Երեքը նավակում, չհաշված շան գլուխը

    • Մեկնաբանություն - Երկուշաբթի, 30 Ապրիլի 2012, 10:05

Նախընտրական արշավի շրջանակում հեռուստաընկերություններից մեկի հյուրը ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնող, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր: Նա խոսում էր այն մասին, որ օրինակ չորս տարի առաջ Հայաստանում իրավիճակը շատ ավելի լավ էր, ու տարիներ շարունակ երկնիշ աճ էր արձանագրվում, որքան էլ որ համարենք, թե այդ աճը մեթոդականության առումով ուռճացվում էր կամ սպեկուլյատիվ էր իր կառուցվածքով:

Այն, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը չորս տարի առաջ ավելի լավ էր, քան այժմ, թերեւս ավելորդ է քննարկել: Հատկապես շարքային քաղաքացու տեսանկյունից քննարկումը ընդհանրապես անտեղի է: Փորձագետները, տնտեսագետները, կառավարությունը գուցե փաստարկեն, մասնագիտորեն ապացուցեն, որ այսօրվա վատ լինելու պատճառը հենց այն է, որ չորս տարի առաջվա աճը փուչիկ էր, սխալ ու վտանգավոր էր կառուցվածքը: Բայց, քաղաքացու համար գնահատման չափանիշը մեկն է՝ երբ էր իր համար ապրելը ավելի դյուրին, երբ էր ինքն իր երեխաների աչքին համեմատաբար ավելի բաց նայում՝ չորս-հինգ տարի առաջ, թե այժմ:

Մնացյալ ամեն ինչ թերեւս նույն սպեկուլյացիան է, ինչպես որ չորս-հինգ տարի առաջվա աճը սպեկուլյատիվ է բնորոշում ներկայիս կառավարությունը: Այդ տեսանկյունից, Վարդան Օսկանյանն իրավացի է, որ պետք է բարձրացնել ներկայի պատասխանատվության հարցը, որովհետեւ դա է ապագայի արդյունավետության ամենաօպտիմալ ճանապարհը: Առավել եւս, որ ներկայիս համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների երեւի թե 99 տոկոսը նույն կամ համանման բարձրաստիճան տեղերում են եղել նախկինում, հետեւաբար աներկբա պատասխանատվություն են կրում նախորդ տարիների համար:

Բայց, միեւնույն ժամանակ կա նաեւ խնդրի հակառակ, կամ թերեւս ավելի ճիշտ կլինի ասել` գլխավոր կողմը: Խոսքը Հայաստանում համակարգային խնդիրների՝ քաղաքական ու տնտեսական անազատությունների, տնտեսա-քաղաքական փակ համակարգի, բիզնեսի եւ իշխանության հանցավոր, հակասահմանադրական սերտաճման, ու այդ համակարգը հակասահմանադրական մեթոդներով պահելու մասին է:

Մնացյալ խնդիրները՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգեբանական, մշակութային, իրավագիտակցական, կադրային, այդ հիմնարար արատների հետեւանք են:

Նախընտրական ներկայիս քարոզարշավի ընթացքում հանրությունը հաճախ է լսում արտահայտություններ, թե նախկինում գոնե այսպես չէր: Ավելին, հաճախ է լսում, թե նախկինում շատ բան նույնիսկ լավ էր, նույնիսկ օրինակելի: Այդ արտահայտությունները, ակնարկները, ենթատեքստերը, բաց օրինակները քաղաքացիները լսում են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներից, որոնք մինչեւ 1998 թվականը եղել են իշխանության, լսում են նաեւ Վարդան Օսկանյանից, ով նույնպես փորձում է մատուցել հանրությանը, որ նախկինում գոնե այսպես չէր:

Այլ կերպ ասած, Հայաստանի քաղաքական ներկայիս համակարգի երեք հենասյուներից երկուսը՝ առաջին եւ երկրորդ նախագահները, իրենց համախոհների հետ միասին եւ նրանց օգնությամբ փորձում են հանրությանն ակնարկել, որ իրենց ժամանակ “գոնե այսպես չէր, իսկ շատ բաներ նույնիսկ լավ էր ու օրինակելի”:

Բայց այդպես չի լինում: Առնվազն ազնիվ չէ այդպես խոսել հասարակության հետ: Դա մոտավորապես նույն “հավատանք, որ փոխվենք” մանիպուլյացիոն ոգին է, որով փորձում է խաղալ ներկայիս իշխանությունը:

Չի լինում այնպես, որ ասենք նախորդ իշխանությունը լավն էր, միտումները լավն էին, ընդհանուր բովանդակությունն ու տրամաբանությունը ճիշտ էր, բայց մեկ էլ հանկարծ դրանից ծնվեց վատ մի համակարգ:

Եթե Տեր-Պետրոսյանի իշխանությունից ծնվել է Քոչարյանի համակարգը, ուրեմն Տեր-Պետրոսյանի իշխանության մեջ այդ համակարգի ոգին է իրեն ավելի լավ, հարմար, դրության տեր զգացել, ուրեմն այդ տրամադրությամբ է ապրել Տեր-Պետրոսյանի իշխանությունը, այդ մտածողության տեր մարդիկ են տեղ ունեցել այդ համակարգում, այդ արժեհամակարգն է խրախուսվել, որ հասել է ներիշխանական հեղաշրջում անելու ունակ մակարդակի:

Չի լինում այնպես, որ Ռոբերտ Քոչարյանի համակարգում զարգացման միտումները դրական էին, առողջ էին, մոտեցումներն ու արժեքները արդիական՝ ժամանակի պահանջներին համահունչ, բայց մեկ էլ Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, Տիգրան Սարգսյանը դարձավ վարչապետ, ու ամեն ինչ շուռ բերեցին գլխիվայր:

Ի վերջո, 1995 թվականից սկսած, Հայաստանում խեղվել է ընտրության համակարգը, անկախ դատավարության համակարգը, 1995 թվականից սկսած Հայաստանում իշխանությունը ձեւավորելու գործառույթը խլվել է քաղաքացու ձեռքից եւ հանձնվել ռազմաֆեոդալական համակարգին, որն էլ պարզապես ժամանակի ընթացքում տեխնոլոգիական “արդիականացման” շնորհիվ հասել է այդ գործընթացում ռազմական եւ ֆեոդալական բաղադրիչների հարաբերակցության որոշակի փոփոխության՝ ֆեոդալականի օգտին:

Անշուշտ, կառավարման արդյունավետության խնդիրը կա ցանկացած համակարգում, ու դա թերեւս անվիճելի է: Նույն ամբողջատիրական համակարգում մեկը կարող է արդյունավետ կառավարել, մյուսը՝ կառավարել անարդյունավետ:

Բայց, Հայաստանի խնդիրը համակարգային է, հիմնարար: Այսինքն, խնդիրը արդյունավետ կամ անարդյունավետ կառավարումը չէ, այլ ելակետերը՝ Սահմանադրական կարգ, քաղաքական ու տնտեսական բաց համակարգեր, ընտրական իրավունքի երաշխավորում, անկախ դատարան:

Դա է գլխավոր խնդիրը, ոչ թե այն, թե ում նախագահության տարիներին կառավարությունը քանի ժամ էր աշխատում, կամ ում նախագահության տարիներին քանի էլիտար շենք էր կառուցվում Երեւանում իր մուլտիպլիկատիվ էֆեկտով:

Հետեւաբար, պետք է քննարկել այդ հիմնարար, ելակետային խնդիրները, դրանց անհապաղ լուծման ուղիները, ու այդ քննարկումների համատեքստում պետք է ոչ թե նրբորեն խաղալ այսպես ասած նախկինի իրավիճակային “առավելությունների” վրա ու նաեւ արդարանալ իրավիճակներով, այլ հասարակությունից ազնիվ ու լիարժեք ներողություն խնդրել համակարգային շեղումների, արժեհամակարգային եւ իրավական խեղումների համար, դրանով իսկ գոնե երաշխիքների նվազագույն չափով ցույց տալով, որ կա պետության դեմ կանգնած մարտահրավերների ամբողջական գիտակցում եւ դրանց լուծմանը ներգրավվելու անկեղծ մտադրություն եւ կամք: Որպեսզի դրանից հետո արդեն գա դրանք իրացնելու կարողության հարցը:

  1. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  2. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  3. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  4. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  5. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  6. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  7. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  8. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  9. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  10. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013