Քրդերը ձեւացնում են, թե Մոսկվան բարեկամ է

    • Մեկնաբանություն - 15 Հոկտեմբերի 2011, 13:22

1994-ի աշնանը, Չեչնիայի պատերազմից առաջ, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ղեկավար Եվգ. Պրիմակովը և Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ս. Ստեպաշինն այցելեցին Անկարա և թուրք պաշտոնակիցների հետ համաձայնագիր ստորագրեցին Հյուսիսային Կովկասի գործերին Թուրքիայի չմիջամտելու մասին, փոխարենը պարտավորվելով չմիջամտել Թուրքիայում քրդական գործերին։ Պետք է ասել, որ Ռուսաստանը լիովին կատարեց իր պարտավորությունները, իսկ Թուրքիան, ընդհակառակը, մինչև օրս էլ առանցքային դեր է խաղում ամբողջ Հյուսիսային Կովկասում։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը «հանձնեց» քրդերին, որոնք չեն մոռացել այդ բանը։ Ռուսաստանը կորցրեց, հնարավոր է առհավետ, իր առանց այն էլ թույլ ազդեցությունը քրդական շարժման վրա։ Այս ամենին ավելացավ քրդերի ուղղակի պատմական դժգոհությունն այն առթիվ, որ Ռուսաստանը մասնակից եղավ Աբդուլա Օջալանի շրջափակմանն ու հանձնմանը Թուրքիային։ Քրդերն այս բանն էլ չեն մոռացել և ընդամենը ձևացնում են, թե Ռուսաստանն իրենց «պոտենցիալ բարեկամն» է։ Ինչ էլ ասելու լինեն ամերիկացիները «տարածքային ամբողջականության» առնչությամբ, քրդերն ամերիկյան նախագիծ են, իսկ իսրայելցիներն ու բրիտանացիներն ունեն իրենց նախագծերը։ Կան նաև իրանական, թուրքական, եվրոպական, հնարավոր է նաև հայկական նախագծեր, չկա միայն ռուսականը։

Քրդական հարցում ԱՄՆ-ը պաշտոնապես թուրքամետ դիրք է գրավում։ ԱՄՆ-ը ազդարարել է, որ անհնար է ոչ միայն քրդական պետության ստեղծումը Թուրքիայում և Իրաքում, այլև լայն իրավունքներով ինքնավարության ստեղծումը։ ԱՄՆ-ը ենթադրում է, որ Թուրքիան կպահպանվի որպես միասնական պետություն, և, ի տարբերություն Եվրամիության և եվրոպական առաջատար պետությունների, չի մտածում անգամ իրենց լեզվի ու մշակույթի օգտագործման ոլորտում թուրքաքրդերի իրավունքների ընդլայնման մասին։ Լավագույն դեպքում ԱՄՆ-ը ենթադրում է Թուրքիայում քրդական հարցը կարգավորել երկրի քրդաբնակ շրջաններում բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման միջոցով։

ԱՄՆ-ի այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում վերջին 20 տարում, սակայն Ջորջ Բուշի վարչակազմն այդ դիրքորոշման մասին հայտարարել էր ավելի որոշակիորեն, ինչը, երևում է, հաստատվում է Բարաք Օբամայի վարչակազմի դիրքորոշման մեջ։ ԱՄՆ-ը հարկադրված է Թուրքիայում քրդական խնդիրների հետ հաշվի նստել միայն այն կապակցությամբ, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը պայմանավորվում է քրդական խնդրի կարգավորմամբ։ Դրան զուգընթաց, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բախվել են բարդ խնդիրների` կապված Իրաքի քրդաբնակ շրջանների հետ։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ջանքերով Իրաքի հյուսիս-արևելքում ստեղծվել է քրդական պետություն, որը պաշտպանում են Իրանը և Իսրայելը` որպես Իրաքին դիմակայության գործոն։ Պետական այդ կազմավորումը թեև տնտեսապես դեռևս ինքնաբավ չէ և թույլ է անվտանգության տեսակետից, սակայն ապացուցել է իր ընդունակությունը` կազմավորելու իշխանության մարմիններ, կառուցելու արևելյան տիպի քաղաքացիական հասարակություն, իրականացնելու արտաքին քաղաքական հարաբերություններ։ ՈՒժեղ կախման մեջ լինելով ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից` քրդերի այդ պետական կազմավորումը հարաբերություններ է կառուցում բոլոր շահագրգիռ պետությունների` Իրանի, Սիրիայի, Իսրայելի և անգամ Թուրքիայի հետ։ Կանոնավոր կապեր կան Իրաքյան Քրդստանի առաջատար քաղաքական կուսակցությունների, տարածաշրջանային կառավարության և այդ պետությունների ներկայացուցիչների միջև։

ԱՄՆ-ի վերլուծական ոլորտում չկան քրդական խնդրի փոքրիշատե փորձառու մասնագետներ։ Մի շարք մասնագետներ կան հետախուզական ոլորտում, որոնց վերլուծական կարողությունները, ըստ երևույթին, սահմանափակ են։ Վարչակազմի պատվերով, ԱՄՆ-ում քրդական խնդրի վրա աշխատում է երեք հետազոտական հիմնարկ` «Միջին Արևելքի ինստիտուտը», «Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտը» և «Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնը», ինչպես նաև որոշ համալսարանների առանձին հետազոտողներ։ Մտահղացումների ոլորտում հիմնական մրցակցությունն ընթանում է «Միջին Արևելքի ինստիտուտի» (ընդհանուր առմամբ` արաբամետ) և «Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի» միջև։ Վերջինս իսրայելամետ հիմնարկ է և ավելի լուրջ դիրքեր ունի ամերիկյան քաղաքականության մեջ։ ԱՄՆ-ում հետազոտական հիմնարկությունները մեծ դեր են խաղում արտաքին քաղաքականության ձևավորման գործում, այն դեպքում, երբ Նահանգները տվյալ խնդրի առնչությամբ քաղաքական որոշումների կիրառման բավականաչափ փորձ չունի։

Քրդական խնդրի առնչությամբ մեծ դեր են խաղում իսրայելամետ կենտրոններն ու մասնագետները, բացի այդ, Իսրայելն ու հրեական կազմակերպությունները միշտ էլ կարևոր դեր են խաղում ամերիկացիների կողմից Մերձավոր Արևելքի բոլոր խնդիրների քննարկման գործում։ Դրանց զուգընթաց, Իսրայելն իր շահերն ունի մի շարք իսլամական տարածաշրջաններում։ Հայտնի է, որ Իսրայելը հարաբերություններ է հաստատել Թալիբանի վարչակազմի հետ` շարունակելով վաղեմի հարաբերությունները, փաստորեն, բոլոր քրդական, կրոնական և զինված կազմակերպությունների հետ։ Նա ձգտում է ավելի արդյունավետ օգտագործել քրդական գործոնն ընդդեմ Իրաքի, Իրանի ու Սիրիայի, և այդ նպատակով կոնկրետ օգնություն է ցուցաբերում Իրաքյան Քրդստանի կառավարությանը, այդ թվում` հետախուզական ոլորտում։

Իսրայելը միակ պետությունն է, որը շահագրգռված է Իրաքի հյուսիս-արևելքում քրդական անկախ պետության ստեղծմամբ, որը կընդգրկեր ոչ միայն զգալի տարածություն, այլև կվերահսկեր Քիրկուկի նավթարդյունահանման շրջանը։ Քրդական խնդրում Իսրայելը Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցում է բոլոր` սիրիական, իրաքյան և իրանական քրդերի նկատմամբ թուրքական (ըստ էության, թուրք-իսրայելական) խնամակալության ստեղծման ուղղությամբ։

Թուրքիայի համար դա խիստ կասկածելի նախագիծ է, բայց Իսրայելը հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ, որին մտադիր է շահագրգռել այդ նախագծով։ Ընդ որում, Թուրքիայում քրդական խնդիրը լուծելու Եվրամիության ջանքերը` քրդերի սոցիալ-մշակութային իրավունքների ընդունման հիմքի վրա, նպաստում են իսրայելական այդ նախագծի իրագործմանը։ Այսպիսով, քրդական խնդիրը քննության առնելիս անհրաժեշտ է հաշվի առնել Իսրայելի շահերն ու ձգտումները։ Միաժամանակ, ԱՄՆ-ի, մասամբ նաև Եվրամիության առջև նոր ռազմավարական խնդիր է ծառացել` ապահովել թուրքական նկրտումների զսպումը, և այդ նպատակին է ենթարկված թուրքական ուղղությունում ԱՄՆ-ի քաղաքական ջանքերի ողջ զինանոցը։

Հիմքեր չկան պնդելու, թե ԱՄՆ-ն ունի իրաքյան գործողության միջոցով քրդական խնդրի լուծման մանրամասնորեն մշակված ծրագիր։ Ամերիկյան մի շարք փորձագետների կարծիքով, մինչև իրաքյան նավթի ճակատագրի վերջնական պարզումն Իրաքում քրդական խնդրի լուծման մասին մանրամասն պատկերացում ակնկալելն անիմաստ է, քանի որ իրավիճակն ավելի քան անկանխատեսելի է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի քիչ են հակված հրապարակայնորեն քննարկելու քրդական խնդիրն Իրաքում և բացահայտորեն կրճատել են իրենց տված խոստումները քրդական քաղաքական կազմակերպություններին։

Միաժամանակ պակասել են խոստումները նաև շիական կազմակերպություններին։ ԱՄՆ-ը հակված է մտորելու Իրաքի ապագայի մասին` որպես միասնական պետության։ Սակայն ամերիկյան քաղաքականության այդ արտաքին դրսևորումն ամենևին չի արտացոլում Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի իրական մտադրությունները։ ԱՄՆ-ը մտադիր չէ հետպատերազմյան Իրաքում ստեղծելու ուժեղ կենտրոնացված պետություն։ Այսպես թե այնպես, ամերիկացիները ենթադրում են ստեղծել իշխանության մի քանի համարժեք կենտրոն` ձևականորեն պահպանելով Իրաքի ամբողջականությունը։ ՈՒստի քրդերի համար բավականին նպաստավոր հեռանկար է բացվում, համենայն դեպս, քրդերն Իրաքում և այլ երկրներում ավելի լավ հեռանկար չունեն։

Հետպատերազմյան շրջանում քննարկվում է Իրաքի քաղաքական-պետական կառուցվածքը` մի ժողովրդավարական գործընթաց, որում ներգրավվելու են իրաքյան հասարակության բոլոր խավերն ու խմբերը։ Հենց այդ կարգով է ենթադրվում լուծել քրդերի ճակատագիրը, որոնք կստանան քաղաքական իրավիճակով պայմանավորված իրավունքներ։ Դրան զուգընթաց, ԱՄՆ-ը անպայման տեսանելի ապագայում քրդական գործոնը կօգտագործի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ Սակայն ներկայումս ԱՄՆ-ը շահագրգռված չէ Թուրքիայում քրդական գործոնի այդքան ակտիվ արծարծմամբ, թեև թուրքերի հետ երկխոսությունում այդ գործոնը լռելյայն օգտագործվում է։

Ներկայում քրդական պետական կազմավորման կառավարությունն իր զինված ուժերն ամրապնդելու խնդիր է առաջադրում։ Խնդիր է առաջադրվում մարտունակ ուժերի թվակազմը հասցնելու 60 հազարի։ Նախկինում այդ թիվը ձևականորեն էր նշվում, իսկ իրականում մարտունակ էր 12-15 հազարը միայն։ Քրդական տարածաշրջանային կառավարությունն ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից զգալի քանակությամբ սպառազինություն է ստացել և այն յուրացնում է այդ տերությունների ներկայացուցիչների հսկողությամբ։ Իրաքյան Քրդստանում ստեղծվել են ԿՀՎ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության գրասենյակներ, որոնք գործում են տեղական իշխանությունների հետ շփումով։ Տարածաշրջանի կառավարությունն ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային առաջարկում է «օրինականացնել» այդ գրասենյակների գործունեությունը, ստորագրելով համապատասխան պայմանագրեր, բայց երկու տերություններն էլ հրաժարվում են` խուսափելով տարածաշրջանի կառավարության հետ պաշտոնական հարաբերությունների հաստատումից։

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հանդուրժողաբար են վերաբերվում Իրաքյան Քրդստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, քանի որ այդ հարաբերությունների բացակայությունը նրանց ուսերին կբարդի այդ տարածքը պարենամթերքով և այլ նյութական ռեսուրսներով ապահովելու հետ կապված խնդիրների լրացուցիչ և շատ ծանր բեռ։ Հետաքրքրություն է ներկայացնում նաև այն, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չեն ձգտում սահմանափակել քրդերի շփումները Սիրիայի հետ։

Կարելի է ենթադրել, որ դրանով իսկ ստեղծվում է արաբների հետ քրդերի շփումների փորձ, ինչը կարող է դրական նշանակություն ունենալ Իրաքի քաղաքական նոր ղեկավարության հետ քրդերի հարաբերությունների հաստատման հարցում։ Քրդերի քաղաքական ճակատագիրը որոշակի չափով կախված է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանայի կողմից իրաքյան նավթի ու գազի վերահսկողության և օգտագործման հեռանկարներից։ Հակառակ Իրաքում ամերիկյան քաղաքականության ձախողման մասին տարբեր գնահատականներին, ԱՄՆ-ը լուրջ նախապայմաններ է ստեղծել էներգապաշարների օգտագործման ասպարեզում իր նպատակներին հասնելու ճանապարհին։ ՈՒստի` ներկա փուլում ԱՄՆ-ին ձեռնտու է Իրաքը փրկել փլուզումից։ Փլուզումը վրա կհասնի, երբ ԱՄՆ-ը կսկսի կորցնել վերահսկողությունը Իրաքի նկատմամբ։

Քրդական խնդիրն ԱՄՆ-ի քաղգործիչների և փորձագետների կողմից ընկալվում է որպես ամերիկյան քաղաքականության ավելորդ ու անհարմար կցուկ։ Փաստորեն, Մերձավոր Արևելքով զբաղվող փորձագետներից ոչ մեկը շատ թե քիչ որոշակի պատկերացում չունի «ԱՄՆ-ի քաղաքականության մեջ քրդական խնդրի դերի ու տեղի մասին»։ Արաբական, թուրքական կամ իրանական ծագում ունեցող ամերիկացի փորձագետներն անգամ, ովքեր աշխատում են «Միջին Արևելքի ինստիտուտում» և քաջ ծանոթ են քրդական խնդրին, դժվարանում են ձևակերպել քրդերի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումն ու մտադրությունները։ Ակներև է, որ քրդական թեման օրախնդիր չէ ամերիկյան քաղաքականության համար, թեև մեծ տեղ է գրավում Իրաքում ամերիկացիների գործունեության մեջ։ ԱՄՆ-ը ձգտում է պահպանել Իրաքի տարածքային և քաղաքական ամբողջականությունը, սակայն, միաժամանակ այնքան էլ համոզիչ ջանքեր չի գործադրում` ավելի շուտ գրավելով սպասողական դիրք։

Իրաքի պետության փլուզումը շատ անհարմար իրադրության մեջ կդներ ԱՄՆ-ին, որը միջազգային ընկերակցության և հատկապես արաբական աշխարհի աչքում կդառնար երբեմնի ամուր արաբական պետության փլուզման նախաձեռնող։ ԱՄՆ-ն աշխատում է չպնդել Իրաքի այս կամ այն պետական կառուցվածքի հաստատումը, սպասելով երկրում տեղի ունեցող գործընթացների արդյունքներին։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե Իրաքի փլուզումը կամ նրա ամբողջականության պահպանումը որքանո՞վ օգտակար կլինի նավթի պաշարների վերահսկողության հարցում։ ԱՄՆ-ի համար առավել ընդունելի մոդելը կդառնա ապակենտրոնացած համադաշնությունը` Իրաքում քաղաքական կենտրոնի անվանական պահպանումով։

«Միջին Արևելքի ինստիտուտի» փորձագետները համոզված են, որ Իրաքը կմնա որպես միասնական պետություն, և բերում են քաղաքական ու ազգային-ժողովրդագրական բնույթի հիմնավորումներ, որոնք այնքան էլ համոզիչ չեն։ Այդ կարծիքները, անշուշտ, արտացոլում են այն արաբ փորձագետների ու քաղգործիչների ակնկալիքները, որոնք մասնակցում են այդ ինստիտուտի աշխատանքին։ «Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի» փորձագետները ևս այն կարծիքին են, որ Իրաքը կարող է դիտվել որպես ամբողջական պետություն, սակայն հնարավոր են համարում ոչ հեռու ապագայում Իրաքի հնարավոր փլուզման այլևայլ տարբերակներ։

Փորձագետները կարծում են, որ Իրաքում գլխավոր անելիքն անվտանգությունն է, և երկրի ամբողջականության պահպանման հարցը որոշակիորեն կախված կլինի անվտանգության հարցից, բայց եթե Իրաքի բաժանումը նպաստի ժողովրդավարության զարգացմանը, արմատականների դեմ պայքարին և նավթային նախագծերի իրականացմանը, ապա գուցե հնարավոր լինի քննության առնել նաև այդ հեռանկարը։

Առայժմ ԱՄՆ-ը և նրա գործընկերները, նախ և առաջ Մեծ Բրիտանիան, ջանում են Իրաքը փրկել փլուզումից։ Բայց ամեն ինչ կփոխվի, երբ կոալիցիայի զորքերը հեռանան Իրաքից։ Որքան շատ են ամերիկացիները խոսում Իրաքի և առհասարակ որևէ պետության տարածքային ամբողջականության մասին, այնքան շատ են կասկածներ հնչում քաղաքական այդ «հնոտու» հանդեպ։

Թուրքիան չի կարող ընդարձակ տարածքով, Սիրիայի հետ սահմանակից և Քիրկուկը վերահսկող քրդական ինքնիշխան պետության ստեղծում թույլ տալ։ Առայժմ ԱՄՆ-ն ընդամենը կասեցնում է Թուրքիայի պահանջները, ձգտելով իր քաղաքականությունն անցկացնել Իրաքում, ուր հաշվի են առնվում նաև Թուրքիայի շահերը։ Բայց միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ավելի լայն բանավեճ սկսվի, երբ հարց դրվի քրդերի անկախությունը «փոխանակելու» Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման, ինչպես նաև Հարավային Կովկասում նրա դիրքերի ուժեղացման հետ։ Ամերիկացիները երկյուղում են, որ քրդական հարցը կդառնա Իրանի ու արաբական պետությունների հետ Թուրքիայի ավելի սերտ համագործակցության գործոն, իսկ Իրաքի քրդաբնակ նահանգները, Իսրայելի նման, կդառնան ԱՄՆ-ի «ռազմավարական հոգածության» առարկա։

Կարելի է վստահորեն պնդել, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան որոշակի առաջարկություններ կամ հանձնարարականներ չունեն քրդական խնդրի առնչությամբ։ Երկու տերություններն էլ հասկանում են, որ, այսպես թե այնպես, Իրաքի հյուսիսում ստեղծվելու է ինքնիշխան քրդական պետություն, բայց խնդիրն այն է, թե երբ դա տեղի կունենա և քաղաքական զարգացման ինչ պայմաններում։ Ամերիկյան փորձագետների խոստովանությամբ` ԱՄՆ-ը բարոյական պատասխանատվություն է կրում քրդերի քաղաքական ճակատագրի ու անվտանգության համար և չէր ցանկանա, որ ուրիշ ժողովուրդներ իր վարքագիծը գնահատեին որպես երախտամոռություն քրդերի հանդեպ և անպատասխանատվություն։ Մեծ Բրիտանիան ավելի շատ է հակված Իրաքում քրդական պետության ստեղծմանը, բայց անզոր է դա իրականացնելու առանց ԱՄՆ-ի, ինչպես նաև չէր ցանկանա, որ Իսրայելն ազդեցություն ունենար Քրդստանում։

ԱՄՆ-ում իսրայելամետ կազմակերպություններն ու խմբերը դարձել են քրդական շահերի հետևողական լոբբիստներ, ինչը նյարդայնացնում է Թուրքիային։ Իսրայելը, առաջ ընկնելով իրադարձություններից, ձգտում է քրդական գործոնն օգտագործել ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի դեմ։ Փորձագետ Վեյն Մերրիի կարծիքով, վաղ թե ուշ քրդական խնդիրն անհրաժեշտ կլինի քննարկել ու որոշում ընդունել, բայց քանի դեռ պատկերացումներ չկան լուծման տարբերակների մասին, ԱՄՆ-ը կարող է անսպասելի ճգնաժամի բախվել` կապված ամբողջ Մերձավոր Արևելքը քրդական խնդրի լուծման մեջ ընդգրկելու հեռանկարի հետ։

Ամենաընթերցվածը