Խորհրդարանի ընտրության համամասնական ցուցակներում երգիչների, մարզիկների ու դերասանների, հեռուստահաղորդավարների եւ լրագրողների ընդգրկումը Հայաստանի իշխանության “նոու-հաուն” չէ: Այդ մեթոդը կամ մոդելը ընդօրինակվել է Ռուսաստանի դաշնության Պետդումայի 2007 թվականի ընտրությունից: Այդ ժամանակ, Եդինայա Ռոսիյա իշխող կուսակցությունն իր համամասնական ցուցակում տեղ տվեց հենց այդ կատեգորիաների ներկայացուցիչներին: Եդինայա Ռոսիան այդ ժամանակ ստացավ 50 տոկոսից ավելի ձայն, գերակշիռ մեծամասնություն կազմեց խորհրդարանում:
Այժմ, հինգ տարի անց, նույն մեթոդը կիրառվում է նաեւ Հայաստանում: Իշխող ՀՀԿ-ն ու իշխանական երկրորդ կուսակցություն հանդիսացող Բարգավաճ Հայաստանը իրենց ցուցակներում փորձում են տեղ տալ երգիչների, ծանրորդուհիների, դերասանների, այդ կարգի այլ անհատների:
Հաշվարկը թերեւս այն է, որ հասարակությունը նրանց շնորհիվ կարող է ձայն տալ այդ կուսակցություններին: Անկախ սոցիոլոգիան կարող էր ճշգրիտ, կամ դրան մոտ պատկեր ստանալ, թե քաղաքացու ընտրության հարցում ինչ ազդեցություն կունենա ՀՀԿ ցուցակում Շուշան Պետրոսյանի կամ ԲՀԿ ցուցակում Նազիկ Ավդալյանի անունը:
Այդ ժամանակ թերեւս կպարզվեր, որ այդ անունները ընտրողին չեն ասում ոչինչ, որովհետեւ ընտրողը հիմար չէ, տգետ չէ, որ չհասկանա՝ Շուշան Պետրոսյանը գուցե լավ երգչուհի է, բայց խորհրդարանը համերգասրահ չէ, այլ քաղաքական ասպարեզ, որտեղ պետք է քաղաքական բանավեճեր ծավալվեն, որտեղ պետք է սուր քննարկումներ լինեն այս կամ այն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որտեղ պետք է արտաքին քաղաքական կարեւոր հարցեր քննարկվեն:
Նազիկ Ավդալյանը ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի է, բայց ընտրողն էլ տգետ ու հիմար չէ, որ չգիտակցի ու չհասկանա՝ խորհրդարանը մարզասրահ կամ մարզաբազա չէ, այլ քաղաքական, օրենսդիր մարմին, որտեղ պետք է ծավալվի օրենսդրական գործունեություն, հնչեն քաղաքական հայտարարություններ, որտեղ քաղաքականությունը պետք է լինի մասնագիտություն, ոչ թե հոբբի, ժամանց:
Բայց, մեծ հաշվով, պետք չէ մտահոգվել այն ամենից, ինչ կատարում են ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց նախընտրական ցուցակների հետ: Ընդհանրապես, պետք չէ մտահոգվել, թե ինչպիսի խորհրդարան է լինելու 2012 թվականի խորհրդարանը: Հայաստանի ճակատագիրը, նոր Հայաստանի ստեղծման գործընթացը խորհրդարանում չէ, որ տեղի է ունենալու:
Նոր Հայաստանի ստեղծման գործընթացը տեղի է ունենալու քաղաքացիական դաշտում, նոր Հայաստանը կերտելու են այն երիտասարդները, ովքեր պայքարում են իրենց եւ հասարակության իրավունքի եւ ազատության համար: Ընդ որում, անկախ այդ երիտասարդների կուսակցական պատկանելիությունից կամ անկուսակցականությունից, անկախ քաղաքական հայացքներից: Նոր Հայաստանի ձեւավորման գործընթացը ենթադրելու է նաեւ հենց այն, որ այդ երիտասարդական պոտենցիալը ի վերջո գտնելու է համատեղման այն կայուն բանաձեւը, որը թույլ կտա համախմբվել գլխավորի շուրջ:
Առաջիկա տարիներին Հայաստանի համար կարեւորագույն գործընթացը լինելու է հենց դա, հենց այդ գլխավորի, կամ գլխավորին տանող օպտիմալ բանաձեւի փնտրտուքը: Եվ դրանից է կախված Հայաստանի ճակատագիրը որպես պետություն, որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, որպես համաշխարհային քաղաքականության ինքնիշխան մասնակից, որպես տարածաշրջանային քաղաքակրթական առաջատար:
Նոր Հայաստանը ձեւավորվելու է խորհրդարանից դուրս, հետեւաբար որքան հին Հայաստան հավաքվի այդ խորհրդարանում, այնքան ավելի մոտ է լինելու Նոր Հայաստանը:

Մեկնաբանություն