Երբ կխոսի Քոչարյանը

    • Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2012, 18:46

Երբ դեռեւս չէր մեկնարկել նախընտրական քարոզարշավը, մամուլում հայտնվեց տեղեկություն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի ընտրության վերաբերյալ խոսելու է ապրիլի երկրորդ կեսին:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը որեւէ ժամկետ չէր հայտարարել, բայց մամուլին բազմանշանակ հայտնել էր, թե կարծում է, որ երկրորդ նախագահը կունենա ընտրության վերաբերյալ ասելու բան:

Ինչպես հայտնի է, դրանից ամիսներ առաջ էլ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով այդ ժամանակ դեռ ԲՀԿ անդամ չէր, իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե ենթադրում է, որ երկրորդ նախագահը ինչ որ ձեւով ներգրավվածություն կունենա խորհրդարանի ընտրությանը:

Առայժմ երկրորդ նախագահը լուռ է: Մոտենում է ապրիլի վերջը, մոտ երկու շաբաթից էլ խորհրդարանի ընտրության քվեարկության օրն է: Մինչ այդ կխոսի՞ Ռոբերտ Քոչարյանը, թե կմնա լուռ:

Նրա խոսքի հետաքրքրականությունը ոչ միայն պայմանավորված է զուտ այն հանգամանքով, որ նա Քոչարյանն է, ով շատերի կարծիքով դեռեւս մեծ ազդեցություն ունի երկրում ընթացող ներքաղաքական եւ ներիշխանական գործընթացների վրա, այլ նաեւ նրանով, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը կստանձնի ԲՀԿ-ին սատարելու առաքելություն: Այդ սատարումը կարող է եւ լինել անուղղակի, ասենք այն մոտեցումների տեսքով, որ օրինակ ԲՀԿ-ն եւ մասնավորապես Վարդան Օսկանյանն են ներկայացնում նախընտրական արշավի ընթացքում:

Թե՞ Ռոբերտ Քոչարյանը հենց դրանից ելնելով էլ որոշել է այդուհանդերձ լուռ մնալ ու չխանգարել Բարգավաճ Հայաստանին, այսպես ասած չապացուցել այն տարածված տեսակետը, թե ինքն է ԲՀԿ թիկունքին եւ ինքն է առաջ մղում այդ կուսակցությանն ու թելադրում վարքագիծը:

Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այժմ նաեւ երբեք չի հերքել իր առնչությունը ԲՀԿ-ին, իր ազդեցությունն այդ կուսակցության վրա: ԲՀԿ-ն հերքել է, պաշտոնապես հայտարարել, որ Քոչարյան չկա: Բայց Քոչարյանն ինքը դեռեւս կարծես թե որեւէ անգամ չի հայտարարել, թե ԲՀԿ հետ ոչ մի կապ չունի:

Թե ինչու չի հայտարարում, որ կապ ունի, առավել քան պարզ է: Քոչարյանը հասկանում է, որ ԲՀԿ ընտրազանգվածի զգալի մասին դա դուր չի գա, իսկ նախընտրական շրջանում էլ կխանգարի ԲՀԿ անձեռնմխելիությանը, քանի որ այդ դեպքում Հայ ազգային կոնգրեսը ստիպված է լինելու քննադատել նաեւ Բարգավաճ Հայաստանին: Իսկ դա ԲՀԿ համար ավելորդ ռիսկ է ընտրազանգված կորցնելու տեսանկյունից:

Սակայն ամենաէականն իհարկե այն է, թե ինչպիսին է Ռոբերտ Քոչարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան կապը: Ո՞րն է ներկայում ավելի ամուր, ո՞րն է Քոչարյանի համար հիմնականը: Եվ ընդհանրապես՝ կա՞ն արդյոք այդպիսի կապեր:

Այն, որ Սարգսյանի հետ կապ կլինի, թերեւս զարմանալի չէ: Ի վերջո, Սարգսյանն ու Քոչարյանն ունեն էական հակասություններ, բայց նաեւ ընդհանուր շատ բան, այդ թվում շահեր: Իսկ ունե՞ն արդյոք ընդհանուր շահեր Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը:

Մի առիթով, 2008, թե 2009 թվականին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասուլիսներից մեկում կես կատակ կես լուրջ նշեց, թե եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, ապա չի բացառվում նաեւ, որ ինչ որ իրադրության պայմաններում իրենք նույնիսկ դաշնակիցներ լինեն:

Ներկայում, թեեւ Հայ ազգային կոնգրեսը փորձում է իշխող վարչակարգին հիշատակելիս նաեւ Քոչարյանի անունը հիշատակել, այդուհանդերձ խնայում է Քոչարյանի վարչակազմի թիվ մեկ օլիգարխը համարվող Գագիկ Ծառուկյանին, դրանով թերեւս առնվազն նվազագույն ծավալով վկայելով, որ գուցե իրադրությունը հենց այն է, որը կարող է բերել Քոչարյանի հետ Տեր-Պետրոսյանի գործակցության:

Առավել եւս, որ ԲՀԿ-ն, գոնե այս պահին այդ գործակցության ամենահարմար կամուրջը, կամ գուցե թունելն է, որտեղ Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը փորձում են հնարավորինս թաքուն, անուղղակի հարաբերվել, հասկանալով, որ առնվազն այս պահին կամրջի վրա բացօթյա շփումը կարող է վնասել երկուսին էլ, քանի որ տեսնողները շատ կլինեն:

Իսկ որն է նրանց շփման շահը: Կամուրջը կամ թունելը ԲՀԿ-ն է, դա պարզ է: Իսկ ո՞րն է ընդհանուր շահը, ինչ հեռանկարի մեջ է այն ուրվագծվում՝ միմյանց օգտագործելով Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցնելու՞, իսկ մյուսին հուսախաբ անելու, թե՞ նաեւ հետո իշխանությունը միմյանց միջեւ բաժանելու հեռանկարում:

Ըստ երեւույթին, Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն էլ առայժմ չունեն այդ հարցի պատասխանը, քանի որ թերեւս մինչեւ վերջ չեն տիրապետում նաեւ իշխանությունը պահելու գործում Սերժ Սարգսյանի համար միջազգայնորեն թույլատրված գործիքակազմի մասին լիարժեք տեղեկությունների:

  1. Ինչպես են Հովիկ Աբրահամյանին գցել թակարդը
    Երեւի թե կասկած չկա, որ կառավարության այդ թակարդում հայտնվել են ուրիշ «մկներ» էլ, որոնք հանդիսանում են խոշոր հողատերեր
    17:33 18/06/2013
  2. Տիգրան Սարգսյանը կդիմանա՞ մինչեւ նոյեմբեր
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում:
    14:48 18/06/2013
  3. Ռուսական տանկերը կկրակեն Ղարաբաղի ուղղությամբ
    Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:
    11:04 18/06/2013
  4. Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը
    Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը:
    10:42 18/06/2013
  5. Պուտինն «ինչ-որ հեռացող, հոգեւոր…» բան է առաջարկում
    Պուտինը ոչ այնքան որոշակի, սակայն բավական ամբողջական ընտրություն է ներկայացրել, որի առաջ կանգնել են Հայաստանն ու նրա նման երկրները:
    09:27 18/06/2013
  6. Ամուլսարը եւ իշխանության լեգիտիմության հարցը
    Հանքարդյունաբերության ոլորտը թափանցիկ չէ, ու եթե այս մակարդակում այն սկսի ինտեգրվել բիզնես-քաղաքական խոշոր շահարկումների մեջ, թափանցիկության հույս ընդհանրապես կարող է չլինել:
    17:11 17/06/2013
  7. Սերժ Սարգսյանը նոր խաղացող է մտցրել դաշտ
    Վարչապետի օֆշորային պատմությունը հիմք տվեց ենթադրությունների եւ կանխատեսումների
    16:22 17/06/2013
  8. Խուժանի «ռենեսանսը», կամ ով է իրականում կառավարում Երեւանը
    Տարոն Մարգարյանը իդեալական քաղաքապետ է բոլոր նրանց համար, ովքեր մինչ այժմ «ամաչում էին» լիովին դուրս գալ ստվերից:
    11:09 17/06/2013
  9. Սարերի քամին այլ կողմ է փչում
    Անհրաժեշտ է վերանայել «մենք թիմ չունենք, մեր թիմը ժողովուրդն» է հակաքաղաքական մոտեցումը
    09:40 17/06/2013
  10. Ժառանգությանը Գազ են տվել
    Ժառանգությանը պարզապես ծաղրել են եւ ցույց տվել նրա ներկայիս իրական վիճակն ու դերը:
    15:42 16/06/2013