Ինքնիշխան ժողովուրդն ինքն է ծնում, առաջնորդում և կենսագործում իր գոյության համար անհրաժեշտ փոփոխությունները. Վերևից և դրսից չեն մատուցվում և պարտադրվում նմանօրինակ փոփոխությունները
Հայաստանի Հանրապետության՝ ՀՀ ներկա իրավական համակարգը չի առաջնորդվում և աշխատում ՀՀ Սահմանադրության իրավունքների շրջագծում:
Այսօր Երևանի Մաշտոցի Պուրակում սկսում է Քաղաքացիական անկախ և արդար դատարանի աշխատանքը: Քաղաքացիական Անկախ և Արդար Դատարանում տեղի է ունենալու ինքնորոշված քաղաքացիների հայցն` ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման պահանջի մասին:
Հանրային սեփականության, շրջակա միջավայրի, մարդու հիմնարար իրավունքների համար շարժման մեջ համախմբված՝ ինքնորոշված քաղաքացիները պազապես փորձում են վերականգնել հայ հասարակության և ժողովրդի ազատ ու արժանապատիվ ԳՈՅՈՒԹՅԱՆ համար անհրաժեշտ պայմանները և նախադրյալները, որ ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ:
ՀՀ-ում հանրության և ժողովրդի իրավունքները ապահովելու և պաշտպանելու իմաստով՝
- հանրությունը չի իրազեկվում իր ԳՈՅՈՒԹՅԱՆՆ առնչվող հիմնական որոշումների կայացման մասին
- հանրությունը չի ներառվում/մասնակցության հնարավորություն չի ապահովվում իր ԳՈՅՈՒԹՅԱՆՆ առնչվող հիմնական որոշումների կայացման գործընթացներում
- հանրությանը չի թույլատրվում հայց ներկայացնել և ինքն իրեն պաշտպանել իր ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ վտանգող հիմնական որոշումների դեմ ՀՀ ներկա արդարադատության համակարգում:
Իմ կարծիքով՝ թե իբրև հայ կին, մարդ-անհատ, փորձառու մասնագետ և ակտիվիստ, նոր սերնդի «Ինքնորոշված Քաղաքացիական շարժումն» իր ռազմավարությամբ ու գործունեությամբ մնում է և պայքարում է հիմնականում և բացարձակապես ՀՀ Սահմանադրական իրավական կարգի համաձայն: Պայքարում իրապես բարեփոխելով հայ մարդուն ու հասարակությունը: Պաշտպանում մարդ անհատի և հավաքականության՝ հանրության գոյությունը երաշխավորող իրավունքները և փորձում վերականգնել իր անվտանգ ու արժանապատիվ գոյությունը:
Սա ազատ, ինքնիշխան ու արժանապատիվ հասարակությունների չափորոշիչն է:
Անհրաժեշտ է գիտակցել, թե մենք՝ մեր հասարակությունն ու ժողովուրդը ինչ դրական և արմատական փոփոխություն ենք ծնել ու առաջնորդում մեր ներսում, առանց ակնկալելու, որ վերին և կամ արտաքին ատյանները դա կանեն մեզ համար:
Անհրաժեշտ է գիտակցել, որ փակ հակասահմանադրական համակարգը ճեղք է տվել և նահանջում է: Անհրաժեշտ է հավատալ ու մաս կազմել մեր նոր որակի սերնդի ինքնակերտման ջանքերին և տեր կանգնել մեր և մեր նոր որակի պետության մշակման գաղափարին ու գործին: Անհրաժեշտ է վախը թոթափել և գործնական լիարժեք մասնակցել ու վերականգնել մեր մարդ անհատի ու հավաքական անհատականության-ազգի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը: Անհրաժեշտ է հավատանք մեր անհատական ու հավաքական ներուժին: Ինքներս մեզ:
Որևէ արմատական փոփոխություն դիսկոմֆորտի, գուցեև վախի առիթ է տալիս: Պետք չէ վհատվել, քանզի մարդուն տրված է ինքնագիտակցության, արժանապատվության ու կարեկցանքի անբաժանելի ու անօտարելի ընդունակությունն ու հնարավորությունը: Կարևորը՝ կամենալ դա օգտագործել հանուն ներդաշնակ ու համերաշխ կյանքի ու գոյության: Մասնակցե՛նք մեր արժանապատիվ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ երաշխավորող իրական բարեփոխումներին:
Արմինէ Առաքելեան, Քաղաքագետ և միջազգային իրավաբան, Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ-ի հիմնադիր

Մեկնաբանություն