Այս օրերին, նախկին ազատամարտիկների բազմաթիվ կազմակերպություններ հայտնում են վերստին զենք վերցնելու եւ ճակատ գնալու պատրաստակամություն: Այդ հայտարարությունները կարող են լինել իրապես անկեղծ, սակայն շատերն էլ կարող են դրանցով հանդես գալ, լավ իմանալով, որ չի լինելու անհրաժեշտություն: Բանն այն է, որ նախկին ազատամարտիկներից շատերը ներկայում միլիոնատերեր են եւ հազիվ թե նրանք ի վիճակի լինեն թողնել միլիոնատիրոջ կյանքն ու մտնել խրամատ:
Այդուհանդերձ, ինչ էլ ենթադրենք, միեւնույն է, կա պատրաստակամության մասին հայտարարության փաստը եւ այն պետք է գնահատել ու շնորհակալ լինել մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ եւ կռվել Հայաստանի համար, թեկուզ եւ մտքում ունենալով ընդամենը սեփական միլիոնների պաշտպանությունը: Ի վերջո, ամեն ոք ինչ որ սեփական կամ անհատական մի բան է պաշտպանում: Պարզապես տարբեր են գնահատման, ելակետային արժեքները:
Բայց, այստեղ կա մի խնդիր, որի մասին թերեւս արժե խոսել: Հայրենիքի համար վերստին կռվելու պատրաստակամություն են հայտնում Երկրապահ կամավորականների միությունը, Ազատամարտի վետերանների միությունը, այլ կառույցներ: Շնորհակալ լինելով նրանց այդ պատրաստակամության համար, այդուհանդերձ արժե խոսել խաղաղ պայմաններում այդ կառույցների եւ դրանք գլխավորող անհատների դերի մասին:
Ի վերջո, պատերազմին պատրաստվելու, եւ նույնիսկ պատերազմելու լավագույն գործոնը խաղաղությունն է՝ թե ինչպիսի խաղաղություն ես դու կառուցել: Որքան թույլ է կառուցած խաղաղությունը, այդքան մեծ է պատերազմի գայթակղությունը հակառակորդի մոտ:
Դժվար է ասել, Հայաստանի խաղաղությունը թույլ է, թե ուժեղ, ամուր, բայց այն, որ այդ խաղաղությունը կարող էր եւ պետք է ավելի ուժեղ լիներ եւ այդ դեպքում պատերազմի ադրբեջանական մտքերը շատ ավելի կարկամ կլինեին, թերեւս աներկբա է:
Հայաստանի խաղաղությունն ուժեղ կլիներ առավել իրավահավասար, արդարամիտ, ազատ հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ պարզապես մարդկային միջավայր ձեւավորելու, հաստատելու եւ ամրացնելու պարագայում, երբ Հայաստանը ապրելու համար գրավիչ կլիներ թե իր քաղաքացիների, թե նույնիսկ արտասահմանցիների համար:
Բայց փաստ է, որ քսան տարի շարունակ Հայաստանում կառուցվել է լրիվ հակառակ մի պետություն, ինչն էլ հանգեցրել է հանրային պառակտվածության, սոցիալական լարվածության, արտագաղթի մեծ տեմպերի, պետության հանդեպ անվստահության, ոչ լեգիտիմ իշխանական համակարգի առկայության, ինչը զգալիորեն ազդել է պետական կառույցների արդյունավետության, օգտակար գործունեության գործակցի վրա՝ ոստիկանություն, դատաիրավական համակարգ, բանակ, դատախազություն, տնտեսական կարգավորող մարմիններ:
Մարդիկ, որ ներկայում հայտնում են կռիվ գնալու պատրաստակամություն, խաղաղությունը կառուցելիս չեն կռվել այդ երեւույթների դեմ, թեւ հասարակությանն օրինակ թվում էր, որ թշնամու դեմ կռիվ վերադառնալով, նրանք Հայաստանի ներքին կյանքում դառնալու էին արդարության, օրենքի, հավասարության մարտիկներ ու պահապաններ:
Այդպես չեղավ՝ բոլորի իրավունքի եւ արդարության փոխարեն, նրանք սկսեցին վերցնել իրենցը՝ գույքը, իշխանական քվոտան, կալվածքը, այլ նյութական եւ ֆիզիկական ռեսուրսներ, պաշտոններ: Այդ մարդկանց մի զգալի մասը ձեւավորեց ռազմաֆեոդալական մի համակարգ ու սկսեց դրանով ծառայել քաղաքական իշխանությանը, կեղծել ընտրություններ այդ իշխանության համար, ու դրա դիմաց էլ ավելի հարստանալու հնարավորություն ունենալ:
Պատերազմի մասնակիցները կիսվեցին երկու մասի՝ մի մասում մնացին սոցիալապես անապահով, սննդի, ընտանիք պահելու, առողջության լրջագույն խնդիր ունեցող մարդիկ, եւ համեմատության մեջ ավելի փոքրաթիվ, բայց առավել ազդեցիկ մեծահարուստներ, իշխանության տված հնարավորություններից օգտվողներ:
Այդ իրողությունն է նաեւ հանգեցրել այն բանին, որ Հայաստանը խաղաղության տարիները չի օգտագործել այնպես, ինչպես պետք էր՝ իր հակառակորդից որակապես լիովին տարբեր պետություն եւ հասարակություն ձեւավորելու, եւ հենց միայն դրանով իսկ հակառակորդին շատ ավելի երկարատեւ պարտության մատնելու համար:
Եվ ներկայում, շատ մարդիկ, ովքեր հայտնում են նորից ճակատ գնալու պատրաստակամություն, թեեւ հուզում են իրենց նվիրվածությամբ, այդուհանդերձ նաեւ բարձրացնում են խաղաղ պայմաններում իրենց կամա թե ակամա դերակատարության արդյունավետության հարցը. Հակառակորդի դեմ կռիվ գնալու կարիք չի լինի, եթե երկրի ներսում մղվի կռիվը կոռուպցիայի, իշխանության հակասահմանադրական վերարտադրության, պետական միջոցների անխնա չարաշահման, քաղաքացիների ազատությունը սահմանափակելու դեմ:
«Կռվել» պետք է այդտեղ, ու սահմանին կռվելու կարիք չի լինի, որովհետեւ այդ պետության սահմանը պաշտպանված կլինի որակապես եւ հոգեբանորեն բոլորովին այլ մակարդակ ունեցող զինված ուժերով, որովհետեւ այդ պետությունը կունենա բոլորովին այլ միջազգային հեղինակություն եւ պոտենցիալ, ու այդ պետության հետ հարաբերվելիս անգամ հակառակորդն է մտածում բոլորովին այլ չափանիշներով:

Մեկնաբանություն