ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունն իրեն որպես վկա հրավիրել է ցուցմունք տալու, կապված իր հիմնադրած Սիվիլիթաս հիմանդրամի գործունեության հետ, որի վերաբերյալ քրեական գործ են հարուցել փողերի լվացման մեղադրանքով:
Այդպիսով, ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունը կարծես թե մտնում է հակադրության նոր փուլ, եւ այն, որ առաջին իսկ հարվածը գալիս է Վարդան Օսկանյանի ուղղությամբ, հուշում է, որ այդ փուլը կարող է շատ ավելի լուրջ լինել, քան այն, երբ ասենք ձերբակալվեց Բանգլադեշի Համոն:
Վարդան Օսկանյանը չի ձերբակալվել, բայց նա որպես վկա է հրավիրվել իր հիմնադրամի գործունեության առիթով բացված քրգործի շրջանակում, փողերի լվացման կասկածանքով, ու այդ ամենը հուշում է տեւական գործընթացի մասին: Այլ կերպ ասած, իշխանությունը Դամոկլեսյան սուր է կախում ԲՀԿ գլխին, ի դեմս այդ քրգործի:
Մյուս կողմից, այստեղ գուցե ոչ այնքան ԲՀԿ գլխին է կախվում սուրը, որքան Ռոբերտ Քոչարյանի: Թեեւ Բարգավաճ Հայաստանը պարբերաբար հայտարարում է, որ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, ու թեեւ Հայ ազգային կոնգրեսն էլ փորձում է այդ առումով դառնալ ԲՀԿ «ճշտի դետեկտորը», այդուհանդերձ, բացի Կոնգրեսի մի խումբ համակիրներից, թերեւս քչերին է հնարավոր լինում համոզել, որ Քոչարյանի գործոն ԲՀԿ հետեւում չկա: Գոնե Վարդան Օսկանյանի մասով այդ գործոնը տեսնում են շատ-շատերը: Այդ թվում երեւի թե իշխանությունը:
Ու չի բացառվում, որ իշխանությունը Վարդան Օսկանյանի գործողությունները կաղապարի մեջ վերցնելու պահանջով Գագիկ Ծառուկյանին ապարդյուն դիմելուց հետո, ներկայում որոշել է արդեն ինքը լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ծառուկյանը մի քանի անգամ փորձեց Օսկանյանի գործունեությունն այսպես ասած խիստ անհատականացնել, բայց իշխանությունը գուցե պահանջում էր ավելին, ինչին էլ ԲՀԿ առաջնորդը կարող է պատասխանած լինել, որ ինքն անզոր է Վարդան Օսկանյանին կառավարել, քանի որ նրա թիկունքն ապահովում է Ռոբերտ Քոչարյանը:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը թերեւս փորձում է Ռոբերտ Քոչարյանին նախ ցույց տալ, որ Գագիկ Ծառուկյանը կարող է իքս պահի պարզապես ձեռքերը լվանալ եւ անցնել մի կողմ, ոչ թե դիրք զբաղեցնել Քոչարյանի ճամբարում, իսկ մյուս կողմից էլ թերեւս փորձում է ինքը իրավիճակ թելադրի նախագահի ընտրությունից առաջ, քանի դա չի արել Ռոբերտ Քոչարյանը: Սարգսյանը երեւի թե փորձում է Քոչարյանին դնել իր կանոնների մեջ, ոչ թե ստիպված լինել խաղալ նրա կանոններով:
Չի բացառվում նաեւ իրադարձությունների մեկ այլ շարժառիթ: Հնարավոր է, որ իշխանությունը պարզապես ընդդիմություն է կերտում ԲՀԿ-ից, ժանրի կանոններին համաձայն: Երբ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիա, շատ էին գնահատականները, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, այլապես իրական ընդդիմության դեպքում կենթարկվեր հետապնդումների:
Հնարավոր է, որ Վարդան Օսկանյանին դրա համար էլ հետապնդում են, նախագահի ընտրության համար նրան պատրաստելով որպես Սերժ Սարգսյանի ընդդիմադիր մրցակից: Սերժ Սարգսյանը այդպիսով կարող է միաժամանակ ունենալ ընդդիմադիր լինելու հարցում կասկած չհարուցող՝ եւ այդպիսով այլ ընդդիմության շանս չթողնող, եւ քրգործի միջոցով էլ միանգամայն վերահսկելի կամ կառավարելի մրցակից:
Պետք չէ բացառել, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է արձագանքել Կոնգրես-ԲՀԿ հնարավոր նախագահական դաշինքին: Բանն այն է, որ եթե այդ երկու ուժերի խորհրդարանական ընտրության ստվերային գործակցությունը շարունակվի նախագահի ընտրությանը, ապա չի բացառվում, որ միասնական թեկնածուն լինի Տեր-Պետրոսյանը, որպես առավել մեծ շանս ունեցող թեկնածու, քան ԲՀԿ որեւէ այլ թեկնածու:
ԲՀԿ-ն էլ կարող էր գնալ դրան, անգամ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ Տեր-Պետրոսյանով հաղթելու դեպքում այսպես ասած անվտանգության երաշխիք կլիներ ԲՀԿ խորհրդարանի խմբակցությունը, ինչպես նաեւ այն, որ այդ խմբակցությունը կարող էր արագորեն համալրվել ՀՀԿ «առնետներով» եւ մկներով, Տեր-Պետրոսյանին թողնելով խիստ փոքրամասնության նախագահ՝ դրանից բխող հետեւանքով:
Ըստ ամենայնի, Վարդան Օսկանյանին դարձնելով որոշակի թիրախ, կամ վերցնելով կոնկրետ եւ բավական լուրջ ու թերեւս հոգեմաշ թիրախի տակ, Սերժ Սարգսյանը թերեւս փորձում է նաեւ վերահսկելի դարձնել Կոնգրես-ԲՀԿ դաշինքը եւ թույլ չտալ, որ այնտեղ մեկնումեկն իրեն ուժեղ եւ սուվերեն զգա: Այդ դաշինքը Սերժ Սարգսյանի համար վտանգավոր է որեւէ մեկի սուվերենության պայմաններում, բայց եթե կա ԲՀԿ կառավարելիություն, ապա Կոնգրեսի սուվերենությունն անգամ արդեն ոչ մի էական նշանակություն չունի:
Թերեւս պարզ է, որ այդ դեպքում Կոնգրեսը չի գնա միասնական տարբերակի, եւ ինչպես խորհրդարանի ընտրությանը, առերեւույթ պայքարելով Սերժ Սարգսյանի դեմ, Հայ ազգային կոնգրեսն ու ԲՀԿ-ն իրականում կփոշիացնեն միմյանց ձայները:
Վարդան Օսկանյանին, իսկ ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանին վերցնելով նշանառության տակ, Սերժ Սարգսյանը փաստորեն մտադիր է քանդել նախագահի ընտրությանն իր դեմ հավաքված կամ հավաքվող կծիկը:
Այստեղ իհարկե առանցքային տեղ ունի Ռոբերտ Քոչարյանը, ով շարունակում է մնալ աներեւույթ, խուսափել հրապարակային առճակատումից, բայց նաեւ որոշակիորեն ազդել գործընթացների վրա: Ի դեմս Վարդան Օսկանյանի, Ռոբերտ Քոչարյանը թերեւս գտել էր ազդեցության ամենաօպտիմալ, նույնիսկ «ոսկե միջին» տարբերակը՝ մի կողմից ստվերային դերակատարության ապահովում, իսկ մյուս կողմից էլ հրապարակային քաղաքականության հարթությունում բավական արդյունավետ կոմունիկացիայի առկայություն:
Այդ իմաստով, փորձելով որոշակիորեն արգելակել Վարդան Օսկանյանի ընթացքը, Սերժ Սարգսյանը այդպիսով փաստացի բավական դժվարին կացության առաջ է դնում Ռոբերտ Քոչարյանին, զրկելով նրան հրապարակային կոմունիկացիայից: Բանն այն է, որ թեեւ անձամբ հրապարակային քաղաքականության մեջ մտնելը Ռոբերտ Քոչարյանի համար հղի է բավական բաց ռիսկերով, այդուհանդերձ նրա համար անհնար է լինել քաղաքականապես կենսունակ, ունենալով հրապարակային քաղաքականության կոմունիկացիա եւ ամբողջությամբ լինելով ստվերում: Ահա թե ինչու Վարդան Օսկանյանի տարբերակը Ռոբերտ Քոչարյանի համար «ոսկե միջինն» էր, եւ ահա թե ինչու Վարդան Օսկանյանին արգելակելով Սերժ Սարգսյանը բարդ վիճակում է դնում Քոչարյանին. էլ ով կա, ինչ զգալի պոտենցիալ ունեցող գործիչ կա, որով նա կարող է արդյունավետ հրապարակային գործառույթ առաջ մղել:
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը ներկայում թելադրում է մի իրավիճակ, երբ հակառակ դիրքում կանգնողների այլընտրանքը՝ Սարգսյանի թելադրած խաղի կանոնից դուրս գալու համար, մնում է միայն իրավիճակի որոշակի ապակայունացումը, ինչը սակայն այս պահին առաջին հերթին խիստ վտանգավոր է դառնում հենց ապակայունացնողների համար, նկատի ունենալով Ղարաբաղի հարցում վերջին զարգացումներն ու սրված մթնոլորտը, երբ ցանկացած պատժիչ գործողություն փաստացի լեգիտիմանում է ինքնաբերաբար:

Մեկնաբանություն