Այն, որ ֆինանսների եւ արդարադատության նախարարները դառնում են ՀՀԿ անդամ, ապա մենք թերեւս ականատես ենք լինում ՀՀԿ վրա վարչապետ Տիգրան Սարգսյանի գրոհի այսպես ասած երկրորդ ալիքին: Առաջինն այն ժամանակ էր, երբ ՀՀԿ-ական դարձան Սարգսյանի թիմի անդամներ Տիգրան Դավթյանը, Ներսես Երիցյանը, Դավիթ Սարգսյանը: Այժմ էլ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանն են համալրում ՀՀԿ-ում Տիգրան Սարգսյանի շրջանակը:
Գրեթե աներկբա է, որ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը ՀՀԿ-ում ավելանում է: Կամ, գուցե խոսքը ոչ այնքան ազդեցության, որքան դերակատարության մասին է: Ի վերջո, ունենալ ավելացող դերակատարում, աներկբա չի նշանակում ունենալ ազդեցություն: Խնդիրն այստեղ այն է, թե որքանով է այդ դերակատարությունն իրադարձությունների օբյեկտիվ զարգացման դրսեւորում, եւ որքանով է այդ դերակատարությունը պարզապես Սերժ Սարգսյանի քաղաքական սցենարի մի հատված, թեկուզ կարեւոր հատված:
Այդ տեսանկյունից, բավական հետաքրքրական է նաեւ այն, որ չնայած տնտեսական քաղաքականության տոտալ քննադատությանը, որ գալիս է անգամ ՀՀԿ իշխանական գործընկեր ԲՀԿ ճամբարից, Սերժ Սարգսյանը չորս տարվա մեջ որեւէ անգամ կասկածի տակ չառավ այդ քաղաքականության արդյունավետությունը, որեւէ անգամ նկատողություն կամ դիտողություն չարեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ավելին, Սարգսյանը կարողացավ հմտորեն զսպել Հովիկ Աբրահամյանի եւ իր աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի վարչապետական հավակնությունները, նաեւ կարողացավ զսպել օլիգարխիայի ցասումը վարչապետի դեմ: Իհարկե, Սարգսյանը միեւնույն ժամանակ չկարողացավ, կամ թերեւս ավելի ճիշտ չուզեց ընդառաջել վարչապետի համար էական հարցերից մեկում՝ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի փոփոխության հարցում:
Բայց, հնարավոր է, որ ՊԵԿ նախագահի պահպանությունը այդ պաշտոնին, Սարգսյանի համար այն փոխզիջումային եզրն էր, որ առկա էր վարչապետի հանդեպ օլիգարխիկ համակարգի ցասումը զսպելու հարցում:
Իսկ ի՞նչ է տալիս Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին, այդ ամենի դիմաց: Ինչու՞ է Սերժ Սարգսյանը պահում Տիգրան Սարգսյանին, եթե կարող էր ասենք ընտրության շեմին նրան փոխարինելով մեղմել սոցիալական դժգոհություններն ու պատասխանատվությունը դնելով նրա վրա, ավելացնել ՀՀԿ-ի ձայները, կամ փորձել դրանք ավելացնել: Թե՞ Սերժ Սարգսյանին Տիգրան Սարգսյանն այդ նպատակի համար պետք է նախագահի 2013 թվականի ընտրությունից առաջ, երբ քաղաքական մրցակցության շրջանակն ավելի նեղանում է, դինամիկան ու լարումն ավելի մեծանում, եւ այդպիսի հնարքն այդ ժամանակ ավելի անհրաժեշտ կարող է լինել, քան այժմ:
Կամ, արդյոք Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է որպես իշխանության ինտելեկտուալ, այսպես ասած քաղաքակիրթ եւ արդիական շղարշ: Բայց չէ որ այդ կարգավիճակը Տիգրան Սարգսյանը վաղուց է սպառել, եւ մարդիկ նրանից այլեւս ոչ թե իմիջ, այլ տնտեսական քաղաքականության շոշափելի արդյունք են ակնկալում, որից իրենց կյանքը կբարելավվի այստեղ եւ հիմա, ոչ թե ինչ որ տարիներ անց:
Այն, որ այսպես ասած վարչապետական թիմի նախարարները հերթով դառնում են ՀՀԿ-ական, թերեւս ավելի շատ խոսում է այն բանի օգտին, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանից այդքան էլ շուտ ազատվելու մտադրություն չունի: Այլապես ինչու պետք է ՀՀԿ-ում թիմ ձեւավորեր նրա համար:
Իսկ գուցե Սերժ Սարգսյանը չունի Տիգրան Սարգսյանից շուտ ազատվելու հնարավորություն: Ու պատճառն էլ գուցե ամենեւին այն չէ, որ նրա միջոցով գոնե ինտելեկտուալ շեղումներ է առաջացնում հանրային դժգոհության ծիրում:
Այստեղ թերեւս ուշագրավ է ՀՀԿ համագումարին ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի ուղերձը: “Մենք Ձեզ ընդունում ենք անվերապահորեն և ոգևորությամբ, քանզի վստահում ենք Ձեզ ։ Մենք հպարտանում ենք Ձեր նախագահության օրոք Հայաստանի առաջընթացով։ Ես կուզենայի այդ համատեղ հաջողությունների հետ կապել նաև Ձեր և վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը”, ՀՀԿ 13-րդ համագումարի իր ուղերձում գրում էր ԵԺԿ նախագահը Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանի անվան կողքին Տիգրան Սարգսյանի անվան հիշատակումը բավական ուշագրավ հանգամանք է, ու թերեւս դա ամենեւին էլ երկրորդական նշանակություն չունի Հայաստանի իշխանական համակարգում եւ ՀՀԿ-ում Տիգրան Սարգսյանի դերակատարության աճի հարցում: Եվ այդ համատեքստում չի էլ բացառվում, որ այդ դեպքում խոսքը իսկապես ոչ միայն դերակատարության, այլ ազդեցության մասին է:
Ընդ որում, պետք չէ նաեւ բացառել, որ հենց Տիգրան Սարգսյանն է Սերժ Սարգսյանի միջազգային լեգիտիմության, ընդունելիության, վստահելիության բանալին, այլ ոչ թե ասենք հայ-թուրքական դիվանագիտությունը:
Եվ դա է գուցե պատճառը, որ ի տարբերություն հայ-թուրքական դիվանագիտության, Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունից Սերժ Սարգսյանը ձերբազատվել չի կարողանում, անգամ երբ հայտնվում է այնպիսի անհարմար դրության մեջ, ինչի մեջ համագումարյան ելույթից հետո նրան դրեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր բաց նամակով:
Բայց, մյուս կողմից, իհարկե, տնտեսական քաղաքականության իմաստով այստեղ կա որոշակի պարադոքս: Բանն այն է, որ Հայաստանում քաղաքական համակարգային արատների պարագայում, շատ դժվար է իրական եւ օբյեկտիվ գնահատական տալ վարվող տնտեսական քաղաքականությանը: Դժվար է գնահատել կայացվող որոշումների եւ ընդունվող օրենքների օգտակար գործողության գործակիցը, եթե երկրում օրենքները չեն աշխատում, երբ գործում են կառավարման հակասահմանադրական մեխանիզմները եւ շարունակում է պահպանվել բիզնեսի ու իշխանության սերտաճման բարձր մակարդակն ու օլիգարխիայի արտոնությունների համակարգը:
Կասկած չկա, որ այդ լուծումներն արդեն ոչ թե Տիգրան, այլ Սերժ Սարգսյանի դաշտում են, եւ հետեւաբար, տնտեսական քաղաքականության անարդյունավետության կամ անորոշության համար ուղղակի պատասխանատվություն է կրում նաեւ Սերժ Սարգսյանը, ընդ որում ոչ միայն այն պատճառով, որ ի վերջո ինքն է իշխող կուսակցության ղեկավարն ու գործադիր պաշտոնների նշանակողը, այլ որովհետեւ ինքը պետք է դրսեւորի այն քաղաքական կամքը, որը երկրում կհաստատի կառավարման բացարձակ սահմանադրականություն:
Ու այդ իմաստով, հնարավոր է, որ հենց այդ խնդիրը լուծելու համար է Սերժ Սարգսյանը փորձում ՀՀԿ-ում ավելացնել Տիգրան Սարգսյանի դերակատարությունն ու ընդլայնել ազդեցության շրջանակը:
Բայց, ներկայիս փորձը ցույց է տալիս, որ առայժմ, այդ ճանապարհով ավելի շատ ազդեցության տակ են ընկնում այսպես ասած Տիգրան Սարգսյանի թիմի անդամները, քան ՀՀԿ-ում տարածվում է նրանց ազդեցությունը:
Արդյունքում, որեւէ առարկայական բան, բացի նրանից, որ hանրային ընկալման մեջ միմյանց հետեւից որակազրկվում են այսպես ասած նոր ու չվարկաբեկված պաշտոնյաները՝ նույնականանալով ՀՀԿ ներկայիս կերպարի հետ, կարծես թե տեղի չի ունենում: Թեեւ, հնարավոր է իհարկե, որ ՀՀԿ-ում կիրառվում է “տրոյական ձիու” տարբերակը, երբ գլխավորն անարգել ներս մտնելն է, իսկ գիշերով ներսից գրավելն արդեն տեխնիկայի հարց: Ի վերջո, ներկայիս ՀՀԿ-ն մեկ գիշերում ծավալված կուսակցություն է՝ երբ 1998 թվականի փետրվարին խորհրդարանի մեծամասնությունը մեկ գիշերվա մեջ ճամբար փոխեց. իսկ մեկ գիշերում ելած կուսակցությունը թերեւս մեկ գիշերում էլ կընկնի:

Մեկնաբանություն