Օլիգարխիայի «գիշերամիզությունը»

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012, 12:05

Հայաստանի տնտեսության ազատականացման, մրցակցային միջավայր ձեւավորելու խնդիրն ընդունում է նաեւ իշխանությունը, հայտարարելով, թե այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են ինստիտուցիոնալ կառույցներ, օրենսդրական լուծումներ: Դրա տակ այն տրամաբանությունն է, թե Հայաստանում բիզնեսի եւ իշխանության սերտաճման ու քրեաօլիգարխիկ համակարգի ձեւավորման պայմաններում դյուրին չէ միանգամից հանգուցալուծել մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները եւ ձեւավորել ազատ ու մրցակցային տնտեսական համակարգ:

Այդ քայլի դյուրին լինել կամ չլինելը թողնենք մի կողմ, դա թերեւս առանձին դիտարկման նյութ է:

Հայաստանի ներկայիս տնտեսա-քաղաքական կարգի պայմաններում կա մեկ այլ խնդիր, որը կարծես թե բավականաչափ դիտարկված չէ:

Խոսքն այն մասին է, թե ինչ ենք պատկերացնում ազատ եւ մրցակցային տնտեսություն ասելով:

Հայաստանի տնտեսության մեջ ներկայում հսկայական է օլիգարխիայի դերն ու կշիռը: Օլիգարխիան ոչ միայն նվաճել է խոշոր ոլորտները, այլ նաեւ արդեն զգալի ներկայացվածություն ունի փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում, որտեղ ձեւավորել է բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք դե յուրե փոքր ու միջին են, բայց դե ֆակտո պատկանում են որեւէ օլիգարխի համակարգի:

Ներկայում, այդ համակարգերն ու դրանց շրջանակում գործող ձեռնարկություններն ունեն արտոնյալ պայմաններ, հիմնականում, իհարկե, չգրված արտոնությունների տեսքով, օգտվելով իշխանության հետ սերտաճածության բարձր աստիճանից:

Ենթադրենք, որ երկրում կատարվում են այդ ինստիտուցիոնալ բարեփոխումները, եւ տնտեսական համակարգն աստիճանաբար ազատականացվում է, վերածվում մրցակցային միջավայրի:

Բայց, չէ որ այդ պարագայում օլիգարխիկ համակարգերը, չնայած զրկվում են գրված եւ չգրված արտոնություններից, այդուհանդերձ ունենում են մեկնարկային այնպիսի պայմաններ, որ անգամ ամենաազատ տնտեսական միջավայրում այլ ձեռնարկությունների կամ ներդրողների համար չափազանց ծանր է լինելու այդ մեկնարկային պայմանների դեպքում մրցակցել նրանց հետ:

Այսինքն, Հայաստանի տնտեսությունում դրության տերը շարունակելու է մնալ նույն օլիգարխիան, իսկ տնտեսության ազատականացումն ու մրցակցային միջավայրի ձեւավորումն ընդամենը կծառայի այդ օլիգարխիայի տնտեսական իշխանության լեգիտիմացմանը:

Այդ առումով, նույնիսկ զարմանալի է, թե ինչու են հայաստանցի օլիգարխները դիմադրում տնտեսության ազատականացմանն ու մրցակցային միջավայրի ձեւավորմանը: Նրանց կուտակածին, նվաճածին, նրանց կառուցած տնտեսական բարիկադներին հազիվ թե սպառնա որեւէ բան: Մինչդեռ փոխարենը նրանք կարող են որոշակիորեն դուրս գալ հասարակության թիրախի եւ անգամ շատ դեպքերում անեծքի տակից, եւ այլեւս չմեղադրվել ամեն ինչ ուզուրպացնելու եւ անարդար բիզնեսի համար:

Այստեղ թերեւս պատճառն այն է, որ Հայաստանի օլիգարխների գերակշիռ մեծամասնությունը չունեն համապատասխան ինտելեկտ, որը նրանց կօգնի կողմնորոշվել որակական վերափոխումների շնորհիվ լեգիտիմացման տեխնոլոգիաներ ընտրելու հարցում:

Հայաստանի օլիգարխիայի ինտելեկտը բավարարում է ընդամենը “բարեգործություն լեգիտիմության դիմաց” գործարքների համար:

Բայց, մեկնարկային պայմանների խնդիրը բավական լուրջ է, եւ եթե Հայաստանում կա իրապես ազատ տնտեսական դաշտ եւ մրցակցային միջավայր ձեւավորելու կամք եւ ցանկություն, ապա այդ զարգացման էֆեկտի լիարժեքության համար շատ կարեւոր է դառնում մեկնարկային պայմանների որոշակի փոփոխության խնդիրը:

Հակառակ պարագայում կստացվի ինչպես օրինակ համաշխարհային ֆուտբոլում: Այնտեղ բոլոր ակումբները ֆորմալ առումով ունեն հավասար պայմաններ, կանոնները նույնն են բոլորի համար, եւ կարծես թե առանձնապես շեղումներ էլ չկան: Բայց մի շարք ակումբներ ունեն հսկայական միջոցներ, որոնց շնորհիվ կարողանում են պահպանել իրենց հեգեմոնությունը ակումբային ֆուտբոլում: Այն ակումբները, որոնք իրենց խաղային հմտությունների, որակական հատկանիշների շնորհիվ կարող են լուրջ մրցակցություն ներկայացնել հեգեմոնների նկատմամբ, անմիջապես դառնում են նրանց միջոցների զոհը՝ լավագույն դեպքում կարողանալով դիմադրել մեկ կամ մեկուկես մրցաշրջան:

Թերեւս պատահական չէ, որ եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը ներկայում լրջորեն քննարկում է այդ մեկնարկային, հեգեմոնապահպան պայմանների դեմ նոր մեխանիզմներ մշակելու խնդիրը, փորձելով գտնել հնարավորություն մյուս ակումբներին գոնե մի քիչ “ավելի հավասար” պայմաններ ապահովելու համար:

Հայաստանի տնտեսության պարագայում, օլիգարխիայի մեկնարկային դիրքը կարող է լուրջ մրցակից ունենալ ի դեմս արտասահմանյան խոշոր ներդրողների, բայց գաղտնիք չէ, որ նրանք այդքան էլ մեծ հետաքրքրություն չունեն Հայաստանի տնտեսության հանդեպ, հատկապես աշխարհաքաղաքական ներկայիս իրողությունների պայմաններում:

Հետեւաբար, Հայաստանը իր ուժով պետք է լուծի օլիգարխիայի “խրամատների” հարցը, որովհետեւ մեծ հաշվով երկրի տնտեսական զարգացման եւ համաշխարհային մրցունակության տեսանկյունից կարեւորը այդ խրամատների լեգիտիմությունն ապահովելը չէ, քանի որ լեգիտիմ են դրանք, թե ոչ, միեւնույն է, դրանց գոյությունն արգելակում է երկրում տնտեսության զարգացումը հավասարապես:

Այդ տեսանկյունից էլ թերեւս իրավիճակին բնորոշ կարող է լինել հոգեբանի ազդեցության մասին հայտնի անեկդոտը: Երկու ընկեր հանդիպում են միմյանց, եւ անկեղծ զրույցի ընթացքում մեկը բողոքում է, որ գիշերամիզություն ունի եւ տակը թրջում է: Մյուս ընկերը խորհուրդ է տալիս դիմել հոգեբանին, ասելով, թե խնդիրը գուցե հոգեբանական է: Մի քանի ամիս անց կրկին հանդիպում են, ընկերը հետաքրքրվում է, թե արդյոք խնդիրը վերացել է հոգեբանին դիմելուց հետո: “Ոչ իհարկե, գիշերամիզությունս շարունակվում է, բայց հիմա հպարտ եմ դրա համար”, պատասխանում է ընկերը:

  1. Հայաստանը մեծ գայթակղության առաջ
    Մեծ Ութնյակի երկրները հռչակագիր են ընդունել, որում խոսք է գնում հարկերի հավաքագրման մեխանիզմները աշխարհի մաստաբով ռեֆորմացնելու մասին
    16:19 19/06/2013
  2. Կճոյանի սանիկը պետության անվտանգության ծիրում
    Հայաստանի իշխանության եւ նրա սանիկների ազնիվ խոսքին հավատալը արդեն ոչ միայն դյուրահավատության նշան է, այլ պարզապես հիմարության:
    11:46 19/06/2013
  3. Պատերազմը սկսել է. Որտեղից է այն կառավարվում
    Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվների աղմկոտ բացահայտումներից հետո խորհրդարանն անցել է «փոխել վարչապետին» գործողության երկրորդ մասին:
    11:27 19/06/2013
  4. Իշխանական համակարգը քայքայվում է բնական ճանապարհով
    Բոլորը շտապում են մեղադրել միմյանց գողության մեջ, որպեսզի չմեղադրվեն, կանիբալիզմի դեպքեր են տեղի ունենում:
    09:43 19/06/2013
  5. Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով
    Դժվար է ասել, թե ինչն է Ռուսաստանին մղում դառնալ Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարը
    09:28 19/06/2013
  6. Ինչպես են Հովիկ Աբրահամյանին գցել թակարդը
    Երեւի թե կասկած չկա, որ կառավարության այդ թակարդում հայտնվել են ուրիշ «մկներ» էլ, որոնք հանդիսանում են խոշոր հողատերեր
    17:33 18/06/2013
  7. Տիգրան Սարգսյանը կդիմանա՞ մինչեւ նոյեմբեր
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում:
    14:48 18/06/2013
  8. Ռուսական տանկերը կկրակեն Ղարաբաղի ուղղությամբ
    Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:
    11:04 18/06/2013
  9. Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը
    Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը:
    10:42 18/06/2013
  10. Պուտինն «ինչ-որ հեռացող, հոգեւոր…» բան է առաջարկում
    Պուտինը ոչ այնքան որոշակի, սակայն բավական ամբողջական ընտրություն է ներկայացրել, որի առաջ կանգնել են Հայաստանն ու նրա նման երկրները:
    09:27 18/06/2013