ԲՀԿ-ն ընդդիմություն է դառնում

    • Մեկնաբանություն - Երեքշաբթի, 13 Մարտի 2012, 12:31

Սպասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր նախընտրական համագումարին կհրավիրեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թերեւս միամտություն կլիներ: Նախ, իշխանությունը թողնելուց հետո Քոչարյանը ԲՀԿ որեւէ համագումարի չի մասնակցել, թեեւ եղել են այդպիսի սպասումներ, եւ բացի այդ էլ, նախընտրական համագումարին մասնակցելու դեպքում՝ անգամ լուռ նստելու, Քոչարյանը փաստորեն անուղղակի հաստատելու էր, որ Բարգավաճ Հայաստանն իր կուսակցությունն է:

Իհարկե, ներկայում քչերն են կարծում, որ իրենը չէ, բայց այդ դեպքում ուղղակի կստացվեր, որ Քոչարյանը “կնիքով” է հաստատում ԲՀԿ-ի իրենը լինելը: Իսկ դա պետք չէ թե Քոչարյանին, թե ԲՀԿ-ին: Ընդ որում, դա պետք չէ նաեւ Սերժ Սարգսյանին, որովհետեւ այդ դեպքում Բարգավաճ Հայաստանը չի կարող կատարել այն առաքելությունը, որը կուսակցության վրա ըստ ամենայնի դրել է Սերժ Սարգսյանը խորհրդարանի ընտրությանը:

Բարգավաճ Հայաստանն այդ ընտրությանը կատարելու է այսպես ասած ՀՀԿ “շանթարգելի” դերը՝ իր վրա վերցնելով, կամ ձգտելով իր վրա վերցնել հնարավորինս շատ ընդդիմադիր տրամադրություններ, որպեսզի դրանք ընդդիմության կողմ չգնան, կամ չմնան ընդդիմության կողմում: Նկատի ունենալով ընդդիմության հանդեպ հանրային վստահության զգալի նվազումը, հատկապես առաջատար համարվող ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի հանդեպ, թերեւս հնարավոր է ենթադրել, որ ԲՀԿ այդ առաքելությունն ամենայն հավանականությամբ կարող է արդյունավետ լինել Սերժ Սարգսյանի համար:

Դա իհարկե չի նշանակում, որ ՀՀԿ-ԲՀԿ այդքան չարչրկվող հակասությունը խաղ էր հենց սկզբից: Բանն այն է, որ այդ հակասությունն ունի միանգամայն բնական հիմքեր, նկատի ունենալով այն, որ Հայաստանի նյութական ռեսուրսները նվազում են, իշխանության արտաքին եւ ներքին պատասխանատվության խնդիրն՝ ավելանում, եւ մեծանում է զոհաբերությունների անխուսափելիությունն ու ռիսկը: Այդ պայմաններում, խաղ չէ որ միայն ՀՀԿ-ԲՀԿ, այլ նաեւ ՀՀԿ-ի ներսում առկա տարբեր խմբերի մրցակցությունն ու հակադրությունը:

Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է ԲՀԿ-ն ՀՀԿ պատվիրած առաքելությունը ստանձնում, եթե կուսակցությունների միջեւ հակադրությունն ունի բնական հիմքեր:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն թերեւս ինքն էլ չի պատկերացնում, որ կատարում է հենց այդ առաքելությունը: Բարգավաճ Հայաստանի ու ՀՀԿ-ի միջեւ ակնհայտորեն նկատելի է որոշակի հրադադարային համաձայնություն, եւ կողմերն ակնհայտորեն համարում են՝ ամեն մեկն իր համար, որ նախընտրական հրադադարից հետո, երբ ընտրությունն անցնի, կարող են արդեն դիմացինին կանգնեցնել այնպիսի փաստերի առաջ, որ նրան կմնա հանձնվելը:

Բարգավաճ Հայաստանն անկասկած ակնկալում է, որ ՀՀԿ հետ ճակատային դիմակայությունից խուսափելով եւ շարքերը պահելով, ինքը կարող է ընտրությանը հավաքել այնքան ձայն, որ ՀՀԿ-ն հետո ստիպված կլինի հաշվի նստել իր հետ: ՀՀԿ-ն էլ անկասկած համարում է, որ ԲՀԿ-ին զերծ պահելով նախընտրական շրջանում ընդդիմությանը միանալու անհրաժեշտությունից, ինքը կարող է ընտրությանը համոզել կամ կաշառել հասարակությանը եւ ստանալ գոնե այնքան ձայն, որ Բարգավաճ Հայաստանը ստիպված լինի զսպել իր հավակնություններն ու ՀՀԿ-ից ընդամենը հերթական քվոտաներն ակնկալել:

Խնդիրն այն է, որ այդ երկուստեք համարումներում շատ ավելի մեծ է ՀՀԿ հաշվարկի արդարացումը: Բանն այն է, որ ինչքան Բարգավաճ Հայաստանը նախընտրական շրջանում խուսափում է ՀՀԿ հետ բաց առճակատումից եւ հակադրությունից, այդքան ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ Բարգավաճ Հայաստանն իրականում զիջել է ՀՀԿ-ին եւ տեղավորվել նրա ուղեծրում: Միեւնույն ժամանակ, փետրվարի 13-ին հայտարարելով խաղի ընդհանուր կանոնների շուրջ պայմանավորվածության մասին, Բարգավաճ Հայաստանն իրականում զրկվեց ՀՀԿ հետ առճակատումը բաց դաշտ տեղափոխելու հնարավորությունից, քանի որ փետրվարի 13-ի հայտարարությունից հետո ՀՀԿ-ն կարող է Բարգավաճ Հայաստանին մեղադրել պայմանավորվածությունները խախտելու համար: Իսկ ոչ սահմանադրական մեխանիզմներով, այլ ընդամենը պայմանավորվածությունների եւ հասկացությունների դաշտում գործող իշխանական համակարգում դա աներկբա փաստարկ է դիմացինին նեղելու համար, եւ այդժամ իշխանության բոլոր խմբերը կզիջեն այդ փաստարկին:

Այդպիսով, ԲՀԿ-ի ձեռքերը նախընտրական շրջանում կապվել են փետրվարի 13-ի հայտարարությամբ, որը առաջին հայացքից ավելի մեղմ է, քան մեկ տարի առաջ կնքված փետրվարի 17-ի հուշագիրը: Բայց իրականում փետրվարի 13-ի հայտարարությունը ԲՀԿ-ին ավելի պարտավորեցնող է, որովհետեւ այսպես ասած կամավորության սկզբունքով է ձեռք բերվել: Եթե փետրվարի 17-ի դեպքում ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն ուղղակի պարտադրել է այդ թուղթը ԲՀԿ-ին, ապա փետրվարի 13-ի հայտարարության մեջ նկատելի է այսպես ասած հավասար պայմանավորվածությունը, ինչն իրականում շատ ավելի է մեծացնում դրանց տակ ստորագրած ԲՀԿ պատասխանատվությունն ու պարտավորվածությունը:

Այդպիսով, ԲՀԿ-ն ինքն իր ձեռքով գծել է մի շրջանակ, որը չնայած կառուցվածքային հզորությանն ու ազդեցիկ աուրային, այդուհանդերձ ենթադրելու է զգալիորեն մարգինալ պահվածք, որի էֆեկտը ԲՀԿ համար կարող է կարճաժամկետ լինել: Իսկ ՀՀԿ-ին անհրաժեշտ է հենց դա, որ հետընտրական իրավիճակում Բարգավաճ Հայաստանը կանգնի արդեն կամ-կամի առաջ՝ կամ ծայրահեղ ընդդիմություն իշխանությանն ու ձայների պահանջ, կամ հնազանդություն եւ համակերպում առաջարկվող քվոտաներին, դրանց շուրջ ասենք մի քանի տոկոսի հարցում բանակցելու «լյուֆտով»:

Պարզ է, որ դա, որպես քաղաքական ուժ, կլինի Բարգավաճ Հայաստանի ավարտը: Բայց, այն, որ կուսակցությանն են անդամակվում Վարդան Օսկանյանը, գաղափարական ընդհանրության հողի վրա ԲՀԿ հետ գործակցություն է սկսում Գուրգեն Արսենյանը, հուշում են, որ ԲՀԿ-ն ունի քաղաքական պլաններ: Եվ դրանք, ըստ ամենայնի, հենց ապագայի հետ են կապված, քանի որ հազիվ թե կուսակցությունը միամտություն ունենար կարծելու, թե Վարդան Օսկանյանի, Գուրգեն Արսենյանի կամ այլոց հետո հնարավոր է խորհրդարանի մեծամասնություն վերցնել այստեղ եւ հիմա: Նաեւ թերեւս այդ գործիչները բավական պրագմատիկ են այդպիսի պատրանքներ ունենալու համար:

Ըստ երեւույթին, ԲՀԿ-ում թերեւս կա գիտակցություն, որ քաղաքական առումով, շատ կարեւոր է լինելու ոչ թե բուն ընտրության արդյունքը, այլ քաղաքական սուբյեկտների հետընտրական պահվածքը: Եվ այդ իմաստով, ԲՀԿ համար էլ թերեւս կարեւորն այն է, թե ինչպես կպահի իրեն կուսակցությունը խորհրդարանի ընտրությունից հետո: Ու Վարդան Օսկանյանի, Գուրգեն Արսենյանի եւ այլ ուրիշ դեմքերի ներգրավումը կուսակցական գործունեության ուղեծիր, կարծես թե հուշում են, որ Բարգավաճ Հայաստանը տվյալ պահին՝ գոնե միջնաժամկետ հեռանկարում, ունի ավելի շատ ոչ թե իշխանություն, որքան ընդդիմություն դառնալու ծրագրեր կամ պատկերացում, եւ փաստացի պատրաստվում է խորհրդարանի ընտրությունից հետո ընդդիմադիր դաշտում հաստատվելու հեռանկարին:

  1. Այս անգամ Քոչարյանը խուսափեց
    Հայաստանում սկանդալ ծագեց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվների կապակցությամբ:
    09:31 20/06/2013
  2. Հայաստանը մեծ գայթակղության առաջ
    Մեծ Ութնյակի երկրները հռչակագիր են ընդունել, որում խոսք է գնում հարկերի հավաքագրման մեխանիզմները աշխարհի մաստաբով ռեֆորմացնելու մասին
    16:19 19/06/2013
  3. Կճոյանի սանիկը պետության անվտանգության ծիրում
    Հայաստանի իշխանության եւ նրա սանիկների ազնիվ խոսքին հավատալը արդեն ոչ միայն դյուրահավատության նշան է, այլ պարզապես հիմարության:
    11:46 19/06/2013
  4. Պատերազմը սկսել է. Որտեղից է այն կառավարվում
    Տիգրան Սարգսյանի օֆշորային հաշիվների աղմկոտ բացահայտումներից հետո խորհրդարանն անցել է «փոխել վարչապետին» գործողության երկրորդ մասին:
    11:27 19/06/2013
  5. Իշխանական համակարգը քայքայվում է բնական ճանապարհով
    Բոլորը շտապում են մեղադրել միմյանց գողության մեջ, որպեսզի չմեղադրվեն, կանիբալիզմի դեպքեր են տեղի ունենում:
    09:43 19/06/2013
  6. Մոսկվան Հայաստանի շահը վաճառել է 3 միլիարդով
    Դժվար է ասել, թե ինչն է Ռուսաստանին մղում դառնալ Ադրբեջանին զենքի թիվ մեկ մատակարարը
    09:28 19/06/2013
  7. Ինչպես են Հովիկ Աբրահամյանին գցել թակարդը
    Երեւի թե կասկած չկա, որ կառավարության այդ թակարդում հայտնվել են ուրիշ «մկներ» էլ, որոնք հանդիսանում են խոշոր հողատերեր
    17:33 18/06/2013
  8. Տիգրան Սարգսյանը կդիմանա՞ մինչեւ նոյեմբեր
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում:
    14:48 18/06/2013
  9. Ռուսական տանկերը կկրակեն Ղարաբաղի ուղղությամբ
    Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով:
    11:04 18/06/2013
  10. Խորհրդային Հայաստանի սպառումը. Մոսկվան տանում է իրենը
    Ռուսաստանն իրենը տանելու է անշրջելիորեն: Եվ ի վերջո, դա ըստ էության հենց իրենն է, այսինքն խորհրդա-ռուսական համակարգից եկողը:
    10:42 18/06/2013