Ինչ կտա կաթողիկոսի իմպիչմենտը

    • Մեկնաբանություն - 21 Հուլիսի 2011, 10:55
Սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսի իմպիչմենտի հարցը: Ընդ որում, քննարկվում է մի քանի կողմերից: Ոմանք ասում են, թե հայերն անշնորհակալ են եւ չեն տեսնում լավը: Օրինակ, որ Գարեգին կաթողիկոսի Վրաստան կատարած այցից հետո լուծվեց Հայ եկեղեցու իրավական կարգավիճակի հարցը: Ոմանք ասում են, որ չարժե հրապարակային խոսել սեփական եկեղեցու եւ նրա ղեկավարի մասին, առավել եւս, որ մենք ունենք իսկապես հավատացյալ հոգեւորականներ: Ոմանք էլ խնդիրը դիտարկում են իրավական հարթության մեջ, ասելով, որ քաղաքացիները չեն կարող պահանջել կաթողիկոսի հրաժարականը, քանի որ դա քաղաքացիական պաշտոն չէ: Հնչեց նաեւ Չենք լռելու նախաձեռնության տարօրինակ կոչը, ըստ որի` պետք չէ պահանջել կաթողիկոսի հրաժարականը, քանի որ դա կարող է դուր գալ մեր թշնամուն: Ոմանք էլ կարծում են, որ կաթողիկոսի դեմ շարժումը դարձել է հասարակությանը միավորող թեմա եւ կարող է երկրում սկիզբ դնել համակարգային բարեփոխումների:
 
Կաթողիկոսի հրաժարականի պահանջը դարձել է Հայ Առաքեկլական եկեղեցու հետ կապված պատմությունների մի օղակը: Առաջին “ծիծեռնակը” թերեւս Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու մտադրության շուրջ պատմությունն էր: Այն ժամանակ քաղաքացիական շարժումը, որ միավորում էր ամենատարբեր մարդկանց, կարողացավ կանխել ամառային դահլիճի ապամոնտաժումը: Եւ այդ ժամանակ ակնհայտ դարձավ, որ եկեղեցու թեմայի տաբուն հանված է, եւ որ եկեղեցու, նրա “աշխարհիկ” մտադրությունների քննադատությունն ամենեւին էլ մեղք ու սրբապղծություն չեն: Եկեղեցին կորցրեց անձեռնմխելիությունը եւ սկսեց դիտարկվել որպես ազգային բազմաթիվ հաստատություններից մեկը:
 
Եկեղեցու հանդեպ նման վերաբերմունքն արմատացավ Նավասարդ արքեպիսկոպոսի Բենտլիի պատմությունից եւ այն տեսանյութից հետո, որում կաթողիկոսը խոսում էր “գողական” լեզվով: Ամեն անգամ Էջմիածինը ստիպված էր պատասխանել, սակայն դա հասարակության մեջ միայն ամրապնդում էր համոզմունքը, որ եկեղեցուն կարելի է ազատ քննադատել, ինչպես մյուս հաստատությունները: Իսկ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում կան քաղկեդոնական եկեղեցիներ, եւ դրանց հավակնում է վրաց եկեղեցին, ավարտվեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու չհայտարարված մենաշնորհը` որպես ազգային միակ կրոնական ինստիտուտ:
 
Իսկ այն բանից հետո, երբ վրացական կառավարությունը, հակառակ վրաց ուղղափառ եկեղեցու կարծիքի, որոշեց իրավական կարգավիճակ տալ այլ եկեղեցիների, Հայաստանում սկսեցին ողջ դաշտը զբաղեցրած Առաքելական եկեղեցուն “տեղաշարժել” դեպի իր նիշան:
 
Ակնհայտ է, որ այլ եկեղեցիներն էլ կարող են հայերի համար ոչ պակաս նշանակություն ունենալ, քան Առաքելականը: Առաքելական եկեղեցին ունի նույն իրավունքներն ու արտոնությունները, ինչպես մյուսները, եւ այլ եկեղեցու հետեւորդ լինելը չի նշանակում հրաժարում հայկական ծագումից կամ հասարակության պառակտում:
 
Ներկայում սոցիալական ցանցերում վիճում են, թե կարելի է արդյոք բարեփոխել եկեղեցին, չփոխելով հասարակական-քաղաքական ներկայիս համակարգը, որում Առաքելական եկեղեցին կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն է: Եւ կամ, արդյոք Եկեղեցու ռեֆորմացիան կարող է դառնալ ընդհանուր բարեփոխումների սկիզբ: Եւ ի՞նչ կփոխի կաթողիկոսի հրաժարականը, եթե ներկայիս համակարգը պահպանվի:

Ամենաընթերցվածը