Հայ ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ պատրաստ է ապագա խորհրդարանում “իրական կոալիցիա” կազմել ցանկացած ուժի հետ, բացառությամբ Օրինաց երկիրն ու ՀՀԿ-ն, քանի որ դրանց է համարում երկրի չարիքը:
Այդուհանդերձ, պարզ է, որ Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանն այդ մասին հայտարարելիս նկատի ուներ նախ եւ առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որի հետ, եթե Կոնգրեսը մտնի խորհրդարան, պատրաստ է շարունակել աշխատանքը, որ սկսել էր միասնական շտաբով:
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարել էր, քարոզարշավի ընթացքում պատասխանելով լրագրողներին, որ Կոնգրեսի հետ գործակցում են միայն միասնական շտաբի շրջանակում, եւ խոսք չկա դրանից դուրս հետագա գործակցության մասին:
Ավելին, երբ լրագրողները հարցրել էին, որ Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ին առաջարկում է դեմ դուրս գալ համակարգին, Ծառուկյանը չէր համաձայնել այդ հարցադրմանն ու ասել էր, որ դեմ դուրս գալու մասին խոսք չկա, եւ խոսքը միայն ընտրության օրինականության մասին է:
Փաստացի, Բարգավաճ Հայաստանն առայժմ հերքում է Հայ ազգային կոնգրեսի հետ հետընտրական որեւէ գործակցության հեռանկար:
Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը թերեւս ամենեւին էլ անփորձ քաղաքագետ չէ, որ իր քաղաքագիտական վերլուծությունների խորքում իրական համարի ԲՀԿ համակարգից պոկվելն ու Կոնգրեսի հետ դրա դեմ դուրս գալը:
Պարզապես, Հայ ազգային կոնգրեսը ներկայում թերեւս չունի քաղաքական գործընթացում ազդեցիկ գործոն հանդիսանալու այլ տարբերակ, քան համառորեն ԲՀԿ հետ խաղալը: Բարգավաճ Հայաստանը դեմ չէ դրան, քանի որ այդ հանգամանքը շատ լավ օգտագործում է ՀՀԿ հետ նախընտրական վիճաբանության մեջ որպես ազդեցիկ խաղաքարտ:
Ինչ կլինի, եթե ՀՀԿ-ն Կոնգրեսին առաջարկի լինել իր խաղաքարտը: Չէ որ մի անգամ արդեն եղել է, իսկ Կոնգրեսն էլ մի անգամ արդեն դարձել է: Սակայն, միգուցե կարող է գործել նույն գետը երկու անգամ չմտնելու տարբերակը: Բայց, կա նաեւ մեկ այլ տարբերակ, երբ Բարգավաճ Հայաստանը պարզապես կարող է ՀՀԿ-ին վաճառել կամ վարձակալության տալ այն խաղաքարտը, որ ներկայում ունի ի դեմս Կոնգրեսի: Կարո՞ղ է արդյոք Կոնգրեսն ընդդիմանալ այդ վաճառքին, թե՞ շախմատին կփոխարինի ֆուտբոլային տարբերակը, երբ ֆուտբոլիստը մի նստաշրջան հանդես կգա մի թիմի կազմում, մյուս նստաշրջանին՝ մյուս կամ “մույս” թիմի կազմում: Կամ գուցե Կոնգրեսը կընտրի ինքնալուծարումը:
Կոնգրեսն ուներ այն կառույցը լինելու շանս, որը իշխող համակարգի մետամորֆոզներին կարող էր հակադրել հասարակական լայն եւ բազմազան ճնշում, ինքը թելադրելով խաղի կանոնները: Մինչդեռ ներկայում Կոնգրեսն իր ակտուալությունը փնտրում է համակարգի կանոնակարգում:

Մեկնաբանություն