Կոալիցիայից ԲՀԿ-ի հրաժարումը բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծել խորհրդարան անցած 5 եւ 7 տոկոսանոց ուժերի՝ ՀՅԴ-ի, Ժառանգության եւ Հայ ազգային կոնգրեսի համար: Ընդ որում, իրավիճակը հետաքրքիր է մի քանի առումով:
Նախ, եթե Բարգավաճ Հայաստանը մտներ կոալիցիա, ապա այդ ուժերից առնվազն երկուսը՝ Կոնգրեսն ու ՀՅԴ-ն, որ ԲՀԿ-ի հետ ստեղծել էին միասնական, իսկ իրականում թերեւս միանգամյա օգտագործման շտաբը, հնարավորություն կունենային ընտրությունների “վերահսկման” պատասխանատվությունը մեկընդմիշտ դուրս գրել ԲՀԿ-ի վրա: Բանն այն է, որ նրանք թերեւս կարող էին ԲՀԿ-ին մեղադրել “դավաճանելու”, կամ “խոսքից հետ կանգնելու” համար եւ ասել, թե իրենց սխալն ընդամենը այն է, որ հավատացել էին ԲՀԿ ընդդիմադիր խոսքին:
Բացի այդ, ընտրությունից եւ դրա պաշտոնական արդյունքից հետո, ընդդիմադիր այդ ուժերը վերցնելով մանդատը եւ փորձելով այդ քայլը արդարացնել հեռահար պայքարի ռազմավարական ելեւէջների նկարագրությամբ, այդուհանդերձ ներքուստ թերեւս հրաշալի գիտակցում էին, որ հասարակության համար այդ ելեւէջներն այդքան էլ ընկալելի չեն եւ իրենց որոշումները այդուհանդերձ սեփական համակիրների շրջանակից դուրս ունեն լեգիտիմության լուրջ խնդիր:
ԲՀԿ-ի կոալիցիա մտնելը կարող էր որոշակիորեն լեգիտիմացնել մյուս ուժերին, դրանց գոյությունը խորհրդարանում որպես փոքրաթիվ եւ հերոսական ընդդիմություն: Նաեւ, եթե այդքան մեծ եւ հզոր ԲՀԿ-ն մտնելով կոալիցիա հայտնվեր ինֆորմացիոն վարկաբեկման հորձանուտում, ապա դրա բաժինն ու աղմուկը այնքան մեծ կլիներ, որ ոչ միայն փոքրերի որոշումների վարկաբեկունակությունը կփակեր, այլ նույնիսկ հետընտրական հիթային այլ հանրահայատ թեմաները:
Երբ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա չեղավ եւ ԲՀԿ-ն խորհրդարանում փաստացի մնաց ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը, մյուս փոքր ընդդիմությունների լեգիտիմության շանսը գրեթե չեզոքացվեց, որովհետեւ նրանք չեն կարող լինել ավելի լեգիտիմ ընդդիմություն, քան ԲՀԿ-ն իր մեծ խմբակցությամբ: Բացի այդ, ԲՀԿ-ն առնվազն այս պահին չվարկաբեկվեց եւ այդպիսով չծածկեց մյուսների այսպես ասած վարկաբեկանիշը: Այդ իմաստովմ թե ՀՅԴ-ն, թե Կոնգրեսը, թե Ժառանգությունը թերեւս ունեն ԲՀԿ կոալիցիա չմտնելու որոշումը մեղմ ասած ոչ առանց խանդավառության ընդունելու հիմքեր:
Ընդ որում, անգամ ներկայիս պնդումները, թե ԲՀԿ-ն իրական ընդդիմություն չէ եւ չի կարող լինել, թերեւս ի զորու չեն տվյալ պահին փոխել իրավիճակը, քանի որ իրադրության առանցքը հանգել էր այնտեղ, որ չափորոշիչային, ֆոնային հարցը դարձել էր կոալիցիա մտնել-չմտնելը: Եվ այդ առումով, չմտնելու պարագան արդեն իսկ տեւական ժամանակ ինքնին բավական կլինի ԲՀԿ-ին բոլոր մյուս գրոհները հետ մղելու համար:
Այդ իմաստով, Բարգավաճ Հայաստանի կոալիցիա չմտնելը փաստացի հանդիսանում է խորհրդարանի ընտրությանը այսպես ասած իրական ընդդիմադիր ուժերի գլխին խաղարկված երկփուլ կոմբինացիայի երկրորդ փուլը: Առաջին փուլով Սերժ Սարգսյանը նրանց գայթակղեց խորհրդարան, ինչի հետեւանքով այդ ուժերն էապես կորցրին դրանից դուրս օրակարգ ձեւավորելու շանսը եւ այսպես ասած արտախորհրդարանական լեգիտիմությունը: Երկրորդ փուլում՝ ԲՀԿ-ի ընդդիմադիր կարգավիճակով, Սերժ Սարգսյանը նրանց փաստացի զրկում է նաեւ խորհրդարանական լեգիտիմությունից:
Փաստորեն, Հայաստանում չի մնում որեւէ լեգիտիմ համակարգ կամ կառույց: Այլ կերպ ասած, Հայաստանում չլուծելով իշխանության լեգիտիմության խնդիրը, Սերժ Սարգսյանը փաստացի առաջացնում է լեգիտիմության տոտալ վակուում՝ ձեւավորելով հավասարների շարքում ավելի հավասար իշխանություն՝ ի դեմս ՀՀԿ-ի, եւ ավելի հավասար ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի: Մյուսները մնում են պարզապես հավասարներ:

Մեկնաբանություն