ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով մի քանի ժամ առաջ այցելել է ընտրությունների վերահսկման միասնական շտաբ, անդրադառնալով Զոլաքար գյուղում ԲՀԿ ներկայացուցչին ծեծելու դեպքին, ասել է, որ այդ անձինք պատասխան կտան «օրենքի եւ իմ առաջ»:
Օրենքի պարագան միանգամայն հասկանալի է եւ ընդունելի՝ անկախ որեւէ մեկի կուսակցական պատկանելությունից, բռնությունը եւ ցանկացած այլ օրինախախտում պետք է պատժվի օրենքով:
Հետաքրքրական է «իմ առաջ» արտահայտությունը, որով ԲՀԿ առաջնորդը տվյալ անձանց փաստացի սպառնում է ինքնադատաստանով: Խնդիրն իհարկե այն չէ, որ այդ անձինք, ովքեր ծեծել են ԲՀԿ ներկայացուցչին, արժանի չեն ինքնադատաստանի:
Ավելին, գուցե նրանք հենց դրան էլ առաջին հերթին արժանի են, հատկապես եթե հաշվի առնենք, թե Հայաստանում որքան «փխրուն» է օրենքը հատկապես այն անձանց հանդեպ, ովքեր ուրիշի հանդեպ բռնություն են կիրառում ՀՀԿ ճամբարից: Օրինակ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեպքը, երբ անգամ տեսախցիկն էր նկարել, թե ինչպես է նա ապտակում կնոջը, սակայն մարզպետը ոչ օրենքի առաջ պատասխան տվեց, ու ոչ էլ «ՀՀԿ-ի առաջ»:
Բայց խնդիրն այստեղ այն է, որ Գագիկ Ծառուկյանն ինքնադատաստանի երբեմն բավական շահեկան եւ հանրօգուտ ինստիտուտն ու գաղափարը ոչ թե հանրային, քաղաքացիական իմաստով է շրջանառում, երբ «իր առաջ» պատասխանով սպառնում է ցանկացած բռնության հեղինակի, եթե անգամ այդ բռնությունը եղել է ոչ ԲՀԿ-ականի, այլ ասենք այլ որեւէ ուժի ներկայացուցչի հանդեպ, այլ ինքնադատաստանը կիրառում է ընտրողաբար, ինչն արդեն ոչ թե օրենքի պարապուրդի երկրում քաղաքացիական անկողմնակալության հերոսական օրինակ է՝ երբ արդարադատության բացակայությանը փոխարինում է թույլին պաշտպանող ուժեղի արդար եւ անաչառ որոշումը, այլ պարզապես կլանայնության կամ թայֆայականության դրսեւորում:
Իսկ դա արդեն վտանգավոր է: Թեեւ, խոշոր հաշվով եւ խորքային իմաստով վտանգավոր է ինքնադատաստանի ցանկացած տարբերակ, եւ եթե նույնիսկ օրենքը չի գործում կամ չկա օրինական արդարադատության իրացման հնարավորություն, ապա պետք է թերեւս գործի արդեն ոչ թե մեկ մարդու արդարադատության, այլ քաղաքացիական դատարանի սկզբունքը: Ի դեպ, որի բավական լավ օրինակը դրսեւորեց Մաշտոցի պուրակի պայքարը:
Հետեւաբար, Հայաստանում քաղաքացիական մտածողության եւ իրավագիտակցության հաղթանակի համար օրենքի առաջ պատասխանատվության խնդիր է ոչ միայն որեւէ մեկի հանդեպ բռնությունը, այլ նաեւ ինքնադատաստան կիրառելը:

Մեկնաբանություն