Հայաստանում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Քաղաքացիականության «բացիլը» սկսել է տարածվել նաեւ իշխանական ինքնագիտակցության մեջ: Օրինակ, Սամվել Ալեքսանյանն արդեն ոչ թե իր թիկնապահ-օֆիսի աշխատողներին է ուղարկում իր պատգամավորական մրցակցին, կամ Փակ շուկայի հարցում իր դեմ բողոքող ակտիվիստների հարցը լուծելու, այլ նրանց դեմ է հանում այսպես ասած քաղաքացիներին՝ կանանց:
Սամվել Ալեքսանյանից կարծես թե հետ չի մնում օրինակ Վալերիկ Մեջլումյանը, ով Թեղուտի հանքն է պատրաստվում շահագործել: Օրինակ, Թեհմինե Ենոքյանի «Բնության հաշվեհարդար» ֆիլմին ի պատասխան, որտեղ խոսվում է նաեւ հանքարդյունաբերության նպատակով Թեղուտի բնության ոչնչացման մասին, ստեղծվել է երիտասարդ լոռեցիների մի հասարակական կազմակերպություն՝ «Թեղուտի հանքի պաշտպաններ» անունով, որը ստեղծվել է մայիսի 29-ին ու մայիսի 30-ին արդեն հայտարարություն տարածել Թեհմինե Ենոքյանի ֆիլմի դեմ:
Կրկին, գործի են դրվում ոչ թե բազուկները, այլ այսպես ասած քաղաքացիականությունը՝ պատասխան ՀԿ միջոցով: Միայն թե տեխնոլոգիայի տեսքի տակ, մտածողությունը շարունակում է հիմնվել բազուկների վրա: Այդպես էին Սամվել Ալեքսանյանի կանայք, այդպես են թերեւս Վալերիկ Մեջլումյանի երիտասարդները: Բանն այն է, որ նրանք ոչ թե փորձում են ներկայացնել Թեղուտի վերաբերյալ բնապահպանական ընդդիմախոսությանը հակադիր, այդ ընդդիմախոսությունը հերքող փաստարկներ, այլ գրեթե սպառնում են բնապահպաններին, նրանց կոչ անելով հեռու մնալ Լոռու բնությունից, հանել ֆիլմը համացանցից, այլապես իրենց իրավունք վերապահելով դիմել «օրենքով չարգելված այլ միջոցների»:
Թե որն է այդ «այլ միջոցը», դժվար է ասել: Բայց, դժվար չէ պատկերացնել նաեւ, որ Հայաստանում օրենքով չարգելված միջոց ասելով հասկանում են նաեւ հրկիզումը: Ի վերջո, թարմ է օրինակը, երբ անգամ պետական բարձրաստիճան պաշտոնյայի՝ օրենսդիր մարմնի պատգամավորի եւ փոխնախագահի շուրթերով արդարացվում էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանցից մեկի ակումբի հրկիզումը, դա դիտարկելով ազգային գոյամարտի համատեքստում:
Ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը ազգային գոյամարտի համատեքստում չի դիտարկվի նաեւ հանքարդյունաբերության պաշտպանությունը, այն համարելով Հայաստանի տնտեսության կարեւորագույն ոլորտը եւ տնտեսական զարգացման ու աղքատության դեմ պայքարի խթանը: Կհռչակվի, որ ով պայքարում է հանքարդյունաբերության դեմ եւ ուզում է հանքերի հաշվին բնություն պաշտպանել, նա պայքարում է Հայաստանի տնտեսական զարգացման դեմ, ուրեմն նաեւ մեր բանակի մարտունակության դեմ, ուրեմն նա պետք է վառվի:
Վերջին շաբաթներին Հայաստանում նկատվող միտումները հիմք են տալիս ենթադրել, որ իրադարձությունների այդօրինակ զարգացումը կամ ծավալումն ամենեւին էլ անհավանական չէ, աներեւակայելի չէ, ֆանտաստիկայի ոլորտից չէ: Ընդ որում, ուշագրավ է այն, որ այդ իրադարձությունները ծավալվում են պետության լատենտ աջակցությամբ: Այսինքն, իշխանությունն անմիջականորեն չկա այդ ամենում, իսկ օրինակ ԱԺ անդամները ընդամենը անձնական կարծիքներ են հայտնում, բայց փոխարենը անարգել ծավալվում է ինքնադատաստանի գիտակցումը:
Դրա վառ օրինակներից մեկն էլ օրերս Կոմայգում տեղի ունեցած միջադեպն է, երբ երկու երիտասարդ մեքենայից օդամղիչ հրացանով կրակել են այգու մոտ գիշերները հավաքվող տրանսսեքսուալներին եւ միասեռականներին: Կրկին, պետությունը լատենտ դերում է՝ նա չի լուծում քաղաքի կենտրոնական այգիներից մեկը այդօրինակ հավաքատեղի հանդիսանալու հարցը, փոխարենը ինքնադատաստանի մթնոլորտում առաջ են գալիս հարցը ինքնակամ լուծելու փորձ անող երիտասարդներ:
Բայց, դրանից ավելի մեծ վտանգ ազգին ու պետականությանը, թերեւս դժվար է պատկերացնել: Ի վերջո, երկրում օրինականության եւ իրավունքի ճգնաժամի, «ուժն է ծնում իրավունք» կենսափիլիսոփայության պայմաններում մի գեղեցիկ օր կարող են սկսել կրակել, դանակահարել, նետել, կախել, հրկիզել բոլորը, ով ում պատահի, ինչի համար որ պատահի: Այդ դեպքում արդեն ինքնադատաստանի գործի գցված մեքենան կանգնեցնելը շատ ավելի դժվար, ու շատ ավելի թանկ է լինելու, եթե կանգնեցնել լինի ընդհանրապես:
Հայաստանում օրինականության, սահմանադրականության եւ կենսափիլիսոփայության ճգնաժամ է, ու դրանից դուրս գալու համար անհրաժեշտ է հանգել այն գիտակցման, առաջ մղել այն կենսափիլիսոփայությունը, որ ոչ թե ուժն է ծնում իրավունք, այլ իրավունքն է ուժ տալիս մարդուն: Հակառակ պարագայում, «ուժեղները» թույլերին մղում են մի անկյուն, որտեղից միայն մի ելք է մնում՝ ինքնապաշտպանությունն ինքնադատաստանի միջոցով: Երբ մարդը չունի իրավունքով պաշտպանվելու հնարավորություն, երբ իրավունքը ուժից է ծնվում, ոչ թե հակառակը, երբ չկա պետություն, որը կերաշխավորի այդ իրավունքը եւ կխրախուսի իրավունքից դեպի ուժ տանող կենսափիլիսոփայությունը, վաղ թե ուշ առաջանում է ինքնադատաստանը: Այն առավել եւս առաջանում է, եւ ստանում տոտալ բնույթ, երբ պետությունն է լատենտ կարգավիճակում փորձում կիրառել ինքնադատաստանը, որպես սպառնալիք իրավունքով ուժեղացող քաղաքացիական հասարակության դեմ:
Դա չափազանց վտանգավոր խաղ է, որ պատմական կարեւոր ժամանակաշրջանում գտնվող պետության՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների հետ փորձում է խաղալ իշխանությունը կամ դրանում տեղ գտած մի քանի ազդեցիկ խմբեր: Այդ խաղի որեւէ ելք, միեւնույն է, պարտություն է հանդիսանալու պետության գաղափարի համար, որովհետեւ ժամանակակից աշխարհում մրցունակության գրավականը ուժը չէ, այլ իրավագիտակցությունը, այդ բառի լայն իմաստով, որովհետեւ աշխարհում այսօր զուտ ֆիզիկական իմաստով ուժեղ է ընդամենը մի քանի պետություն, եւ եթե ուժն է ծնում իրավունք, ապա Հայաստանն իր համաշխարհային գոյությամբ միայն պետք է մեկ խնդիր լուծի՝ գտնել եւ հպատակվել ամենաուժեղին, քանի դեռ նա ինքը մեզ չի պարտադրել իր ուժից բխող իրավունքը:
Իրականում, իրավագիտակցությունն է ուժ տալիս թե անհատին, թե հասարակությանը, թե պետությանը՝ երկրի ներսում, եւ աշխարհում: Դրա շնորհիվ են փոքր պետությունները գործում մեծ սխրանքներ: Ժամանակի մեջ լայն իրավագիտակցության, ապրելու, պաշտպանված լինելու եւ պետություն ունենալու սեփական իրավունքի գիտակցության շնորհիվ էր, որ Ղարաբաղի պատերազմում աշխատեց ու հաղթեց հայի ֆիզիկական ուժը:
Հետեւաբար, երկրում ինքնադատաստանի մթնոլորտի հետեւողական խորացումը հարված է նաեւ հենց այդ հաղթանակին:
Ինքնադատաստանը դատաստան է պետության դեմ: Կամ իշխանությունը դառնում է օրենքի եւ իրավունքի հավասարության երաշխավոր, կամ այդ պետությունը քաղաքացու օրինական իրավունքի եւ ազատության դեմ հանելով ինքնադատաստանի «մշակույթը» կամ սպառնալիքը, դառնում է իր իսկ պետության գերեզմանափորը:
Աշխարհն ու ժամանակները փոխվել են, փոխվել են հաղորդակցության ուղիներն ու միջոցները, տեղեկատվության շարժը, դինամիկան, անհատների, պետությունների եւ ժողովուրդների մրցակցության գործիքները: Ժամանակակից աշխարհում ֆիզիկական ուժն առավելապես արդյունք է, ոչ թե հումք կամ պատճառ:

Մեկնաբանություն