Ինչպես էր պարտվում հաղթանակը

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 09 Մայիսի 2012, 09:56

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը այսօր նշում են Շուշիի հաղթանակի տոնը: Շուշիի հաղթանակի տոնը որոշակիորեն ստվերել է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակը, որը ոչ այնքան մերն էր, որքան արձանագրվեց մեր ծանրակշիռ մասնակցությամբ: Իսկ Շուշիի հաղթանակը մերն էր, եւ գուցե հենց այդ պատճառով այն որոշակիորեն ստվերեց Մեծ հայրենականի հաղթանակը, ինչը սակայն ամենեւին չի նսեմացնում այդ հաղթանակը կրողների վաստակն ու հերոսությունը: Նրանք էլ պատերազմին մասնակցել են համոզումով, որ դա պետք է առաջին հերթին Հայաստանին, որ իրենք կռվում են Հայաստանի, հետո նոր Խորհրդային Միության համար, կամ Խորհրդային Միության համար կռվելով, իրենք Հայաստանի համար են կռվում: Միեւնույն ժամանակ փաստ է նաեւ, որ ոչ պակաս հայրենասեր հայեր կռվում էին ֆաշիստական Գերմանիայի կողմից, եւ էլի՝ մտածելով, որ դա է Հայաստանի համար նպաստավորը, որ առաջին հերթին Հայաստանին է պետք իրենց կռիվը:

Շուշիի հաղթանակում այդ հակասականությունը կարծես թե չկար: Շուշիի հաղթանակը այսպես ասած միատարր հաղթանակ էր, որ տոնեց հայությունը: Այդ հաղթանակը բեկումնային էր Ղարաբաղի պատերազմի համար, այն թե ռազմավարական, թե հոգեբանական բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ ոչ միայն ռազմաճակատում, այլ նաեւ թիկունքում, ինչը էապես փոխեց պատերազմի ընթացքն ու պատկերը:

Բայց, այդ հաղթանակի գրեթե միատարրությունը չեզոքացավ խաղաղության ընթացքում: Գուցե դա ունի բնական հիմքեր, բայց որ այդ հիմքերի վրա կառուցված վերնաշենքը բացարձակապես չի համապատասխանում Շուշիի եւ Ղարաբաղի պատերազմի հաղթանակի թե ռազմա-քաղաքական նշանակությանը, թե հոգեբանական ազդեցությանը, թերեւս անկասկած է:

Բանն այն է, որ այդ հաղթանակը խաղաղության պայմաններում բաժանվեց խիստ բեւեռացված սոցիալական շերտերի: Ընդ որում, այդ բեւեռացվածության ստորին շերտերում հայտնվեցին մարդիկ, ովքեր առավել անմիջական մասնակցություն են ունեցել պատերազմի հաղթանակի կերտմանը: Փոխարենն, այսօր հերսական պլանում են հայտնվել մարդիկ, որոնք Ղարաբաղի պատերազմին լավագույն դեպքում եղել են դիտորդներ, իսկ շատ դեպքերում պարզապես ռազմական բյուրոկրատիա կամ կոմիսիոներ՝ պատերազմական բիզնեսի բաժնետեր:

Խաղաղությունը դաժան գտնվեց հաղթանակի նկատմամբ, խաղաղությունն իր որակով հաղթեց հաղթանակին:

Հայաստանում եւ Ղարաբաղում սոցիալական այդ բեւեռացված շերտավորումը, որ թաքցվում է պաշտոնական պաթետիկ ճառերի եւ խոստումների տակ, դա հաղթանակի պարտությունն է: Հաղթանակի պարտությունն է ամեն մի կեղծված ընտրություն: Հաղթանակի պարտությունն է ամեն մի կոռումպացված, միլիարդատեր դարձած պաշտոնյա: Հաղթանակի պարտությունն է Հայաստանի եւ Ղարաբաղի զինուժում խաղաղ պայմաններում մահացած կամ հաշմանդամ դարձած ամեն մի զինվոր: Հաղթանակի պարտությունն է ամեն մի ֆեոդալ եւ կալվածատեր գեներալ: Հաղթանակի պարտությունն է Սահմանադրության եւ օրենքի ցանկացած խախտում, հաղթանակի պարտությունն է բիզնեսի եւ իշխանության սերտաճման ցանկացած մոնոպոլ կամ օլիգոպոլ դրսեւորում:

Դժբախտաբար, հաղթանակը Հայաստանում ունեցավ քիչ տոն եւ շատ պարտություններ:

Իսկ այդ իրավիճակը էապես փոխելու համար անհրաժեշտ հրատապ, արմատական քայլերի, վերափոխումների փոխարեն, հանրությանը ներշնչվում են կեղծ համոզումներ, թե հաղթանակը փայփայելու եւ պահելու համար պետք է հնարավորինս քիչ խոսել նրա պարտությունների մասին:

Իրականում, այդպես խորանում են պարտությունները, որովհետեւ հաղթանակը միայն տոնելու համար չէ: Հաղթանակը հիանալի մեկնարկային պայման էր ազատության, հավասարության եւ եղբայրության սկզբունքի վրա հայկական պետություններ կառուցելու համար: Բայց կառուցվեցին առավելապես դղյակներ, զվարճանքի եւ ժամանցի օբյեկտներ, ընտրակեղծարարության տեխնոլոգիական կենտրոններ, իսկ զուգահեռ կառուցված պետական բոլոր ինստիտուտներն էլ դրվեցին այդ ամենի պահպանության ծառայության վրա:

Բայց, չնայած այսպես ասած տարբեր ժամանակների “էլիտաների” այդ պահվածքին, այդուհանդերձ Հայաստանում կա հասարակության զգալիորեն առողջ հատված, որն իր անգամ ցաքուցրիվ գոյությամբ հանդիսանում է Հաղթանակի կենդանի կրողը, պահողը, փայփայողը: Պաթետիկ ճառերի եւ բացականչությունների, հաղթանակի յուրացումների եւ պսեվդոհերոսացումների աղմուկի մեջ այդ ծանրակշիռ վաստակն այդքան էլ տեսանելի չէ: Բայց կա, եւ հենց դա է միայն պահում հաղթանակը, եւ հենց դա է պահելու այն նաեւ ապագայի համար եւ ապագայում դարձնելու է առավել կենսունակ:

  1. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  2. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  3. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013
  4. Մի մերկացման պատմություն
    Իսկ ու՞մ է հետաքրքիր, թե ինչ են խոսել Գագիկ Ծառուկյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այն էլ ամիսներ առաջ:
    14:28 20/05/2013
  5. Կառավարության գործարք Հայռուսգազարդի հետ
    Հայաստանի կառավարությունը փաստացի գնում է աննախադեպ քայլի՝ գազը սուբսիդավորվում է սահմանին
    12:32 20/05/2013
  6. Հայաստանը վարձավճար կպահանջի՞ ռուսական բազայից, գազի դիմաց
    Այս իրավիճակում, լավագույն ելքն իսկապես լիակատար բիզնես-ռելսերին անցումն է
    12:08 20/05/2013
  7. Սեյրան Օհանյանի հրաժեշտի համբույրը
    Մահացած զինվորին ուղղված համբույրը 20-ամյա երիտասարդին հետ չի վերադարձնի, բայց կարող է շրջադարձային լինել
    15:23 19/05/2013
  8. Դիմադրությունը դառնում է Հայաստանի գլխավոր տրենդը
    Ամենագլխավորը՝ ավարտվել է հանրահավաքների, գանգատի ու էմիգրացիայի փուլը
    15:51 18/05/2013
  9. Քանիսի՞ առաջն եք փակելու
    Հատկանշական էր Սեյրան Օհանյանի հայտարարությունը վերանշանակումից հետո. նա ասել էր, որ ինքը հաշվետու է միայն իր վերադասին:
    14:16 18/05/2013
  10. Լռության սիմֆոնիա
    Քաղաքական պատասխանատվությունը նախ այն պետության հանդեպ է, որտեղ դու կաս ու գործում ես
    10:16 18/05/2013