնել կառավարությունը, եւ միայնակ թող ստանձնի պատասխանատվությունը:
Ի՞նչ է կատարվել այդ «խորհրդավոր» ժամանակահատվածում: Ըստ «ծրագրի», Սերժ Սարգսյանը պետք է զիջեր վարչապետի պաշտոնը, ըստ այդմ՝ կառավարությունը: Սակայն, այս «ծրագիրը» կամ վերջնագիրը ձախողվեց, ծրագիր, որին փաստացի առնչություն ունեին ԲՀԿ-ն, Կոնգրեսը եւ ինչ որ առումով ՀՅԴ-ն:
Դրանից հետո, ՀՅԴ-ն հայտարարում է, թե համագործակցության եզրեր չի տեսնում ԲՀԿ-ի ու Կոնգրեսի հետ: Կոնգրեսի վերջին շրջանի պահվածքից զգացվում է, որ նա ցանկանում է «թռնել» այս իրավիճակից եւ մասնավորապես ԲՀԿ-ից, եւ փորձել նորից «հիմնավորել իրենց հանճարեղ հաշվարկը»: Քոչարյանից նույնպես տեղեկություն չկա, բացի այն, որ նա Հայաստանում չէ, իսկ Վարդան Օսկանյանին սկսեցին կասկածել «փողերի լվացման» մեջ:
Գագիկ Ծառուկյանին, ըստ էության, մենակ են թողել, կամ նա մենակ է մնացել: Մամուլում տեղեկություն եղավ, որ Ծառուկյանը գնացել էր ԱՄՆ դեսպանատուն, երբ հունիսի 4-ին Երեւան էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Դեսպանատանը տեղի էր ունենում մրցանակների հանձնում Հայաստանի քաղաքացիական հատվածին եւ լրագրողներին: Ծառուկյանը որոշ ժամանակ նստելուց հետո հեռացել էր, այդպես էլ չարժանանալով ընդունելության: Դրանից հետո նա մեկնեց օդանավակայան՝ ճանապարհելու Ճապոնիա եւ Վիետնամ մեկնող Սերժ Սարգսյանին, ինչպես բացատրվեց՝ որպես Անվտանգության խորհրդի անդամ, նույնկերպ դիմավորեց նրան նաեւ վերադարձին:
Քլինթոնի այցից երկու օր առաջ իրավիճակը կարծես հանգուցալուծվեց, եւ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը: Ի՞նչ իրականում տեղի ունեցավ այդ ժամանակ, ով ինչ դեր ունեցավ: Մի բան ակնհայտ էր, որ Վիետնամից Սերժ Սարգսյանի վերադարձից հետո լինելու են ինչ որ զարգացումներ: Եւ դրանք իրենց երկար սպասեցնել չտվեցին. ԱԱԾ-ն սկսել է հետաքննել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը:
Ըստ ամենայնի, ԲՀԿ եւ հատկապես Գագիկ Ծառուկյանի համար սկսում է «վիետնամական սինդրոմի» մի ժամանակահատված: Դժվար է ասել, թե որն է լինելու դրա նպատակը եւ վերջնական արդյունքը՝ հաշվեհարդա՞ր, թե «խաղաղության հարկադրելու» գործողություն: ԲՀԿ-ն իր վերջին շրջանի պահվածքով փաստացի խոցելի է դարձել նման քայլերի համար: Իսկ այդ պահվածքի գլխավոր «ախտանիշը» երկակի իրավիճակն էր եւ «պարտիզանությունը», երբ կուսակցությունը փորձում էր զուգահեռաբար առաջ մղել մի քանի «քաղաքական» գիծ:
Քաղաքականությունը, այն էլ 21-րդ դարում, եւ այն էլ սեփական երկրում, սիրում է, պահանջում է քաղաքական հստակ գիծ, որոշումների թափանցիկություն եւ հաշվետվողականություն: Բոլոր այն ուժերը, որոնք անտեսում էին այս սկզբունքները եւ գործում էին «պարտիզանական» մեթոդներով, բնականորեն կանգնեցին ֆիասկոյի առաջ, կորցնելով հանրային աջակցությունը եւ հայտնվելով իշխանական մամլիչի տակ:
Սա Վիետնամը չէ, որտեղ ժամանակին պարտիզանները հաջողության հասան Սովետական Ռուսաստանի աջակցությամբ:

Մեկնաբանություն