ԲՀԿ-ն վերադառնում է ԽՍՀՄ, իսկ մյուսնե՞րը

    • Մեկնաբանություն - Շաբաթ, 28 Ապրիլի 2012, 11:52

Ծաղկաձորում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցային համալիրում, տեղի է ունենում «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության կազմավորման խնդրում» միջազգային համաժողովը, որը նախաձեռնել է հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը: Դրա նախագահը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Տեղեկություն է հրապարակվել, որ համաժողովում հնչելու է նաեւ Պուտինի ուղերձը:

Որ այդ համաժողովը օգտագործվելու է ԲՀԿ նախընտրական քարոզի համար, կասկած չկա: Միգուցե դա նաեւ բնական է: Ի վերջո, բոլորն էլ ուզում են իրենց քարոզարշավն ավելի ազդեցիկ դարձնել, ու Ծառուկյանն էլ փորձելու է ցույց տալ, որ իր մեջքին է Ռուսաստանը: Պետական ինքնիշխանության տեսանկյունից որքան էլ անընդունելի, այդուհանդերձ Հայաստանի քաղաքական դաշտի համար այդ հանգամանքն ամենեւին էլ զարմալի չէ:

Այստեղ էական է մեկ այլ խնդիր՝ Եվրասիական միության հարցը: Դրա այսպես ասած գաղափարական հայր Պուտինը երբեք չի թաքցրել, եւ նույնիսկ բացահայտ հայտնել է, որ այդ միությունը պատկերացնում է որպես Խորհրդային Միության այսպես ասած ժամանակակից մոդել: Թե որն է Պուտինի ժամանակակիցը, կարելի է պատկերացնել Ռուսաստանի ներկայիս հասարակարգից: Ռուսաստանում ներկայում հաստատված է պուտինյան ամբողջատիրական “սուվերեն դեմոկրատիա”, որտեղ բոլորն ազատ են այնքան, որքան սահմանում է Պուտինը, իսկ ով ուզում է լինել ավելի ազատ՝ կամ հայտնվում է արտաքսման մեջ, կամ բանտում, կամ էլ պարզապես նրա ազատության սահմանը ժամանակ առ ժամանակ գծում է ՕՄՕՆ-ը:

Փաստորեն, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայիս համաժողովով իր դիրքորոշումն է արտահայտում ԽՍՀՄ վերականգնման, նույնն է` Հայաստանի ինքնիշխանության կորստի պուտինյան ծրագրի հանդեպ: ԲՀԿ-ն փաստորեն կողմ է այդ ծրագրին:

Այստեղ հետաքրքիր է, թե ինչպիսին է այդ դիրքորոշմանը Վարդան Օսկանյանի վերաբերմունքը, որ հանդես է գալիս քաղաքական մենաշնորհների դեմ, որ հանդես է գալիս քաղաքական եւ տնտեսական արդիականացման օգտին: Օսկանյանը փորձառու դիվանագետ է եւ լավ է հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնելու Եվրասիական միությունը, թե առավելագույնն ինչ կարող են ստեղծել Ռուսաստանում ավելի քան 12 տարի քաղաքական մենաշնորհ հաստատած Պուտինն ու Ղազախստանում ավելի քան 20 տարի նույն մենաշնորհը հաստատած Նազարբաեւը, ով Պուտինի հետ փորձում է վիճարկել Եվրասիական միության գաղափարական հոր կարգավիճակը:

Միթե Վարդան Օսկանյանը պատկերացնում է, որ Եվրասիական միությունը կարող է լինել առավել արդիական եւ ժողովրդավարական, անհատի եւ պետությունների ազատությունն առավել երաշխավորող կառույց, քան իրենց որակով ներկայիս Ռուսաստանն ու Ղազախստանն են:

Թե Բարգավաճ Հայաստանը պարզապես նախընտրական ռեվերանս է անում Ռուսաստանին, փորձելով հնարավորին ավելացնել ռուսական նախընտրական աջակցությունը, իսկ ընտրությունից հետո արդեն ԲՀԿ-ն կանցնի շատ ավելի պրագմատիկ քաղաքական դիրքորոշումների, որոնք առավել համահունչ են Հայաստանի տնտեսական եւ քաղաքական արդիականացման պահանջներին ու մարտահրավերներին:

Թեեւ, չի բացառվում օրինակ, որ այդ հարցում էլ ԲՀԿ-ն մի բան է կարծում, Վարդան Օսկանյանը՝ մեկ այլ: Այդուհանդերձ, իրավիճակը թերեւս չափազանց լուրջ է այդօրինակ երկփեղկվածության համար, ու ամենայն հավանականությամբ ոչ մի տարակարծություն էլ չկա, այլ կա հմտորեն մշակված նախընտրական տեխնոլոգիա եւ մարտավարություն:

Նախընտրական շրջանում ռուսական խաղի ակնհայտ տարրերով աչքի ընկավ նաեւ ՀՀԿ-ն, ով իր միջի այսպես ասած ամենաարեւմտամետ իմիջով մարդուն՝ Տիգրան Սարգսյանին, մղեց ռուսական լրատվամիջոցների հետ մի քանի հարցազրույցների, որտեղ ամենաարեւմտամետ Տիգրան Սարգսյանը փորձեց Մոսկվային հավաստիացնել, որ Հայաստանի համար Մոսկվան եղել է, կա եւ կմնա ամենաառաջնային դաշնակիցը: Միեւնույն ժամանակ, Եվրասիական միության մասով, Տիգրան Սարգսյանը խնդիրը դիտարկել էր զուտ տնտեսական հարթության վրա եւ նշել, որ Հայաստանի համար իմաստ չունի մտնել այդ միություն, եթե չկա ընդհանուր սահման:

Փաստացի, պաշտոնական Երեւանը թերեւս զգուշանում է այդ թեմայով արտահայտվելուց, հասկանալով, որ դա դուր չի գա Եվրամիությանը, որի հետ սկսվել են ազատ առեւտրի մասին, վիզաների ռեժիմի դյուրացման մասին բանակցությունները: Եվրամիությունը պաշտոնական Երեւանին հստակ հասկացնում է, որ Եվրամիություն եւ Եվրասիական միություն հասկացություններն անհամատեղելի են եւ կամ-կամ տիրույթում են:

Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը թերեւս փորձել է ապահովագրել իրեն եւ ՀՀԿ համամասնական ցուցակ է ներառել մարդու, ով հանդես է գալիս Եվրասիական միության օգտին անվերապահ դիրքորոշմամբ: Խոսքը Արտաշես Գեղամյանի մասին է: Հնարավոր է, որ Սարգսյանը փորձել է այդպիսով փոքր ինչ հավասարակշռել իրավիճակը եւ պետական պրակտիկ եւ թերեւս պրագմատիկ քաղաքականության մասով աշխուժացնելով հարաբերությունը Եվրամիության ուղղությամբ, փորձել է Գեղամյանի բոցաշունչ ելույթների բարոյական ազդեցության միջոցով Ռուսաստանի ուղղությամբ ապահովել բալանսը, միեւնույն ժամանակ նաեւ այդ հարցում ԲՀԿ հնարավոր առավելությունը:

Խորհրդարանի ընտրությանը մասնակից, ու խորհրդարան անցնելու հավակնորդ մյուս ուժերի պարագայում իրավիճակը կարծես թե նույնպես բավական հստակ է: Ժառանգություն եւ Ազատ դեմոկրատներ դաշինքը Հայաստանում թերեւս միակ ուժն է, որ հստակ արտահայտում է իր կարծիքը խորհրդա-ռուսական համակարգից դուրս գալու անհրաժեշտության, երկրի զարգացման հեռանկարը արեւմտյան քաղաքակրթական տիրույթում տեսնելու մասին:

Հայ ազգային կոնգրեսը այդ առումով հստակ դիրքորոշում կարծես թե չի հայտնում, փոխարենը բավական թափանցիկ ակնարկներ են արվում ռուսական ուղղությամբ: Մասնավորապես Կոնգրեսը վերջին շրջանում բավական հաճախ քննադատում է արեւմտյան կառույցներին՝ Հայաստանի հանդեպ բավարար պահանջկոտ եւ հետեւողական չլինելու համար, փոխարենը բավականին լոյալ է արտահայտվում Ռուսաստանի հանդեպ, այդ ուղղությամբ հղելով թափանցկ ակնարկներ: Օրինակ, Պուտինի ընտրությունից առաջ Կոնգրեսի կուսակցություններից մեկը՝ Լյուդմիլա Սարգսյանի Ս.Դ.Հ.Կ.-ն, կոչ արեց հայությանը ձայն տալ Պուտինին: Կոնգրեսը ամենեւին չդժգոհեց այդ վարքի կապակցությամբ, ընդամենը հայտարարելով, որ դա Կոնգրեսի պաշտոնական կարծիքը չէ: Իսկ ապրիլի 20-ի հանրահավաքին էլ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսելով այն մասին, թե ինչ պետք է անի Կոնգրեսը խորհրդարանում, բերեց ոչ թե խորհրդարանական մշակույթի եւ ավանդույթի զարգացվածությամբ աչքի ընկնող որեւէ ժողովրդավարական երկրի խորհրդարանական կյանքի օրինակ, այլ Ռուսաստանի Պետդումայի օրինակը, որտեղ հայտնված ընդդիմության գրպանայնությունը եւ Պուտինի համակարգում տեղավորված լինելու հանգամանքը պարզ է թերեւս անգամ քաղաքականության ոչ այնքան հմուտ մասնակիցների համար:

Միեւնույն ժամանակ, թերեւս հատկանշական է, որ ներկայում բավական էական տարաձայնություններ են ի հայտ գալիս Կոնգրեսի այսպես ասած մնացյալ մասի եւ Կոնգրեսում ընդգրկված թերեւս միակ ուժի միջեւ, որը հստակ է արտահայտվում Հայաստանի արտաքին քաղաքական-քաղաքակրթական արեւմտյան կողմնորոշման անհրաժեշտության մասին: Խոսքը հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի մասին է, ով, ի դեպ ընտրարշավի այս օրերին գտնվում է Բրյուսելում եւ գրեթե չի մասնակցում Կոնգրեսի քարոզարշավին:

Համեմատաբար առավել անորոշ է Դաշնակցության դիրքորոշումը: Թվում է, որ այս կառույցը պետք է որ հակված լինի արեւմտյան քաղաքակրթական համակարգի կողմը, քանի որ Դաշնակցությունը տասնամյակներ շարունակ հենց այդ համակարգում է ծավալել իր գործունեության մի զգալի մասը: Միեւնույն ժամանակ, տարբեր տեղեկություններ են եղել տարբեր տարիներին շրջանառության մեջ, որ արեւմտյան համակարգում գործունեություն ծավալած Դաշնակցության լիդերները բավական աշխույժ գործակցել են բոլշեւիկյան-խորհրդային համակարգի հետ, խորհրդային ՊԱԿ-ի հետ:

Ներկայիս Դաշնակցությունը փոքր ինչ տարբեր է այսպես ասած նախկին Դաշնակցությունից: Ներկայիս Դաշնակցությունը տարբեր է առաջին հերթին իր պրագմատիզմով, բայց ոչ թե կուսակցական, այլ թերեւս անձնական: Դրա շնորհիվ ներկայիս Դաշնակցության լիդերների մի զգալի մասը դարձել է բիզնես-քվոտաների տեր: Իսկ դա նշանակում է, որ եթե նրանք են որոշում ՀՅԴ քաղաքական դիրքորոշումը՝ իսկ այդ դիրքորոշումը այժմ կարծես թե որոշում են հենց նրանք, ուրեմն այդ քաղաքական դիրքորոշման ելակետը կապիտալի շահն է: Իսկ դա նշանակում է, որ ինչ հասարակարգում որ Դաշնակցությունը տեսնի իր կապիտալի առավել հանգստ եւ եկամտաբեր ապագա, այդ հասարակարգի օգտին էլ թերեւս հանդես կգա պաշտոնապես: Ու քանի որ այժմ իրավիճակը խիստ հարաբերական է, ՀՅԴ-ն թերեւս գերադասում է չշտապել եւ պահպանել հարաբերական անորոշությունը:

  1. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013
  2. Այլընտրանքային էներգետիկայի շարիկները
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է էներգետիկ ոլորտի հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները:
    13:03 22/05/2013
  3. Գեներալների հայելին
    Բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր ողբերգության կամ դրանից բխող հանրային աղմուկի առիթով առաջ է գալիս այն տեսակետը, թե բանակը հասարակության հայելին է
    10:05 22/05/2013
  4. Գողացված բյուջեն ու հանգանակությունը
    Հովիկ Աբրահամյանը որոշել է իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել Արմավիրի մարզի կարկուտից տուժած գյուղացիներին:
    19:25 21/05/2013
  5. Կառավարությունը մայիսի 23-ին պետք չի լինի
    Հողն ու ցանքսերը գյուղացիների մասնավոր սեփականությունն են, եւ նրանք չպետք է հույս դնեն կառավարության վրա:
    16:34 21/05/2013
  6. Ծանր ճգնաժամն իշխանության ներսում
    Սեւան-Երեւան մայրուղու վրա մայիսի 18-ին տեղի ունեցած իրադարձությունները շարունակում են թեժ մնալ հանրային քննարկումներում:
    16:09 21/05/2013
  7. Սովորական կողոպուտի վկաները
    Հայաստանում օրենք չկա գերշահույթի եւ մարժայի սահմանափակման մասին: Դրա պատճառով, ոչ թե արդյունաբերությունն է զարգանում, այլ ներմուծումը:
    14:37 21/05/2013
  8. «Մտքի հեղափոխությունն» ու բնազդի ապստամբությունը
    Վարչապետն իրավացի է՝ ՀՀԿ-ի անկումը լինելու է բոլորի անկումը: Ինչն է խնդիրը:
    11:49 21/05/2013
  9. Խորտակվող նավում շղթայվածները
    Նավն ակնհայտորեն խորտակվում է, եւ իշխանությունն ի դեմս Տիգրան Սարգսյանի առաջարկում է օգնել:
    11:23 21/05/2013
  10. Երկու կրակոց Սեյրան Օհանյանի ուղղությամբ
    Նրանք հենց այնպես չեն հեռանա, եւ անգամ պատրաստ են կրակել:
    10:13 21/05/2013