Ոստիկանությունն ու քաղաքապետարանն իրականում պայքարում են ոչ Մաշտոցի պուրակում տեղադրվող կրպակների տերերի իրավունքների համար: Ոստիկանությունն ու քաղաքապետարանն այժմ համարվում են հին համակարգի պաշտպանները, որը կարող է փլվել Մաշտոցի պուրակում: Տարոն Մարգարյանն այդ ճակատի առաջին գծում է, եւ թերեւս, հենց այդ պայքարը նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ նոր քաղաքապետի երդման արարողության ժամանակ ասում էր, որ հուսով է՝ Տարոնը կարդարացնի հույսերը:
Մի քանի խանութները միայն առիթ են, եւ դրանց տերերը, ամենայն հավանականությամբ, արդեն դիմել են քաղաքապետին, որպեսզի վերջինս այլ տեղ ընտրի, մեղքից հեռու: Հնարավոր է, նրանք նույնիսկ հրաժարվել են սեփականության իրավունքից, սակայն քաղաքապետարանի եւ օլիգարխիայի համար սա վճռորոշ ճակատամարտ է, եւ այն չի կարող նահանջել:
Այն բանի գիտակցումը, որ քաղաքի տերերը նրա քաղաքացիներն են, հին համակարգի համար անսպասելի հարված է դարձել: Հենց «Մենք ենք այս քաղաքի տերը» կազմակերպության անվանումը այն ժամանակվա քաղաքապետին շփոթության մեջ գցեց: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ով է քաջություն ունեցել հայտարարել, որ նրանք քաղաքի տերն են, այն դեպքում, երբ իրենց են տեր նշանակել: Սակայն ամենասարսափելին այն է, որ օրենքներում գրված է՝ տերերը քաղաքացիներն են, այլ ոչ թե քաղաքապետը:
Հասկանալով, որ այդ գիտակցումը եւ դրա հրապարակային արտահայտումը համարվում են ամենամեծ սպառնալիքը ներկայիս համակարգի համար, ստիպել են վերջինիս պաշտպանվել, չնայած նախընտրական շրջանին եւ վարկանիշի կորստի սպառնալիքին: Այստեղ, ինչպես ասում են, վարկանիշի ժամանակը չէ:
Պատմության մեջ ֆորմացիաները փոխվել են անշարժ գույքի եւ արտադրության միջոցների սեփականության ձեւի փոփոխության հետ՝ ստրկատիրությունից՝ ավատատիրություն, ավատատիրությունից՝ կապիտալիզմ: Այժմ Հայաստանում «ժողովրդավարական ավատատիրություն է», որտեղ սեփականությունը պատկանում է մի խումբ մարդկանց, ովքեր պաշտպանում են այն «գրված» ժողովրդավարական օրենքներով:
Այսօր այդ մարդկանց սեփականության իրավունքը կասկածի տակ է դրված, եւ տեղի է ունենում «քննարկման» գործընթաց, թե ում պետք է անցնի այդ իրավունքը: Հասարակության առավել առաջադեմ հատվածը, երիտասարդությունը, որը մեծացել է օլիգարխիայի գրած ժողովրդավարական օրենքների ներքո եւ գիտի, թե ինչ է նշանակում իրավահավասարություն, հայտարարում է, որ սեփականությունը պատկանում է հասարակությանը: Օլիգարխիկ հատվածը չի ընդունում նման գնահատականը եւ առավելագույնը, ինչի ընդունակ է, սեփականության վերաբաժանումն է, մեկից խլելը եւ մյուսին փոխանցելը:
ՀՀԿ համագումարում իր ողջույնի խոսքում ԵԺԿ առաջնորդ Վիլֆրեդ Մարթենսն ասել է, որ Հայաստանում փոխվում է պատմական ֆորմացիան: Պետք է հուսալ, որ նա հենց նկատի ունի սեփականության ձեւի փոփոխությունը, հիմնական բարիքների անցումը հասարակության սեփականությանը:
Այնպես որ, Տարոն Մարգարյանը չի կարող նահանջել եւ խանութները տեղափոխել այլ վայր: Նրան չեն ների նահանջը, որովհետեւ իրենց թիկունքում համակարգն է, որն իրոք փլուզվում է:

Մեկնաբանություն