Փաստաբանական պալատի անդամ մի խումբ փաստաբաններ պատրաստվում են հուլիսի 11-ին գործադուլ անել, մեկ օրով, բողոքելով դատական համակարգի, մասնավորապես Վճռաբեկ դատարանի ձեւավորած կարգի դեմ:
Փաստաբանական այդ ակցիան կարծես թե աննախադեպ է Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ, եւ այդ նախադեպը չափազանց կարեւոր է դատական համակարգի փոփոխությունների տեսանկյունից:
Այն, որ Հայաստանի դատական համակարգը հանդիսանում է գործադիր իշխանության կցորդ եւ կայացնում որոշումներ, որոնք նախապես ստանում են գործադիր իշխանության, կենտրոնական իշխանության հավանությունը, գաղտնիք չէ որեւէ մեկի համար:
Հայաստանի դատարանում հաղթում է հարուստը, պաշտոնյան:Մինչդեռ, անկախ դատական համակարգը հանդիսանում է ցանկացած երկրի առողջության հիմնարար գործոններից մեկը, եթե ոչ ամենահիմնարարը: Հեռանկար ունի այն երկիրը, որն ունի անկախ դատական համակարգ:
Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ իրականացվում է այսպես ասած դատաիրավական բարեփոխում: Ասել, թե այդ գործընթացը բացարձակապես ապարդյուն է, կլինի չափազանցություն: Ի վերջո, դատարանների զգալի մասում այդ բարեփոխման շնորհիվ ապահովվել են շենքային հարմարավետ պայմաններ:
Բայց, դատական ատյանների գործունեության բովանդակային բաղադրիչը դեռ բավական հետ է մնում շենքային պայմաններից: Թեեւ, ցածր դատական ատյաններում՝ Ընդհանուր իրավասության դատարաններում, որոշակիորեն նկատվում են փոփոխության տարրեր, կան դատավորներ, որոնք կայացնում են անսպասելի արդարացի, համարձակ վճիռներ, երբ հաղթում է ոչ թե ուժեղը, հարուստը, իշխանության հովանավորությունը վայելողը, այլ հաղթում է իրավացին ու արդարը:
Բայց այդ դեպքերն այնքան քիչ են, որ դրանց հեղինակ դատավորներին կարելի է հաշվել մատների վրա, եւ անցյալ տարի օրինակ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաշվել էր նրանց ու երեքին տվել մրցանակ՝ Ազատության պաշտպանության համար: Այդուհանդերձ միտումը ինքնին կարեւոր է եւ խոսում է որոշակի շարժի մասին: Բայց այդ ամենը վերստին անշարժանում է արդեն ավելի բարձր դատական ատյաններում, ու թերեւս պատահական չէ, որ փաստաբանական աննախադեպ ակցիան վերաբերում է Վճռաբեկ դատարանին:
Դատական համակարգի փոփոխության անգամ թույլ միտումը կարող է շարունակական լինել միայն այն դեպքում, երբ գոնե այդ թուլությունը հասնում է համակարգի վերին օղակներ: Վճռաբեկ դատարանը, փաստացի, այսօր մնացել է համակարգի «վերջին բաստիոնը». իշխանությունը, համակերպվելով ներքին ու արտաքին ճնշմանը եւ դատական ատյանների հարաբերական ազատությանը, ամուր կառչել է այս «բաստիոնից», թույլ չտալու համար դատական անկախ համակարգի կայացումը եւ այդտեղ «ջրելով» իրեն ոչ ձեռնտու դատական որոշումները:
Փաստաբանական մեկօրյա գործադուլն անշուշտ դժվար է պայքարի ալիք որակելը, սակայն համակարգված պայքարի մի նախադեպ է, որն իհարկե կարող է շատ ավելի էական ազդեցություն ունենալ դատական համակարգի համար, քան տարիներ շարունակ առկա դժգոհությունները:
Հատկանշական է, որ այդ էական քայլի պատասխանատվությունը ստանձնում են փաստաբանները, հասարակության համար կարեւորագույն մի ինստիտուտ, որին մտահոգել է հենց պատասխանատվությունը հասարակության առաջ, որի արդյունավետ իրականացմանը խոչընդոտում է հենց դատական համակարգի կախյալ վիճակը:
Պետք է կարծել, որ այդ գործընթացն ամբողջանում է քաղաքացիական շահերի հանդեպ պատասխանատվության տրամաբանության մեջ, որով հանդես է գալիս փաստաբանական հանրույթը եւ որը կարող է հանդիսանալ Հայաստանում սկսված քաղաքացիական ալիքի կարեւոր դրվագներից մեկը:

Մեկնաբանություն