Որո՞նք են լինելու խաղի նոր կանոնները

    • Մեկնաբանություն - Երկուշաբթի, 07 Մայիսի 2012, 17:21

Այսպիսով, նախորդ գումարման ԱԺ-ի հինգ կուսակցություններին ավելանում է ևս մեկը ՝ ՀԱԿ-ը: Վեց կուսակցություններ, որոնցից երեքը՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, կոալիցիայի անդամ են, երկուսը՝ ՀԱԿ, Ժառանգություն, խիստ ընդգծված ընդդիմություն, իսկ ՀՅԴ-ն էլ դեռևս անորոշ վիճակում է: Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում հատկապես նախընտրական խոստումների ու զարգացումների ֆոնին: Փաստորեն, բացի ՀՀԿ-ից, որը հիմնական իշխանությունն էր ու է, ու որը իր վրա է վերցնում հիմնական պատասխանատվությունը որպես իշխանություն, մնացած կուսակցությունները դիրքավորման լուրջ խնդիրներ ունեն:

Բարգավաճ Հայաստանը, որը կրկնկակոխ հետապնդեց ՀՀԿ-ին այս տարի, մինչև ընտրությունները ու նաև ընտրությունների ամբողջ ընթացքում չէր դադարեցնում ընդդիմադիր տրամադրությունները: ԲՀԿ շտաբերից անընդհատ ահազանգեր էին հնչում, Նաիրա Զոհրաբյանի ու Վարդան Օսկանյանի բոցաշունչ ելույթներն էլ չէին դադարում, ինչից կարելի էր ենթադրել, որ ԲՀԿ-ն պահում է ընդդիմադիր տրամադրությունները մինչև վերջ: Ավելին, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ վստահված անձանց իրավունքները խախտողներին խոստանում էր իր ու օրենքի առաջ պատասխանատվություն: Նման պայմաններում, ԲՀԿ-ն փաստորեն մեծ տոկոսներ հավաքեց, ըստ էության փաստելով, որ իշխանության հետ մրցակցության մեջ ամենաիրատեսական ակտորն է դիտվում:

Իհարկե, ԲՀԿ էլեկտորատի մեջ մեծ թիվ էին կազմում նաև նրանք, ովքեր ի դեմս ԲՀԿ-ի այլընտրանք էին տեսնում ՀՀԿ-ին: ԲՀԿ-ի ընդդիմություն ներկայանալը հենց այս հաշվարկն էր ենթադրում: Բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն ընդդիմության դիրքերում կմնա: ԲՀԿ ընդդիմադիր մնալը խիստ կասկածի տակ է, քանի որ նման տոկոսներ ունեցող ԲՀԿ-ին ՀՀԿ-ն անպայման կոալիցիա է առաջարկելու, կամ գոնե համագործակցություն, իսկ ԲՀԿ-ն ու նրա հիմնական կազմն այնպիսի մարդիկ են, ովքեր իշխանության համար են հայտնվել ԲՀԿ-ում ու դժվար թե նման տոկոսներ ապահովելլուց հետո համաձայնեն ընդդիմություն դառնալ:

Ուստի ակնկալելի է, որ Բարգավաճը հետզհետե կթուլացնի ընդդիմադիր տրամադրությունները ու դա կանի առաջնորդի մակարդակով, որն այս ամբողջ ընթացքում կարծես խուսափում էր ՀՀԿ-ի ու իշխանության հասցեին կոնկրետ բացասական ձևակերպումներ տալուց, միաժամանակ հարաբերություններ էր պահում նախագահի հետ: ՀՀԿ-ԲՀԿ համագործակցությունը կշարունակվի առնվազն առաջնորդների միջև «անբեկանելի» համաձայնությունների մակարդակով:

Երրորդ տեղով փաստորեն գալիս է Հայ Ազգային Կոնգրեսը: Դեռևս իհարկե պարզ չէ՝ ՀԱԿ սպասելիքները կարդարանան, թե ոչ , բայց սեփական գործունեության տրամաբանությունը հաստատելու համար ՀԱԿ-ը մեկ-երկու հանրահավաք կանի, հավանաբար նաև կբողոքարկի արդյունքները, այնուհետ կհամաձայնի դրանց հետ ու կօգտագործի ԱԺ-ն որպես հարթակ նախագահական ընտրության ճանապարհին: Այստեղ արդեն պարզ է դառնում, որ ՀԱԿ-ը լինելու է ԱԺ հիմնական ինտրիգը, որը նախորդ գումարման ԱԺ-ում հինգ կուսակցությունների ձևավորած քիչ թե շատ ներդաշնակությունը փորձելու է քանդել, օրենսդրի գործունեությունն անընդհատ տանելով այլ ուղղություններով:

Ընդ որում, եթե ԲՀԿ-ն վերադասավորվում է որպես ակնհայտ իշխանություն, դժվար թե ՀԱԿ-ի հետ հեռակա կոմպլիմենտները կարողանա շարունակել այն նույն ինտենսիվությամբ, ինչ անում էր նախընտրական շրջանում, դրանով արդեն ՀԱԿ-ին հենարանից զրկելով: Մյուս հարցը՝ արդյոք ՀԱԿ-ին կառաջարկվի մտնել կոալիցիա: Դժվար թե, քանի որ ի սկզբանե ՀԱԿ-ը թե 2008-ին, թե վերջին նախընտրական շրջանում իշխանությանը որակել է «հանցավոր ու ավազակապետական», դրանով բացառելով համագործակցության հնարավորությունը: ՀԱԿ հիմնական հենարանը մնալու է Ժառանգությունը, ընդ որում, երկու կուսակցությունների միջև նախընտրական շրջանում անցած «սև կատուներն» այնքան շատ էին, որ այժմ բավական բարդ է լինելու միասնական որոշումների գալ:

Ժառանգության դեպքում շատ ստրատեգիաներ չարդարացան: Ժառանգությունը ակնկալում էր ստանալ ավելի շատ ձայներ, քան ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն: Այս պարագայում, փաստորեն, խորհրդարանում ընդդիմության լիդերությունն անցնում է ՀԱԿ-ին: Ընդ որում, այստեղ Հայաստանի քաղաքական մշակույթի հիմնական խնդիրներից մեկն էր դրված՝ եթե Ժառանգությունն ավելի շատ տոկոսներ էր հավաքում, քան ՀԱԿ-ը, փոխվում էր ընդդիմության կոնցեպցիան՝ մերժողականից վերածվելով կառուցողականի: Այժմ, թե ՀԱԿ-ը, թե Ժառանգությունը, քիչ ձայներ ունենալով, ստիպված են համագործակցել իրար հետ գոնե հեռակա, ու այս դեպքում ՀԱԿ-ը որպես ավելի շատ ձայներ ունեցող դառնում է որոշակիորեն թելադրող: Մյուս կողմից, այն, որ Ժառանգությունն, ըստ էության, չկարողացավ անցնել տաս տոկոսը, չեզոքացրեց նաև ՀՀԿ-Ժառանգություն հնարավոր երկխոսության շանսը, որը կրկին ավելի շատ տեսական մակարդակում էր: Այստեղ պետք է որ լուծվեր ավելի հիմնական մեկ այլ խնդիր՝ իշխանություն-ընդդիմություն նոր ֆորմատի ձևավորում համագործակցության հիմքերով, որը կրկին այս ընտրությունների հիմնական ստրատեգիաներից էր:

Մյուս երկու ուժերը՝ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ըստ էության մտնում են խորհրդարան առանց լուրջ հենարանների: ՕԵԿ-ը հնարավոր է, որ աջակցեր իշխանությանը, եթե ասենք տաս տոկոսից ավել ձայն հավաքեր, բայց այս դեպքում ՕԵԿ-ը փաստորեն ստիպված է խորհրդարանում ճշգրտել սեփական դիրքավորումը: Իշխանություն նման տոկոսներով խաղալը դժվար է, ընդդիմություն խաղալու համար էլ ՕԵԿ-ը կորցրել է բավարար կշիռն ու ժամանակ: Նույնը գրեթե վերաբերում է ՀՅԴ-ին, ով հավաքեց իր «անփոփոխ» տոկոսներն ու ըստ էության շարունակում է ԱԺ-ում մնալ ավելի շատ որպես հայ քաղաքական ավանդույթի մարմնավորում: ՀՅԴ ներկայությունը ԱԺ-ում թերևս կարող է կարևորվել հայ-թուրքական հարաբերությունների հարցում իշխանության կողմից առաջ տարվող միանշանակ որոշումների վրա ազդելու ու որոշակի քննարկումներ մտցնելու հետ կապված:

Այս ամենով հանդերձ, պարզ է, որ հին ու դասական ընդդիմություն-իշխանություն դիրքավորումներն այլևս դուրս են գալիս կիրառությունից: Հիմնական խաղարկողը դառնում է կրկին ՀՀԿ-ն, որն այս անգամ արդեն ավելի շատ խաղադրույքի շանսեր է ստանում: ՀՀԿ հիմնական առավելությունը նաեւ այն է, որ ԲՀԿ-ն, որ այս ամբողջ ընթացքում հակադրվում էր իրեն, կարող է չարժանանալ նույն վերաբերմունքին ու վստահությանը, ինչ առաջ էր: Ոսւտի ՀՀԿ-ն շանս է ստանում կամ կրկին գործակցել ԲՀԿ հետ ավելի «էժան» պայմաններով, կամ էլ բոլոր կուսակցությունների հետ խաղարկումներ անելով ստեղծել լայնաֆորմատ կառավարություն: Թերևս նախագահի գործունեության կոնտեքստում քննարկվում է նաև այս միտքը, որ հնարավոր է կառավարությունում պորտֆելներ ստանան բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

Թերևս, քաղաքականության մեջ միաչափ հարաբերություններն իրենց տեղը զիջում են ավելի ճկուն ու բազմաբևեռ փոխհարաբերություններին: Գոնե այս առումով մենք կարող ենք «առաջընթաց» գրանցել ընտրությունների արդյունքների հետ կապված:

  1. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  2. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  3. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  4. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  5. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  6. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  7. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  8. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  9. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  10. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013