Ինչո՞ւ չկայացավ բանավեճը

    • Մեկնաբանություն - Շաբաթ, 28 Ապրիլի 2012, 15:44

Այս ընտրություններում հիմնական խաղադրույքներից մեկը, որ ի սկզբանե արեց ընդդիմությունը, հեռուստաբանավեճն էր: Սա շանս էր, որն ընդդիմությանն օգնելու էր իշխանությանը բերել հավասար փոխհարաբերությունների դաշտ ու պարտադրել երկխոսություն: Ընդհանուր առմամբ, բանավեճն ավելի շատ հենց ընդդիմության ստրատեգիաների մեջ պետք է դիտարկել ու ակնկալել ընդդիմադիր դաշտից բանավեճի նոր կանոնների սահմանում:

Իշխանությունը կարծես թե սկզբում դժվարությամբ, բայց հետո տեսականորեն ընդունեց ու համաձայնեց հեռուստաբանավեճի առաջարկին: Մի քանի չստացված պայմանավորվածություններից հետո կարծես բանավեճի հարցի շուրջ կոնսենսուս կայացավ Վլադիմիր Կարապետյանի ու Սամվել Ֆարմանյանի միջև: Դեռևս մինչև այս բանավեճը երկու թեկնածուների հետ կապված բավական մեծ հույսեր կային հասարակական շրջանակներում, հաշվի առնելով, որ երկու թեկնածուներն էլ էականորեն առանձնանում են մեծամասնականի ընդհանուր ֆոնին: Երկուսն էլ երիտասարդ են, ընդգծված ինտելեկտուալ հատկանիշներով, երկուսն էլ կարծես թե իրավիճակը միշտ փորձում են գնահատել կոռեկտության սահմաններում: Այս տրամաբանության մեջ գրեթե իդեալական էր այն հեռանկարը, որ երկու թեկնածուներն էլ վերահաստատում էին բանավեճի կարևորությունը որպես քաղաքական մշակույթի փոփոխման փորձ:

Սակայն, ինչպես տեսանք, երկար սպասված բանավեճն ըստ էության չարդարացրեց սպասելիքները: Առնվազն երկու հարց անհասկանալի մնաց ՝ ինչպիսին է լինելու բանավեճերի ֆորմատը, ու ինչ են հասկանում թեկնածուները բանավեճ/դիալոգ ասելով:

Եթե խնդիրն ընդամենը հեռուստաեթերը լցնելն ու շատ դիտումներ ապահովելն էր, ապա անկասկած բանավեճը ստացվեց: Բայց այն նպատակները, որոնք հայտարարել էին թեկնածուները, անտեսվեցին հենց թեկնածուների կողմից, ու այդ առումով բանավեճը չկայացավ նախ և առաջ երկու բանավիճողների նախնական պայմանավորվածությունների շրջանակում: Հետո կրկին ու որերորդ անգամ Հայաստանում երկխոսության կայացման հնարավորությունը ստորադասվեց քաղաքական մշակույթի մեկ այլ ստրատեգիայի՝ ժխտմանը, բացառմանը, վերահաստատելով, որ թեկնածուները ոչ միայն պատրաստ չեն հետևել իրենց հայտարարած կանոններին, այլև բանավեճի բազային կանոններին ընդհանրապես:

Բանավեճի ամբողջ ընթացքում ըստ էության պարզ չեղավ, թե թեկնածուներն ինչ ունեն առաջարկելու ու քննարկելու: Փաստորեն քննարկելու հիմնական թեման միմյանց պիտակավորելը, ինչ որ հեգնական հասկացությունների շրջանակում անվանարկելն է, քաղաքական հնարավոր հեռանկարում միմյանց արմատապես բացառելը, և այլն: Այն հանգամանքը, որ երկու թեկնածուներն ինտելեկտուալներ են, կարծես թե օգնելու փոխարեն խանգարեց նրանց, քանի որ երկուսն էլ ինտելեկտուալ հմտությունները սկսեցին օգտագործել միմյանց դեմ: Ըստ էության, երկխոսություն չկայացավ, որովհետև թեկնածուները չէին լսում իրար, խոսում էին զուգահեռաբար, ու տեղ տեղ նաև բարձրացնում ձայնի տոնայնությունը: Այդ ամենը կարող են թվալ մանրուքներ, բայց հստակ ցույց են տալիս, որ նույնիսկ ամենատարրական կանոնների մակարդակում բանավեճը չկայացավ, ինչը նշանակում է, որ բանավեճի մշակույթի արմատավորման մասին խոսելն արդեն ավելորդ է:

Նախ թեկնածուները ամբողջապես չձևակերպեցին, թե ըստ էության ինչպիսի քաղաքական ուժ են ներկայացնում իրենք, ու իրենց ներկայացրած ուժերն ինչ ծրագրեր ունեն: Եվ ամենակարևորը` որ չի արվել, մեծամասնականով առաջադրված թեկնածուներն ըստ էության քաղաքական ուժից բացի ներկայացնում են նաև իրենք իրենց: Ու այստեղ պատասխանատվությունն ավելի է մեծանում, քան համամասնականի դեպքում: Այս պատասխանատվությունը ևս անտեսվեց բանավեճի ընթացքում:

Ընտրությունների հետ կապված քննարկումներում շատերն ավելի դրական տրամադրված են համամասնական ընտրակարգի նկատմամբ, իսկ ընտրությունների մեծամասնական տարբերակը կարծես շարունակում է երկրորդվել համամասնականին: Սա նախ ձեռնտու է իշխանությանը, որովհետև վերջինս մեծամասնակում իր «կեղտոտ լվացքը» թաքցնելու շանս է ստանում: Մյուս կողմից, մեծամասնականի մեխանիզմը մոդելային է ու բնորոշ ամբողջ հայաստանյան ընտրական գործընթացի համար ՝ այսինքն թաղ, թաղային հեղինակություններ, գյուղական համայնք և այլն: Ազատ ու արդար ընտրությունների կայացման հեռանկարն առաջին հերթին հենց մեծամասնականի հետ է առնչվում, որովհետև ոչ կանոնակարգային ու ստվերային մեխանիզմները հենց այստեղ են դրսևորվում, ու մեծ մասշտաբներով: Ու այս առումով, մեծամասնական ընտրակարգով ևս մեկ անգամ կարելի է առանձնացնել Սամվել Ֆարմանյանին ու իհարկե Վլադիմիր Կարապետյանին: Նրանք ըստ էության շանս են ստանում էապես փոխել մեծամասնականի մեխանիկան, դրանով արդեն իսկ ընտրական կարծրատիպերը կոտրելով:

Սակայն, ինչպես տեսանք, թեկնածուները ոչ միայն չներկայացրին իրենց քաղաքական ուժերի տեսակետները, ու չփորձեցին վիճարկել դրանց իրատեսությունը, այլև չփորձեցին նաև ձևակերպել, թե մեծամասնականում ինչպիսի տեղային ծրագրեր ունեն: Մյուս կողմից, նրանք ըստ էության վերահաստատեցին, որ մեծամասնական ընտրակարգում որևէ նոր բան, բացի փոխադարձ անվերջ հակադրություններից, տեսնել չենք կարողանա: Փոխարենը, թեկնածուները ևս մեկ անգամ վերարտադրեցին ընդդիմություն-իշխանության հակադրության արդեն դասական դարձած տերմինաբանությունը:

Բանավիճողներն անտեսեցին երկխոսության մի քանի չափանիշ ՝ փոխադարձ ճանաչելիություն, սեփական անհատական ու խմբային քաղաքական ինքնության ձևակերպում, համագործակցության կայացում: Ու այս ամենն այդքան էլ օտար չէ մեր քաղաքական համակարգի համար, «ավագների» քաղաքական մեխանիզմները միշտ կառուցվել են հակադրությունների, միմյանց բացառելու վրա:

Երիտասարդ թեկնածուները փաստորեն շարունակում են իրենց ավագ սերնդի գործն` ընդամենը որոշակի արտաքին ընդգծված ինտելեկտուալ ֆոն տալով իրենց քարոզարշավին, որն ավելի անորոշ է դարձնում իրավիճակը:

Այս պարագայում, նոր բանավեճերի սպասելիս նախ պետք է վերաձևակերպել բանավեճի էությունը: Ի՞նչ է բանավեճը` մեծ լսարան ապահովող հեռուստատեսային շոու քաղաքական գործիչների մասնակցությա՞մբ, թե երկխոսության հնարավոր հարթակ: Նախընտրական ժամանակը շուտով կվերջանա, իսկ երկխոսության առաջին փորձն ըստ էության տապալվեց:

  1. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  2. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  3. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  4. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  5. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  6. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  7. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013
  8. Վարչապետի հեղափոխությունն ուշացել է
    Ձանձրալի ու անձրեւոտ կիրակիից հետո Հայաստանը կրկին հայտնվեց ամպրոպի տակ:
    17:22 20/05/2013
  9. «Գողական միապետությունը» փոխել է շեշտադրումները
    Առանց հոգեվերլուծողի, ինչպես ասում են, այստեղ չի ստացվի:
    16:11 20/05/2013
  10. Որքան անունները շատանում են, այնքան ծիծաղելի է դառնում
    Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
    14:44 20/05/2013