Ի՞նչ հայագիտության մասին է խոսքը

    • Մեկնաբանություն - 14 Հունվարի 2012, 15:00

Հայաստանի կառավարությունը հունվարի 12-ին հավանություն է տվել հայագիտության զարգացման հայեցակարգին։ «Փաստաթղթերի հիմնական նպատակն է պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի։ Ակնկալվում է, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հայագիտությունը կխթանի անկախ պետականության ամրապնդումն ու կնպաստի ազգային ինքնագիտակցության ուժեղացմանը», ասվում է այս կապակցությամբ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Եթե հայագիտության տակ նկատի է առնվում 5-րդ դարից, այսինքն գրերի գյուտից սկիզբ առած եւ մեր օրերում կարծրացած ու միակ ճշմարիտը համարվող «օֆիցիոզը», ապա ի՞նչ կարիք կա լրացուցիչ գումարներ ծախսել: Մանավանդ որ, այն «հայագիտական օֆիցիոզը», որ սկսում է 5-րդ դարից, եւ որն ընդունված է որպես միակ ճշմարիտն ու անառարկելին, եւ ընդգրկված է դպրոցական ու բուհական դասագրքերում, իրենից գիտական, ժամանակագրական եւ պատմական արժեք փաստացի գրեթե չի ներկայացնում, ինչը խոստովանում են նաեւ հայ գիտնականները: Բանն այն է, որ «հայագիտության» հիմքը կազմող միջնադարյան մատյաններում, որոնց հեղինակները սովորաբար առաքելական եկեղեցու սպասավորներ են, պատմական ներքին ու արտաքին իրադարձությունները եւ զարգացումները կամ շարադրված են միակողմանի, ոչ օբյեկտիվ, կամ անտեսված են, եւ փաստացի շատ դեպքերում կապ չունեն իրականության հետ: Իսկ այլ մատյաններ չկան՝ կամ չեն եղել, կամ ոչնչացվել են:

Ըստ այդմ, եթե շարունակելու ենք զարգացնել այս հիմքով «հայագիտությունը», այդ պարագայում ո՞ւմ եւ ի՞նչ ենք ուզում ապացուցել, ո՞ւմ համար ենք զարգացնում, եւ ինչով է դա նպաստելու «հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովմանը»: Աշխարհին հաստատ դա հետաքրքիր չէ, իսկ եթե ինքներս մեզ ենք ուզում ինչ որ բան ապացուցել, ապա այս պարագայում բազմաթիվ տհաճ հարցեր են առաջանում, քանի որ նման համոզման բացակայությունը շատ հարցադրումների տեղիք է տալիս:

Մյուս կողմից, դժվար է ենթադրել, որ Հայաստանում թույլ կտրվի զբաղվել ընդունված «օֆիցիոզից» տարբերվող ուսումնասիրություններով: Կամ, ասենք, կֆինանսավորվեն նման ուսումնասիրությունները: Բանն այն է, որ այդ «օֆիցիոզը» դարեր շարունակ ներկայացրել է այնպիսի վարկած, որով հայերը փաստացի կտրված են եղել աշխարհի իրականությունից ու զարգացումներից, այդ պատճառով էլ այս կամ այն երեւույթը բացատրվել ու մինչ օրս էլ բացատրվում է «միաբանության պակասով», «երկպառակություններով», «դավաճանություններով», «դավադրություններով» եւ այլ անհեթեթ բացատրություններով: Ըստ այդմ, «հայագիտությունը» փաստացի վեր է ածվել քարոզչության, որն ակտուալ է ներկայիս աշխարհիկ ու հոգեւոր իշխանության գործիքակազմում: Հենց սրա համար էլ իշխանությունը չի փոխի այս «ավանդույթը»:

Իրականում, սակայն, ուսումնասիրելու շատ բան կա, շատ բան կա վերաիմաստավորելու եւ հասկանալու, եւ հենց դա կարող է նպաստել «հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովմանը» եւ հասնել իրական «ազգային ինքնագիտակցության»: «Հայագիտության» խնդիրը պետք է լինի այս մոտեցումներն ու մեթոդիկան փոխելը: Պետք է հայերի պատմությունն ու ստեղծած քաղաքակրթությունը ներկայացվի համաշխարհային զարգացումների լույսի ներքո: Միայն այս պարագայում մենք կարող ենք ստանալ կուտակված հարցերի պատասխանը: Համաշխարհային քաղաքակրթությունից հայերն իրականում կտրված չեն եղել, իրականում շատ բան են տվել, որոնք գիտակցաբար մոռացության է տրվել «օֆիցիոզի» կողմից:

Եթե սա չարվի, ապա «հայագիտություն զարգացնելը» վեր է ածվելու գումարների անիմաստ ծախսի, եւ իշխանության համար քարոզչական գործիքի:

Ամենաընթերցվածը