Կարեւոր առաքելության Հայաստանը

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 08 Հունիսի 2012, 16:25

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր տեսաբլոգում ամփոփել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցը, ամփոփումը եզրափակելով բավական ուշագրավ նախադասությամբ. «Պետքարտուղարը հորդորեց ավելի մեծ բարեփոխումներ կատարել ավելի մեծ թափանցիկությամբ, որպեսզի Հայաստանը լինի ավելի ժողովրդավար, ավելի բարեկեցիկ ու ավելի անվտանգ երկիր»:

Ուշագրավը թափանցիկության, ժողովրդավարության եւ անվտանգության կապն է, որ ամրագրում է դեսպանը: Ինչ խոսք, դա դեսպանի հայտնագործությունը չէ, քանի որ շատ տեսանելի է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր ռեսուրսը արդիականացումն է, արժեքային, տեխնոլոգիական առաջընթացը, կառավարման որակի եւ արդյունավետության բարձրացումը:

Բայց ուշագրավ է, որ Հիլարի Քլինթոնի այցի համատեքստում դեսպանը խոսում է հենց այդ մասին, փաստացի ակնարկելով որոշակի բովանդակային դրույթներ, որ կազմել են ԱՄՆ պետքարտուղարի այցի առանցքը: Դրանք են հենց թափանցիկությունը, ժողովրդավարությունը, բարեփոխումները:

Երբ այդ բովանդակությունը համադրում ենք հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված այն վիճակի հետ, որը սրեց իրադրությունը սահմանին, դառնալով զոհերի պատճառ, ապա պատկերը դառնում է առավել հետաքրքրական, եւ անվտանգության հարցը դառնում է առավել ուշագրավ եւ կարեւոր:

Հայաստանին փաստացի ցույց են տալիս երկրի անվտանգության արդյունավետ ճանապարհը, իսկ սահմանին ստեղծված իրավիճակն էլ թերեւս թույլ է տալիս կամ ստիպում է, որ այդ խնդիրը Հայաստանում առավել լավ գիտակցվի: Իհարկե, խիստ ցավալի, ու նաեւ խիստ անցանկալի է, որ Հայաստանում անվտանգության համար անհրաժեշտ բարեփոխումները գիտակցվեն պատերազմի կամ դրա վտանգի ֆոնին, առավել եւս հայ զինծառայող զոհերի գնով:

Բայց թերեւս հենց այդ հանգամանքն էլ ի վերջո պետք է դաս լինի Հայաստանի համար, որ մենք չունենք միայն զենքով պաշտպանվելու ռեսուրս: Մեր զենքը կարող է լինել արժեքների, տեխնոլոգիաների, իրավունքի եւ ազատության վրա հիմնված հասարակական եւ պետական կարգի արգասիք: Այլապես, զինական հավասարակշռությունը վաղը կարող է խախտվել, ու մենք այն վերականգնելու այլ տարբերակ չենք ունենա, քան վերականգնել մեր ինքնիշխանության կորստով՝ ու կարեւոր չէ, թե ում կզիջենք այն մեր պաշտպանությունն ապահովելու դիմաց:

Հետեւաբար, ոչ թե ինքնիշխանության գնով, այլ դրա շնորհիվ պաշտպանվելու համար Հայաստանը պետք է էապես, արմատականորեն խախտի Ադրբեջանի համեմատ, եւ ընդհանրապես տարածաշրջանում առկա որակական բալանսը: Հայաստանը շատ արագ ժամանակահատվածում պետք է դառնա տարածաշրջանի առաջատարը կառավարման, հասարակական փոխհարաբերությունների, տնտեսական ու քաղաքական մրցակցության որակի տեսանկյունից: Հայաստանը պետք է առաջ պոկվի արժեքներով եւ տեխնոլոգիաներով:

Բնականաբար հարց է առաջանում, թե ինչի համար է այդ ամենը պետք Ամերիկային, որ մեզ հուշում են, կամ շարունակում են հուշել ու կրկնել այդ ճանապարհը:

Այստեղ կա մի քանի հանգամանք:

Նախ, Ամերիկային դա բնականաբար պետք է իր համար, որպես հարավկովկասյան տարածաշրջանում շահ հետապնդող եւ ազդեցության համար պայքար տանող երկիր: Այդ պայքարում աանցքային դերը պատկանել է, պատկանում է եւ պատկանելու է Հայաստանին, ի բարեբախտություն մեզ, քանի որ ի շարս հարյուրամյակների ընթացքում մեր գենետիկայի մեջ տարատեսակ ձեւերով պատվաստված արատների, Հայաստանի հասարակությունը շարունակում է տարածաշրջանում առաջատարը մնալ իր ստեղծագործական պոտենցիալով: Իսկ Հարավային Կովկասում մրցակցության առանցքը ԱՄՆ համար մշակույթն ու արժեքներն են, քանի որ Վաշինգտոնը շատ լավ է պատկերացնում, որ այս տարածաշրջանում ազդեցության համար զինված պայքարը ավելի շատ քաոսով, քան կայուն հաջողությամբ է հղի: Իսկ ԱՄՆ ներկայում կարծես թե չունի ռիսկի դիմելու անհրաժեշտություն:

Հաջորդը, կրկին կապված է տարածաշրջանային իրավիճակի հետ: Այստեղ յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը, այդ թվում եւ Հայաստանը, ով հենց ԱՄՆ համար նշանակալի գործընկեր է ազդեցության համար պայքարում: Իմիջիայլոց, այստեղ խոսքը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարի մասին է, էլ չասած ռուս-թուրք-ադրբեջանական պարբերական կոմբինացիաների:

Այդպիսով, այդ իրավիճակում ամեն պետություն ունի իր առաքելությունը: Հայաստանի առաքելությունը տվյալ պարագայում տարածաշրջանում իր հաստատած ստատուս քվոյի պահպանության հարցում իրենից հասանելի քայլերի ձեռնարկումն է: Իսկ դրանք հենց ենթադրում են երկրի արագ, օպերատիվ, շարունակական բարեփոխում եւ արդիականացում, ցույց տալու, փաստարկելու համար, որ ներկայիս ստատուս քվոն Հայաստանը ծառայեցնում է այսպես ասած ստեղծարար նպատակների, արդիականանալու համար, ոչ թե մի քանի տասնյակ հազար քառակուսի կիլոմետրի վրա նեոխորհրդային կամ պսեվդոդեմոկրատական ամբողջատիրական մի վարչակարգ հաստատելու համար:

Հետեւաբար, ԱՄՆ շահագրգռված է, որ Հայաստանը վերջապես կատարի իր պետական եւ ազգային առաքելությունը Հարավային Կովկասում, որպեսզի Վաշինգտոնը ստիպված չլինի շահերի համընկնումը սպասարկել միայնակ: Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է դադարի անվտանգության սպառող լինելուց եւ վերածվի անվտանգություն արտադրողի, առաջին հերթին արժեքների եւ մրցունակության տեսքով, որը կունենա նաեւ իր ռազմական արդյունքը: Ամեն պետություն ինքը պետք է մյուսներին բացատրի իր շահն ու տեր կանգնի դրան, այլապես մյուսները չեն կարող հասկանալ, երբ մի պետության շահը բացատրում է երրորդ պետությունը:

Այստեղ ամենեւին Հայաստանին սիրել-չսիրելու հարց չէ, որ ԱՄՆ ավելի շատ է սիրում, քան ասենք Ռուսաստանը: Այդ մակարդակի դատողությունները պարզմտություն են, հաճախ մանկամտություն: Այստեղ խնդիրը շահերն են, ու Հայաստանի պետական շահը ներկայում համընկնում է ԱՄՆ կամ արեւմտյան շահին, քանի որ այդ շահն է Հայաստանի համար ամենից արդյունավետ ճանապարհը ցույց տալիս դեպի ինքնիշխանության առավելագույն մակարդակ:

  1. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  2. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  3. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013
  4. Արեւմուտքի «ավանսը» Հայաստանում այլընտրանք չունի
    Պատկերը կարծես թե հստակ է՝ Միացյալ Նահանգներն ակնարկում է, որ Հայաստանը պետք է ինքը կողմնորոշվի Ռուսաստանի հետ իր հարաբերության հարցում
    09:34 18/05/2013
  5. Միասնության, կամ սպայկայի «խարույկը»
    «Սպայկայում» բռնկված հրդեհը շատ խորհրդանշական էր իշխանական բուրգի միասնականության, կամ հենց այդ բուրգի լեզվով ասած՝ «սպայկայի» ֆոնին:
    14:21 17/05/2013
  6. Ուր է ռուսական վարկի 500 միլիոնը
    Հարց է առաջանում, թե ով է լինելու Հայաստանի պարտատոմսերի գնորդը՝ Արեւմուտքը, թե Ռուսաստանը:
    13:30 17/05/2013
  7. Հայաստանը փոխում է վարկատուին եւ պարտքային կախվածությունը
    Մոսկվան, որը շռայլորեն դուրս է գրում այլ երկրների պարտքերը, Հայաստանի նկատմամբ այլ կանոններ է կիրառում:
    13:07 17/05/2013
  8. Գազի ու լեգիտիմության գինը
    Ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող ինքնուրույն շահեր իրացնել, առավել ևս հանրությունից ինչ որ բաներ պահանջել
    09:38 17/05/2013
  9. Տիգրան Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը
    Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից:
    16:34 16/05/2013
  10. Մոսկվան Հայաստանում կարող է դիմել իր վերջին հույսին
    Հայաստանին այլեւս գազով եւ տնտեսա-մարդասիրական շանտաժներով պահել անկարող Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին հույսին
    13:57 16/05/2013