ԲՀԿ օլիգարխին սպառնում է նույնը

    • Մեկնաբանություն - Երեքշաբթի, 01 Մայիսի 2012, 11:37

Ներկայիս ընտրական գործընթացները շատերի մոտ թողնում են այն տպավորությունը, որ Հայաստանում փաստացի հաստատվելու է երկկուսակցական քաղաքական մի համակարգ, որտեղ ՀՀԿ-ն կլինի իշխանությունը, իսկ Բարգավաճ Հայաստանը կվերցնի ընդդիմության դերը: Իրադարձություների զարգացումն ըստ ամենայնի տանում է հենց այդ դասավորության:

Բայց, նաեւ կարծես թե միարժեք է, որ դա ընդամենը Հայաստանում իշխող համակարգի պահպանման նոր մոդել է, բայց ամենեւին ոչ նոր տեսակ եւ որակ: Պարզապես, եթե նախկինում առավել դյուրին էր համակարգի միաբեւեռ պահպանությունը՝ երբ մի կողմում համակարգն էր, իսկ մյուս կողմում հասարակությունն իր խնդիրներով եւ ոտնահարված իրավունքներով, ներկայիս ձեւաչափով իշխող համակարգը փորձում է համարժեք լինել հասարակական վերափոխումների գործընթացին:

Բանն այն է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների անխուսափելի առաջընթացը աներկբայորեն հանգեցնում է հասարակական շերտերում նոր մոտեցումների, պատկերացումների ձեւավորմանը, իրավագիտակից, պահանջատեր հասարակության ձեւավորմանը: Միաբեւեռ իշխանական համակարգն այդ պայմաններում դառնում է բավական խնդրահարույց եւ մեծացնում է ներքին կյանքում ֆիզիկական բախումների հավանականությունը:

Այդ պայմաններում, իշխող համակարգի համար նախընտրելի է այսպես ասած երկբեւեռ ձեւաչափի առկայությունը, երբ ձեւավորվում է մրցակցության իմիտացիա, որը միեւնույն ժամանակ հնարավորություն է տալիս հասարակական վերափոխումների հետ գտնել ընդհանուր եզրեր, նաեւ լիցքաթափելով կուտակվող էներգիան: Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հետընտրական համակարգում թերեւս կկատարի հենց այդ դերը:

Դա անշուշտ չի նշանակում, որ ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությունը կլինի բացարձակ թատրոն: Քաղաքականության մեջ ոչ բոլոր պայմանավորվածություններն են թատրոն կամ դավադիր գործարքներ: Պարզապես, թե ՀՀԿ, թե ԲՀԿ համար ձեռնտու է պահել իշխող համակարգի ներկայիս տեսակը: Այդ կուսակցությունները մրցակցում են ոչ թե այլ համակարգի, այլ պարզապես առկա համակարգում այլ ստատուս-քվոյի համար:

Այլ որակի համակարգը ինչպես ՀՀԿ-ական օլիգարխների համար է սպառնալիք, այդպես էլ սպառնալիք է ԲՀԿ օլիգարխ ղեկավարի համար: Ժողովրդին ավելի լավ նայելու սկզբունքով ընթացող պայքարը պետք չէ շփոթել Հայաստանում համակարգային վերափոխումների համար պայքարի հետ:

Մյուս կողմից, միաբեւեռ իշխող համակարգից անցումը երկբեւեռի, արդեն իսկ մեկ քայլ առաջ է Հայաստանի համար: Դա անուշտ խիստ անբավարար քայլ է: Հայաստանին անհրաժեշտ է 11 եւ գուցե 101 քայլ առաջ: Բայց, այստեղ արդեն շատ էական է, թե համակարգում տեղի ունեցող վերափոխումներին՝ որով գործող համակարգը փորձում է համարժեք արձագանքել հանրային դաշտում առկա վերափոխումների գործընթացին, ինչպես կարձագանքի հանրային դաշտը:

Այստեղ տեղի ունեցող զարգացումներն իշխանությանը փաստորեն ստիպեցին միաբեւեռ –ճակատային դիմադրությունից անցնել երկբեւեռ կիսաճակատային-կիսապարտիզանական դիմադրության: Փաստացի, հասարակությունը ներկայում կանգնած է իշխանությանը նոր անհրաժեշտություն պարտադրելու, նոր նշաձող պարտադրելու խնդրի առաջ, որպեսզի իշխող համակարգը հնարավորություն չունենա հանրությանն արձագանքելու հարցում բավարարվել միաբեւեռությունից երկբեւեռության անցնելով եւ ստիպված լինի նոր քայլեր կատարել հասարակության հետ ընդհանուր եզրեր շոշափելու համար:

Այսինքն, հասարակությունը պետք է փութա իշխող համակարգին ստիպել, որպեսզի ձեւաչափական արդիականացումից հնարավորինս անցում կատարվի որակական գործնական արդիականացման:

Հանրային դաշտում առկա այդ խնդրի լուծման գործում շահագրգիռ կողմերից են ոչ միայն քաղաքացիական, հասարակական տարբեր նախաձեռնությունները, այլ նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք դուրս են իշխող համակարգի պայմանավորվածությունների դաշտից:

Հասարակական դաշտի հետ հնարավորինս լայն եւ բազմաշերտ եզրեր գտնելու խնդիրը հրամայական է նաեւ այդ ուժերի համար, այլապես նրանց սպառնում է անխուսափելի մարգինալացումը եւ ընդամենը իշխող համակարգի քաղաքական ծրագրերի ուղղակի կամ անուղղակի կցորդի, երկրորդական դերի հավակնորդի կարգավիճակը: Դա չի բացառում երբեմն-երբեմն գլխավոր դերակատարի կարգավիճակում հայտնվելը, բայց իշխող համակարգի ռեժիսորությամբ:

  1. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  2. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  3. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  4. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  5. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  6. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  7. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  8. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  9. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  10. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013