Մոսկվայի չեզոքությունը ազդանշան է Բաքվին

    • Մեկնաբանություն - 10 Օգոստոսի 2011, 14:57

Այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի տապալման դեպքում պատերազմն անխուսափելի կդառնա, խոսում են ոչ միայն վերլուծաբանները, այլեւ քաղաքական գործիչները: Եթե հնարավոր չէ քանդել հանգույցը, այն կտրում են` այս ճշմարտությունը հին է աշխարհի չափ: Թեեւ, միշտ էլ կա այլ տարբերակ` թողնել հանգույցն ինչպես կա, քանի որ հայտնի չէ, թե որ կողմ կթռչեն կտորները, եթե կտրեն:

Որոշ փորձագետներ, ընդ որում` ոչ տարածաշրջանի, արդեն հասցրել են կանխատեսել, որ Ղարաբաղը կարող է դառնալ Երրորդ աշխարհամարտի Սարաեւո: Ճիշտ է, ոչ ոք չի կարող իրապես ասել, թե ինչպես են բաժանվելու խաղաքարտերը, ինչ դաշինքներ կձեւավորվեն եւ ով ու համար կմտնի պատերազմի մեջ: Որովհետեւ իրավիճակը տարածաշրջանում դադարել է պարզ լինելուց, ինչպես մի քանի տարի առաջ` Հայաստանը` ռուսաստանի ֆորպոստ, Ադրբեջանը` արեւմուտքի նավթի տակառ, ԱՄՆ ըւնդհանրապես բացակայում է, Եվրամիությունը չի մտնում կեղտոտ հետնախորշերը, Իրանը թուլացած է, իսկ Թուրքիան հանուն Եվրամիություն մտնելու պատրաստ է լռել: Իրավիճակը փոխվել է 180 աստիճանով. Հայաստանն ավելի ու ավելի է բարեկամանում ԱՄՆ հետ, Արեւմուտքը գտել է նավթային Ադրբեջանին փոխարինողին, ԱՄՆ ամուր տեղավորվել է Վրաստանում, Եվրամիությունն ավելի շատ է զբաղվում տարածաշրջանային գործերով, Իրանը ցուցադրում է կոշտ դիրքորոշում, իսկ Թուրքիան չի թաքցնում էքսպանսիոնիստական հավակնությունները:

Այս ֆոնին, “Երրորդ աշխարհամարտի” հեռանկարը դառնում է գրեթե անկանխատեսելի: Գլխավոր հարցը` ինչպես կդրսեւորի իրեն Ռուսաստանը: Կմտնի՞ նա պատերազմի մեջ, ինչպես Վրաստանի դեպքում, ի՞նչ նպատակներ է ընդհանրապես հետապնդում: Փաստացի, եթե Մոսկվան Բաքվին երաշխիքներ տա, որ չի խառնվելու, պատերազմը կարող է իրականություն դառնալ:

Այս ֆոնին հատկանշական էր Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը, որի մեծ մասը նվիրված է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը եւ հայ-ամերիկյան պաշտպանական կապերին: Ընդ որում, խոսք է գնում պաշտպանության ռազմավարության վերանայման մասին: Միաժամանակ, Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմական բազան պաշտպանական համակարգի մի մասն է, եւ ռուսաստանը պարտավորություն է վերցրել Հայաստանի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ:

Հարցազրույցը կարծես ուղերձ ու զգուշացում լիներ Ռուսաստանին` ՀԱՊԿ շրջանակներում Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի օգոստոսի 12-ին կայանալիք հանդիպման նախօրեին: Նախազգուշացում` չգնալ արկածախնդրության: Ռուսաստանն արդեն ունի հակամարտությանը միջամտելու “անհետեւանք” փորձ (վրաց-օսական), որի ժամանակ մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե ինչպես կպատասխանի Արեւմուտքը: Այն ժամանակ նույնպես գուշակում էին Երրորդ աշխարհամարտ, եւ Արեւմուտքի չմիջամտելու փորձը կարող է “գայթակղել” Ռուսաստանին` դիմելու եւս մեկ արկածախնդրության:

Հասկանո՞ւմ է արդյոք Մոսկվան, որ նույն գետը երկրորդ անգամ չեն մտնում: Դա պարզ կդառնա ՀԱՊԿ վեհաժողովի ժամանակ, որտեղ կամ պետք է հնչի Ռուսաստանի հստակ հայտարարությունը, որ պատերազմի ժամանակ կռվելու է Հայաստանի կողմից, կամ չեզոքություն, որը Ադրբեջանը կարող է ընդունել որպես գործողությունների ազդանշան:

Ամենաընթերցվածը