Երեւանն ու ինտրիգները

    • Մեկնաբանություն - Ուրբաթ, 27 Ապրիլի 2012, 16:27

Հայաստանի նախընտրական զարգացումների ֆոնին բավական ուշագրավ է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Իրան, որ տեղի է ունենալու ապրիլի 29-ին եւ 30-ին:

Պաշտոնական Թեհրանն անշուշտ այն մայրաքաղաքներից չէ, որոնք Հայաստանի ներքաղաքական զարգացումներում աշխույժ շահագրգռություն են ցուցաբերում, նաեւ աշխատում հասարակական սեկտորի հետ: Թեհրանն այդ իմաստով Հայաստանի ներքին կյանքի հանդեպ վարում է առավել պահպանողական պետական քաղաքականություն, թերեւս ելնելով բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից:

Հնարավոր է նաեւ, որ ելնելով քաղաքակրթական արդիականության հետ կապված առանձնահատկություններից, պաշտոնական Թեհրանին պարզապես չեն բավարարում արդիական տեխնոլոգիաները, որպեսզի հնարավոր լինի մրցակցել այլ կենտրոնների հետ:

Այդուհանդերձ, դա թերեւս ամենեւին չի նվազեցնում Իրանի հետաքրքրվածությունն ու շահագրգռությունը Հայաստանի ներքին կյանքով, ներքաղաքական զարգացումներով:

Այդ իմաստով, Հայաստանի խորհրդարանի 2012 թվականի ընտրությունն առանցքային կարող է լինել ոչ միայն Հայաստան-Արեւմուտք, Հայաստան-Ռուսաստան, այլ նաեւ Հայաստան-Իրան մակարդակի համար:

Բանն այն է, որ ներկայիս ընտրական գործընթացի հանդեպ նկատելիորեն աշխույժ դիրքորոշում ունի Արեւմուտքը, որի տարբեր դիվանագետներ թե հրապարակավ, թե հատկապես մասնավոր զրույցների ընթացքում նշում են, որ Հայաստանի ընտրական գործընթացի հանդեպ ուշադրությունն աննախադեպ է: Ի դեպ, դա ամենեւին չի նշանակում, որ հրապարակային վերաբերմունքը կամ գնահատականը կարող է նույնպես լինել աննախադեպ: Այդ ամենը կարող է կրկնել նախորդ տարիների գնահատականները, բայց պարզ է նաեւ, որ Հայաստանի հետ հարաբերության առումով կա նաեւ այսպես ասած այսբերգի չերեւացող մասը, եւ եթե ուշադրությունը աննախադեպ է, ապա կասկած չկա, որ առնվազն այսբերգի չերեւացող մասով վերաբերմունքը եւ գնահատականը կլինեն աննախադեպ:

Պաշտոնական Երեւանն անշուշտ հստակ պատկերացնում է այդ ամենը, եւ թերեւս դրանով էլ պայմանավորված են որակապես այլ ընտրության մասին աննախադեպ քանակի հավաստիացումները: Նաեւ նկատելի է, որ պաշտոնական Երեւանն իսկապես աննախադեպ ջանքեր է գործադրում հնարավորինս անաղմուկ ընտրություն անցկացնելու համար, փորձելով հնարավորինս զերծ մնալ ֆիզիկական միջամտությունների անհրաժեշտությունից:

Այդ ամենը, ինչպես նաեւ նախընտրական կազմերում նկատվող հետաքրքրական միտումները /Հայաստանում փաստացի առաջին անգամ ձեւավորվում է քիչ թե շատ լուրջ ու կայուն ռեսուրսներ պարունակող արեւմտյան քաղաքական բլոկ, ի դեմս Ժառանգության եւ Ազատ դեմոկրատների/ հուշում են, որ Հայաստանի խորհրդարանի ներկայիս ընտրությանը բավական մեծ է այսպես ասած արեւմտյան ծրագրավորման հաջողության հավանականությունը:

Դա անշուշտ չի նշանակում, որ Հայաստանը խորհրդարանի ընթացիկ ընտրությունից հետո փոխելու է զարգացման վեկտորը եւ ռուսական տիրույթից անցում կկատարի արեւմտյան տիրույթ:

Հայաստանի համար այդ անցումը թերեւս լինելու է բացառապես սահուն, ժամանակային՝ առնվազն միջնաժամկետ, իսկ առավել հավանական է երկարաժամկետ կտրվածքով: Հետեւաբար, խոսքն իհարկե հարաբերական, առավել լայն ժամանակի եւ տարածության մեջ դիտվող, բայց միեւնույն ժամանակ կոնկրետ հաջողության մասին է:

Ահա այդ իրողությունները պաշտոնական Երեւանին բնականաբար կանգնեցնում են ոչ միայն Մոսկվային, այլ նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքով ոչ պակաս հետաքրքրված Թեհրանին ինչ որ բաներ բացատրելու կամ երաշխիքներ տալու անհրաժեշտության առաջ, հավաստիացնելով, որ խորհրդարանի ընտրությունն ուղղված չէ նրանց դեմ եւ պետք չէ պաշտոնական Երեւանի գործողություններում ներկայում տեսնել որեւէ հակաիրանական քայլ, եւ առավել խոշոր համատեքստում որոշակի կորը դեպի Արեւմուտք պետք չէ դիտարկել որպես դեպի Իրան մեջքով շրջվելու միտում:

Ամենեւին չի բացառվում, որ պաշտոնական Թեհրանի մոտ այդօրինակ մտահոգություններ գեներացնում է ոչ միայն Հայաստանի բուն գործընթացը, այլ նաեւ այդ գործընթացում նկատելի ներգրավվածություն եւ շահագրգռություն ունեցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով թե պաշտոնավարման ընթացքում, թե դրանից հետո բավական կայուն եւ սերտ հարաբերություն է պահպանում Թեհրանի հետ:

Ամենեւին բացառված չէ, որ Թեհրանում առաջացնելով Սերժ Սարգսյանի արեւմտյան բեկման մասին մտահոգություններ, Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձել այդ մտահոգությունները հայ-իրանական հարաբերության համատեքստում դարձնել Սերժ Սարգսյանի հանդեպ քաղաքական ճնշման իր աղբյուրներից կամ գործիքներից մեկը: Իսկ Իրանի հետ հարաբերությունը Հայաստանի համար ունի տնտեսական մեծ կարեւորություն, առավել եւս սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակում, որ այժմ առկա է Հայաստանում:

Ըստ երեւույթին, Էդվարդ Նալբանդյանի իրանյան այցի գլխավոր շարժառիթներից մեկը կարող է լինել հենց այդ մտահոգությունները որոշակիորեն փարատելը, որպեսզի Թեհրանը Հայաստանի իշխանության թե նախընտրական, թե հետընտրական գործողություններում չտեսնի հակաիրանյան «դավադրություն» կամ «գործարք»:

Միեւնույն ժամանակ, Երեւանի համար կա թերեւս մեկ այլ մտահոգություն: Խոսքը հնարավոր ռուս-իրանական համատեղ դժգոհության մասին է: Ակնհայտ է, որ Հայաստանի խորհրդարանի ընտրության միտումներից դժգոհություն ունի նաեւ Մոսկվան, եւ օրինակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեւական ժամանակ զբաղված է Մոսկվայի ուղղությամբ այդ դժգոհությունները փարատելու խնդրով, ինչի համար նա բազմաճյուղ ռեվերանսների փաթեթով հարցազրույցներ էր տվել մի խումբ ռուսական լրատվամիջոցների:

Եթե պաշտոնական Մոսկվային հաջողվի Թեհրանին համոզել, որ կա դավադրություն կամ գործարք, որին հնարավոր է դիմագրավել միայն համատեղ ջանքով, ապա Հայաստանը կարող է հայտնվել իսկապես ծանր դրության մեջ:

Այդ տեսանկյունից, անշուշտ պաշտոնական Երեւանին որոշակիորեն օգնեց թերեւս ադրբեջանա-իսրայելական զինական գործարքը՝ մոտ 1,6 միլիարդի, ինչը Հայաստանին հնարավորություն կտա Թեհրանին հստակ փաստարկել, որ տարածաշրջանում եթե կա պետություն, որը Իրանի դեմ հնարավոր գործարքների կարող է գնալ, դա Ադրբեջանն է:

Միեւնույն ժամանակ, ամերիկյան մամուլը հղում անելով Պետդեպի աղբյուրներին, գրեց, որ Ադրբեջանը պատրաստվում է իր տարածքը տրամադրել Իսրայելին Իրանի դեմ գործողությունների համար: Կարեւոր չէ իհարկե, թե իրականում ինչ է պատրաստում Ադրբեջանը եւ ում դեմ: Էականն այստեղ այն է, որ այդպիսով Արեւմուտքն էլ Իրանին որոշակի մեսիջ հղեց այն մասին, որ ամենեւին մտադրություններ չունի գործարքներ հյուսել Իրանի դեմ, այլ կարող է բացահայտել այդպիսիք, գուցե պայմանով, որ Իրանը տարածաշրջանում չներգրավվի հակաարեւմտյան գործարքների մեջ:

Այդ ամենն իհարկե որոշակիորեն հեշտացրել է Իրանի մտահոգությունները փարատելու Երեւանի անհրաժեշտությունը բավարարելը: Եվ ըստ ամենայնի, Երեւանը այդ վիճակում կկարողանա օգտվել բարենպաստ զարգացումներից եւ մի կողմից փարատել Իրանի կասկածները կամ մտահոգությունները, մյուս կողմից դա անել հնարավորինս ազնիվ եւ բաց, քանի որ Իրանի հետ ինտրիգներ Հայաստանին բացարձակապես պետք չեն:

Վերջին չորս տարում, պաշտոնական Երեւանի հարաբերությունն Իրանի հետ ընթանում է տեսանելի անվստահության պայմաններում: Միգուցե ժամանակն է, իսկ ընտրական գործընթացն էլ հնարավորությունը, որ այդ հարաբերությունը վերադարձվի կայուն հուն: Իսկ դրա համար թերեւս առաջին հերթին անհրաժեշտ է, որ պաշտոնական Երեւանն իր մտածողության մեջ ձերբազատվի Իրանի եւ Արեւմուտքի մեջ հարաբերություն կառուցելու ինտրիգային պատկերացումներից, առավել եւս, որ թե աշխարհում, թե տարածաշրջանում այդ առումով կան Երեւանից ավելի բազմափորձ եւ հզոր ինտրիգաններ, որոնց դեմ միակ գործուն միջոցը կարող է լինել հնարավորինս բաց եւ ազնիվ, ու պետական շահի հստակ ու համարձակ ձեւակերպման քաղաքականությունը:

  1. Սերժ Սարգսյանը կանգնած է բարդ խնդրի առաջ
    Սարգսյանի համար որպես համեմատաբար առավել ապահով մնում է ժամանակ շահելու տարբերակը
    19:45 23/05/2013
  2. Ժամկետանց ֆունդամենտալիզմը
    «Ֆունդամենտալ փոփոխությունները» պաշտոնյաներին իրենց երազին են մոտեցնում, քան հասարակությանը մոտեցնում են իր երազած իրականությանը:
    17:32 23/05/2013
  3. Դուբայի սխոդկան տալիս է իր պտուղները
    Եթե Հայաստան գա զուտ արաբական Կարֆուրը, ապա արդեն դժվար է ասել, թե ինչը ավելի կխթանվի՝ մրցակցությունը, թե «ախպերությունը»:
    12:39 23/05/2013
  4. Տիգրան Սարգսյանը հայտնվել է ծուղակում
    Սա այն դեպքն է, երբ Տիգրան Սարգսյանը խոհեմաբար համաձայնեց ԱԺ նախագահի հետ, վստահելով նրա փորձառությանը:
    11:59 23/05/2013
  5. Կառավարման համակարգը չի կրակում, վառոդն է թաց
    Հայաստանի կառավարման համակարգը չի աշխատում: Խնդիրը այդ համակարգի աշխատանքն է, ոչ թե այն, թե քանի հակակարկտային կայան է կրակել:
    11:30 23/05/2013
  6. Մոսկվայի շանտաժն անցնում է բոլոր սահմանները
    Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունն արտաքին ասպարեզում որոշակի կոնկրետ քայլեր է արել դիվերսիֆիկացման ուղղությամբ
    11:04 23/05/2013
  7. Բունտի ու քաոսի այլընտրանքը
    Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում բավական մոդայիկ է դարձել համակարգային փոփոխությունների մասին խոսելը
    09:57 23/05/2013
  8. Հեղափոխություն Հայաստանի ընդերքում
    ԱՄՆ մասնագետները Հայաստանում ուսումնասիրել են շերտաքարային գազի պաշարները, որի արդյունքի մասին զեկույցը կներկայացվի հանրությանը:
    19:43 22/05/2013
  9. Ինտելեկտն ու գիտելիքը «խոզերի» բուֆեր դարձնելու գինը
    Իշխանությունն այսօր հենվել է երկու հիմնական բուֆերի վրա՝ ինտելեկտուալ բուֆեր եւ այլընտրանքային բուֆեր՝ ի դեմս ԲՀԿ-ի:
    17:22 22/05/2013
  10. Գագիկ Խաչատրյանը հավատո՞ւմ է Աստծուն
    Մատթեոսը հավատաց Աստծուն:
    14:57 22/05/2013